Home / Բանակ / Բախում սահմանին․ ղարաբաղյան կողմը հայտնում է գերեվարված զինվորի մասին

Բախում սահմանին․ ղարաբաղյան կողմը հայտնում է գերեվարված զինվորի մասին

Փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական կողմը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին», ֊ նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ղարաբաղյան կողմը հայտնում է նաև մեկ վիրավոր ադրբեջանցի զինծառայողի մասին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածած հաղորդագրության մեջ հաստատել է ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու փաստը։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ հայկական զորամիավորումները «փետրվարի 1-ին խախտել են հրադադարի ռեժիմը և թշնամու սադրանքը կասեցնելու ընթացքում» հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռաուֆ Իսաևը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հաղորդագրության մեջ չի խոսվում գերեվարված զինվորի մասին։