Այս զրույցը շարքի մի մաս է և փորձ՝ մեզ հանդիպած մարդկանց հետ խոսակցությունները կամ նրանց և մեր պատմությունները հանրային դարձնելու՝ առանձնացնելով դրանցից հատվածներ, որոնք սովորաբար դուրս չեն գալիս խոհանոցային կամ սրճարանային տարածքներից։
իլյուստրացիա՝ լուսինե թալալյանի
Զրույց տասնըմեկերորդ
Սիլվա
Դիմել եմ՝ ավանդս ստանամ։ 39 թիվ են հիմա տալիս։ Իսկ ես երեխա չունեմ, կարող ա մյուս տարի մահանում եմ․ էդ 8 800 ռուբլին չկորի։
Սերժի ժամանակ գիտե՞ս՝ ինչ արեցին։ Ասին՝ ով ունի փող, տատիկ-պապիկները, դրանց հասնում ա, իսկ իրանց ժառանգներին Սերժը արգելեց, չտվեց։ Ու էդ փողը գնաց իրանց գրպանը։
Դրա համար եմ ես հիմա դիմել վարչապետին։ Սոցապ նախարարին էի դիմել, ասեց՝ հիմա չենք տա, 39 թիվ են տալիս, ես 43 թիվ եմ։ Ասի՝ դե, հիմա կարող ա մյուս տարի չլինեմ, ինչի՞ կորի։
Կյանքում որևէ մեկից փող չեմ վերցրել, կաշառք-մաշառք ուսանողներից՝ Պոլիտեխնիկի էլեկտրոնիկայի ֆակուլտետի․․․ Իսկ կոլեկտիվի հետ հիմա էլ եմ կապված․ էն տարի վիրուս էր, չեմ գնացել, բայց միշտ մարտի 8-ին ամբիոնով մի տեղ գնում ենք։
Հիմա երեք հոգի են մնացել 44 դասախոսից։ Հերթով մահանում են՝ դասախոսներ, լաբորանտներ, քարտուղարուհի․․․
Ընկերուհիներիցս մեկը ինսուլտ ա տարել՝ մեր դասախոսներից․ էս ձեռքը չի աշխատում։ Մեկ-մեկ գնում եմ իրանց տունը ավլում, մյուս ընկերուհիս տոլմա ա փաթաթում։ Ինքը չի կարա։ Մեր ամբիոնում բոլորը իրար օգնում են։
Մինչև 2011 թիվը աշխատել եմ։ Թոշակս 57 հազար ա։ Քիչ ա։ Դրա համար ուզում եմ չկորի ավանդս։
Ես ուրիշներին օգնում եմ․ դիմացի հարևանս երկու երեխա ունի՝ ինձ խնդրեց նպաստի համար։ Նպաստի մարդը ծանոթ ա էլի, շատ մաքուր մարդ ա։ Իրա մոտ գնացի, ասի՝ հարևանս պետք ա փողը ստանա։
Ծանոթիս ասեցի՝ օգնեց։ Ամուսինս իրանց հիմնարկից պատրաստի թղթեր էր բերել ժամանակին, թերթի մեջ դրեցի, ասի՝ շնորհակալություն հայտնեմ։ Սենց դրեցի, ասեցի՝ էս քեզ։ Իրան թվաց՝ բամբաներկա ա։ Իրա աշխատողն էլ կողքն էր։ Սենց նայեց, ասեց՝ Սիլվա, էս ի՞նչ ա։ Ասի՝ բաց արա, նայի։ Բացեց, տեսավ՝ թուղթ ա։ Դե, իրանք քսերոքս են անում, չէ՞։ Նվեր եմ տվել, հասկանո՞ւմ ես։ Ասում ա՝ քեզ նման կնիկ չեմ տեսել։
Անեկդոտներ շատ ա սիրում, ես էլ Լեննականի «Ասպարեզ» թերթն էի առնում՝ մի էջը անեկդոտներ էին։ Դրանք բոլորը քսերոքս էի անում, տանում իրան։
***
Ես ընդհանրապես չեմ հարցնում՝ ով քանի՞ տարեկան ա, ինչքա՞ն փող ա ստանում․․․ մանավանդ Ամերիկայում չի կարելի հարցնել՝ ինչքա՞ն ես ստանում։
***
Էն օրը էլի դուրս էկան՝ Ռուսաստանի դրոշներով․ դրանց փող են տալիս, իրանք ակնոց են դնում, գլուխը կապում, գալիս են, որ չճանաչեն։ Իմ ընկերուհին ունի տենց ծանոթներ։ Զանգեց, հարցրեց՝ ինչի՞ ես գնացել, «դե, փող են տվել», – ասեց։
Բայց Նիկոլին պաշտում են իրանք։ Է՛ բա խի՞ ես գնացել։ Այ էդի դավաճանություն ա, չէ՞։ Ստորոթյուն ա դա, չի՛ կարելի տենց բաներ, տգեղ ա։
Էս պատերազմը, որ հիմա գնում ա․․․ գիշերը ես չեմ կարողանում քնեմ․ անընդհատ մտածում եմ՝ կարո՞ղ ա Հայաստանն էլ միանա։ Դե, Աջարիան վերցրել ա, Աբխազիան վերցրել ա, Ղրիմը վերցրել ա․․․ Հիտլեր ա։ Մերոնք չեզոք են․․․ լարված ա, չի՛ կարելի։
Էդի Ռոբերտ Քոչարյանն ա փող տալիս։ Իմ մտքով անցնում ա, որ ինքը Ալիևին զանգում ա դաժե։ Ես տենց եմ մտածում արդեն։
Եղբայրս զանգում, ասում ա՝ ուզում ա գա։ Ասի՝ չգա՛ս։ Հլը Ղարաբաղում կռիվը չի վերջացել, ստեղ մարդիկ միտինգներ են անում․․․
Քոչարյանը մեր մոտ էր ավարտել։ Իրա դասախոսը դեկտեմբերին մահացավ, ասում էինք՝ դրան պետք ա 2 դնեիր։
Այ վաղը պիտի նամակ գրեմ, բերեմ, որ արգելեն միտինգները։ Ուղղակի հավաք շատ չլինի, որ չգնան նորից Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Այ դրանից եմ վախենում։ Թե չէ երկու հոգի, բան, թող կանգնեն։ Բայց շատերին են, է՛, փող տալիս։
Պատերազմից հետո Վազգեն Մանուկյանը որ կանգնել էր Ազգային ժողովի մոտ, 7 հատ վրան էին դրել․ իջել, նայել եմ։ Ասեցի՝ ամոթ ձեզ, Նիկոլն ա ընտրվել, ո՞ւր եք ստեղ կանգնել։ Սաղ հարձակվում էին վրաս։
Մենք շատ ուժեղ նիկոլական էինք։ Բայց հիմա ես մի քիչ թուլացա, որովհետև ինքը թույլ եղավ, օրինակ, էս Հովիկ Աբրահամյանի տան հարցով, բան․․․ չե՞ս կարող Արթուր Դավթյանին խելքի բերես։
Ախր ներքևից վերև չեն աշխատում։
Օրինակ, մեր Վաղարշյան փողոցում ասֆալտը լրիվ քանդված էր, էդտեղ էլ դիսպետչերանոց ա։ Ամեն անգամ քարերը ես եմ ինքս հավաքում։ Բերում են, կոֆեն խմում, բաժակները թափում․․․ Այ մարդ, մի քայլ ա ստեղից, ընդեղ ա արկղը․․․
Մի երկու տարի առաջ էդ փողոցը ասֆալտապատեցին, կողքերը թողեցին՝ չարին, որովհետև ասֆալտը լավն էր։ Բայց փողը վերցրել եք, չէ՞, էդ կողքինների։ Հետո հավաքել են էդ քանդված ասֆալտը, դրել զիբիլի արկղի կողքը։ Բայց դա պիտի հավաքեն հաջորդ օրը, չէ՞։
Ամերիկայում սենց կարմիր բան են դնում, որ էդտեղով ոչ մի մեքենա չանցնի ու գիշերը 12-ից մինչև առավոտվա 6-ն են աշխատում․ էդ ժամին մեքենաներ շատ չկան։
Այ թող ստեղ էլ սովորացնեն․ եթե լավ չես աշխատում, մի օր ուշացար, երկու օր, երեք, աշխատանքային գրքույքի մեջ գրվում ա, որ ուրիշ տեղ չես կարող ընդունվել աշխատանքի։ Ու վերահսկողության կոմիտե լինի․ ասֆալտը արեցին՝ հաջորդ օրը թող ստուգեն։
Հիմա մի մասսա կա, ես ասեմ քեզ, մեծերը՝ 65-ից հետո, բոլորը գնում են Հ1։ «Երգ երգոցում» նստում են, իրանց 1000 դրամ են տալիս։ Կամ գնում են Պետրոս Ղազարյանի մոտ․․․ էդ հետևը նստում են, չէ՞, որ ծափ են տալիս մեկ-մեկ։ Էլի 1000 դրամ։
Էդ կանանցից մեկը իմ ընկերուհին ա․ էդքանի մեջ էկրանով իրան են ցույց տալիս։ 100 դրամ տալիս, գնում ա տելեստուդիա, 100 դրամ տալիս, գալիս ա, իրան մնում ա 800 դրամ, չէ՞։ Ասում եմ՝ մի գնա, էդ փողը ես կտամ։
Ինքը զզվող ա․ տանը կուտի, նոր կգնա։ Ասում ա՝ Սիլվա, տենաս՝ էդ պառավները ոնց են վազում բուֆետ։ Հա ուտում են, հա ուտում են, պատկերացնո՞ւմ ես։
Շատ տխուր ա։ Մեկի հարսը չի նայում, մեկի քույրը իրան չի նայում, մեկը մենակ ա ապրում․․․
Ընկերուհիս ասեց՝ երկու աղջիկ կան, իրանց մաման ինչ-որ խալտուրա, բան ա արել, բանտում ա։ Երկուսն էլ չեն աշխատում, 60 թիվ են։ Գնում են տելեստուդիա, գալիս են։ Շաբաթը երեք օր գնում են՝ օրը 2000։ Այ մարդ, գնացեք աշխատեք։
Էն օրը Բիլայնի օֆիս եմ մտել՝ հարց ունեի պարզելու։ Ուրեմն, 4 աշխատողներից երկուսը կան, էն երկուսը չկան։ Ես նստել, սպասում եմ՝ երբ պիտի գան։ Էս մի աղջիկը եկավ, մտավ ներս, շորերը փոխեց․․․ սև գույնի են հիմա հագնում։ Հարցրեցի՝ էս ինչի՞ եք սև հագնում, սգո սենյա՞կ ա էսի։
Աղջիկը էկավ, ես մոտեցա, ասեցի՝ չի կարելի 11։30 գալ, բալիկ ջան, 9-ին ա։ Մեր մոտ 9-ին ա, չէ՞, դասը, ես 8։40 պետք ա լինեի ինստիտուտում, որ սեղանը մաքրեի, դարակը նայեի․․․
Հարևանի տղան բանկում ա աշխատում։ Առավոտ 10-ին ա գնում․․․ Ուրեմն երեկ 12։30 արդեն եկել էր տուն։ 1-ից 2-ն ա իրանց ընդմիջումը․ 5 պակաս նոր գնաց։
Ես 44 տարի աշխատել եմ՝ մի օր եմ ուշացել՝ ահավոր շատ ձյուն էր եկել, տրանսպորտ էլ չկար։
Մի անգամ էլ բյուլետեն եմ ընկել՝ կույրաղիքի օպերացիայի պատճառով։ Բժիշկը ուզում էր նարկոզ աներ, ես էլ վախենում եմ նարկոզից։ Ասեցի՝ չէ, տեղական թմրեցում արեք։
Անում ա օպերացիան, բայց ասում ա՝ փախել ա, է՛, կույրաղիքը փախել ա ստամոքսի տակ։
Ինձ խոսացնում ա․
– Ամուսնացա՞ծ ես։
– Չէ։
– Ինչքա՞ն ես։
– Դե, – ասի, – 36։
Ասում ա՝ ուշացնում ես․ էս էլ ես ուշացրել, էն էլ ես ուշացնում։
***
Դու է՞լ ես մի էդքան։ Լավ տղաներ կան, լսի, վախենում են․․․ Օրինակ, քեզ կարելի ա ծանոթացնել Արմանի հետ։ Ինքը 43 ա, հարմար ա էլի։ Հլը էսօր կասեմ Արմանին։
Հա՛, ընկեր ունես․․․ լավ։
Ես էլ եմ ուշ ամուսնացել՝ 38, բայց երեխա չեմ ունեցել։
Ամուսնացի։ Եթե տուն ունի, ամուսնացի։ Էդի կարևոր ա։
Ես լվանա՞մ բաժակները։ Սենց մի հատ շոր փռի՝ չորանան։ Ես տենց եմ անում։
Մի բան հագի՝ չմրսես։ Շալվարդ էլ բարձրացրու, որ էս մասդ ծածկի։ Ուշադիր եղիր։
․․․ Ամուսինս Արաբկիրի ճարտարապետի հետ կապ ուներ։ Երևան-Սևան մայրուղու վրա՝ Ավանով որ մտնում ես, գրված ա, չէ՞, Երևան, հուշակոթող․․․ մակետը ամուսինս ա սարքել։ Այնթափ հուշակոթող կա (այնթափցի ենք էլի), էդ հուշակոթողի մակետը ամուսինս ա արել։ Գարեգին Առաջինի ժամանակ Սուրբ Հարություն եկեղեցի պետք ա կառուցեին, մակետը ամուսինս ա սարքել․․․ Ազատության պողոտան վերջանում ա, մտնում ա Բաբայան՝ բենզոկոլոնկա կա, դրա հետևը պիտի լիներ, բայց Գարեգին Առաջինը շուտ մահացավ ու Գարեգին Երկրորդը բերեց, Կոմիտասում արեց։
Ամուսինս մակետը իրա հիմնարկում էր սարքել, գծագրերով, բանով թողել էդտեղ, ինքն էլ գնացել հիվանդանոց՝ գեմառոյ էր, ինչ էր․․․
Ինչ-որ ացետոնով գործ էին արել առաջին հարկում, բոց էր տվել, սկսել վառվել։ Զանգել են հրշեջներին, եկել, հանգցրել են։ Ինձ էլ զանգեցին։ Ասեցի՝ հանկարծ չասեք իրան․ ինքը շատ նուրբ ա բնավորությամբ՝ միանգամից ինֆարկտ կստանա, մի բան կլինի։ Հետո գնացել, նայել էինք՝ եկեղեցուն ու իրա գծագրերին ոչինչ չէր եղել։
Հետաքրքիր ա, չէ՞։ Հիմա էդ եկեղեցու մակետը Արաբկիրի թաղապետարանում ա։
Այ էսքան փոքր ավտոներ էր սարքում։
8 հատ մատ ուներ՝ երկուսը սենց էին․ վառվել էին փոքր ժամանակ։
***
– Իսկ ո՞ նց էիք ծանոթացել։
– Արխիվի ընկերուհիս ասել էր՝ արի գնանք, մի հատ մարդ կա, քեզ հետ ծանոթացնենք։ Ինքը արդեն ամուսնացել էր՝ կինը մահացած էր էլի։
Ասեց՝ գնանք, էդ վարպետի հետ շատ մոտ ենք, շատ լավն ա, շատ բարի ա։ Բուլղարիայից էր եկել։ Ես էլ հենց այնպես՝ կատակասեր, բան, ասի՝ Ալիսա ջան, գնանք թութ ուտելու։ Այգի ուներ։
Ծանոթացանք, հետո ասի՝ ես չեմ ուզում քեզ հետ ամուսնանամ։ Ընդհանրապես չէի ուզում․․․ Մերոնք էլ ուզում էին Ամերիկա գնալ։
Ես 83-ին եմ ամուսնացել, եղբայրս 88-ին էր գնացել։
Ընկերուհիս ծնունդին էր հրավիրել։ Գնացինք ցերեկով, մի երկու ժամ նստեցինք․․․ բա՝ լավ մարդ ա, բարի ա, քեզ շատ ա հավանել։ Ես էլ խոխմեք էի անում, բան․․․
Ես լավ էի հագնվում, որովհետև Բեյրութի բարեկամներս՝ կոշիկից բռնած, ամեն ինչ ուղարկում էին․․․
Որոշել էի ամենաքրջոտ շորը հագնեմ, որ չհավանի։
Մինչև էդ մերս գնացել, հարևաններին հարցրել էր։ Ասում էին, որ շատ բարի մարդ ա, ու իրոք՝ շատ բարի էր։ Ինձանից բավական մեծ էր։
Լավ տալ ունեի՝ չտեսնված։ Ինքն էլ ա մահացել։
պատրաստեցին ալլա մանվելյանն ու լուսինե թալալյանը
Առաջին զրույցն՝ այստեղ
Երկրորդ զրույցն՝ այստեղ
Երրորդ զրույցն՝ այստեղ
Չորրոդ պատմությունն՝ այստեղ
Հինգերորդ զրույցն՝ այստեղ
Վեցերորդ զրույցն՝ այստեղ
Յոթերորդ զրույցն՝ այստեղ
Ութերորդ զրույցն՝ այստեղ
Իններորդ զրույցն՝ այստեղ
Տասներորդ զրույցն՝ այստեղ