Home / Բանակ / Էրդողան․ Մենք կարող ենք բոլորովին այլ իրավիճակ ստեղծել

Էրդողան․ Մենք կարող ենք բոլորովին այլ իրավիճակ ստեղծել

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Թուրքիայի նախագահի հայտարարությունը, թե Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է տարածաշրջանի մյուս երկրների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանելու ջանքերի ընդլայնման հնարավորությունը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում այսօր հայտարարել է, թե երեկ Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է ԼՂ-ում զինադադարի պահպանման հարցը։

«Մենք համատեղ դա կարող ենք երաշխավորել, բայց նաև հնարավորություն ունենք բարելավել այդ գործընթացը։ Եթե ներգրավենք նաև տարածաշրջանային չորրորդ կամ հինգերորդ երկիրը, կարող ենք բոլորովին այլ իրավիճակ ստեղծել», – ասել է Էրդողանը՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ որ «չորրորդ կամ հինգերորդ» երկրի կամ կոնկրետ ուր ներգավելու մասին է խոսքը։

Կրեմլի խոսնակը Թուրքիայի նախագահի այս խոսքերը նախընտրել է թողնել առանց մեկնաբանության․ «Բացի երեկ երեկոյան մեր ասածից և դրանից դուրս, ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակը հաստատել է միայն, որ երեկվա հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման ընթացքը․ ուշադրության կենտրոնում էին նաև «համատեղ մոնիթորինգային կենտրոնի շրջանակներում միասնական աշխատանքի ձևաչափերը»:

Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը կայացել է նոյեմբերի 24-ին՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություններ են տարածել թե՛ պաշտոնական Մոսկվան, թե՛ Անկարան։ Հաղորդագրությունների շեշտադրումները, ճիշտ է, միանգամայն տարբեր են։

Ներկայացնելով զրույցի մանրամասները՝ Կրեմլը, նախ, խոսել է ռուս խաղաղապահների գործունեության մասին, ապա՝ «ընդգծվել փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, մշակութային ու կրոնական կոթողների պահպանման» անհրաժեշտությունը։

Վերջին տողով հպանցիկ հիշատակվել են «հրադադարն ու ռազմական բոլոր գործողությունները վերահսկող կենտրոնի ստեղծման ուղղությամբ շարունակվող աշխատանքները»։

Պաշտանական Անկարան, հակառակը, շեշտը դրել է հե՛նց համատեղ մոնիթորինգային կենտրոնի վրա՝ ընդգծելով, որ թուրքական կողմում ակնկալում են օր առաջ խոսքից անցնել գործի։ «Նախագահ Էրդողանը նշել է՝ սպասում են, որ Ռուսաստանի հետ ստեղծվելիք հրադադարի վերահսկման համատեղ դիտորդական կենտրոնը ամենակարճ ժամանակում կսկսի իր աշխատանքները»։

Թուրքիայի նախագահը ռուս գործընկերոջ հետ երեկվա հեռախոսազրույցում ընդգծել է՝ չպետք է թույլ տալ, որ Հայաստանը խուսափի եռակողմ համաձայնությամբ ստանձնած պարտավորություններից։

Էրդողանի հետ հեռախոսազրույցից առաջ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Ռուսական կողմը ընդգծել էր հատկապես «տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման» կարևորությունը։ Ապաշրջափակման մասին նույն օրը խոսել էր նաև Ռուսաստանի արտգործնախարարը․ «[Ապաշրջափակումը] մեծ հեռանկարների հնարավորություն է ստեղծում ․․․նաև մի շարք ռազմավարական նախագծերի տեսանկյունից, ներառյալ՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք միջազգային միջանցքները, որոնց կարող են մասնակցել և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը, և՛ ՌԴ-ն», – ասել էր Սերգեյ Լավրովը։

Ադրբեջանի նախագահական նստավայրը հաստատել էր՝ «Ալիև-Պուտին զրույցի ընթացքում քննարկվել են տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությանը և հաղորդակցության միջոցները բացելուն վերաբերող հարցերը»։ Հայաստանի վարչապետի գրասենյակը Պուտին-Փաշինյան զրույցի մասին հաղորդագրություն առհասարակ չէր տարածել։

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ստեղծմանը՝ հուշագիրը երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են դեռ երկու շաբաթ առաջ։ Մինչև օրս, սակայն, կողմերին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ և հստակեցնել՝ ինչպես է կազմակերպվելու կենտրոնի աշխատանքն և ով ինչ լիազորություններ է ունենալու։

Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնում աշխատելու համար թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին հրամանագիրը Թուրքիայի խորհրդարան է ներկյացվել նոյեմբերի 16-ին (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Նոյեմբերի 17-ին հրամանագիրը հաստատվել է։ Ավելի ուշ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ թուրք զինվորականները Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի հետ համատեղ ստեղծած մշտադիտարկման կենտրոնում կգործեն մեկ տարի։ Քանի հոգուց է բաղկացած լինելու զորախումբը՝ չի նշվում։ Հայտնի է, որ թուրք զինվորականների մի մասը արդեն տեղափոխվել է Ադրբեջան։ Ռուսական կողմի հավաստիացմամբ` ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը հեռավար է հետևելու Ղարաբաղում տիրող իրավիճակին։ ԼՂ տարածքում թուրք զինվորականներ չեն լինի։