Home / Ազգային ժողով / Թագուհի Թովմասյանը իդիոտկա չի, կներեք. դատավճիռ

Թագուհի Թովմասյանը իդիոտկա չի, կներեք. դատավճիռ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 2-ի վճռով պարտավորեցրել է Լենա Նազարյանին ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանից՝ վերջինիս «իդիոտկա» անվանելու համար։

Ըստ դատավճռի՝ ԱԺ նախկին փոխնախագահը  ներողություն պետք է խնդրի Հայաստանում գործող առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում՝ հրապարակելով  հետևյալ տեքստը․

«Ես՝ Լենա Ռաֆայելի Նազարյանս, 03․06․2021թ․ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում իմ կողմից Թագուհի Մանվելի Թովմասյանի հասցեին հնչեցված «իդիոտկա» վիրավորական արտահայտության համար ներողություն եմ խնդրում Թագուհի Մանվելի Թովմասյանից»։

Դատական նիստի ժամանակ Լենա Նազարյանի ներկայացուցիչը հայտնել է, որ «իդիոտ» բառը հունարեն նշանակում է «մեկուսացված մարդ» և խնդրել է պատգամավորի հայցը մերժել, քանի որ այն վիրավորանք չի պարունակում:

Սակայն, դատարանը գտել է, որ «իդիոտկա» արտահայտությունը, հասարակության անդամների գնահատմամբ, դիտարկվում է որպես հանրության շրջանում պատգամավոր Թովմասյանի արժանիքները ակնհայտորեն նսեմացնող, քանի որ հայցվորին ենթարկում է ծաղրուծանակի՝ «հիմար մարդ» իմաստով։

Նյութական փոխհատուցման մասին Թովմասյանի պահանջը դատարանը մերժել է, քանի որ «պատգամավորը չի ներկայացրել որևէ հիմնավորում այն մասին, որ իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի վերականգնումը միայն ոչ նյութական փոխհատուցում նշանակելու միջոցով հնարավոր չէ»։

Հիշեցնենք՝ ԱԺ 2021 թվականի հունիսի 3-ի նիստին, որի ընթացքում քննարկվում էր Թմրամիջոցների և հոգեմետ, հոգեներգործուն նյութերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, Թագուհի Թովմասյանն անդրադարձել էր Աբովյանի բժշկական կենտրոնի դիահերձարանում զինվորների աճյունների հայտնաբերման դեպքին և, ի թիվս այլի, ասել․ «․․․Այնպես ենք վարվում, որ  կենդանի մարդիկ այլևս չմտածեն, որ մեր երկրի համար արժե մահանալ։ Սա շատ վատ մեսիջ է, որ պետությունը կարող էր տալ․․․»։ Ելույթից հետո ԱԺ այդ ժամանակվա փոխխոսնակ Լենա Նազարյանը ցածրաձայն ասել էր «իդիոտկա», սակայն արտահայտությունը լսվել էր միացված բարձրախոսի պատճառով։ 

Թովմասյանն այնուհետև պահանջել էր ներողություն խնդրել, իսկ Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հենց Թագուհի Թովմասյանը պետք է ներողություն խնդրի «Իմ Քայլը» խմբակցությունում ոչ թե թիմի անդամ, այլ «իր թերթի թղթակից» լինելու, ինչպես նաև պատերազմի ամբողջ ընթացքում ԻՔ-ի մաս լինելու, ապա՝ դուրս գալու և ամբողջ պատասխանատվությունն իշխող ուժի վրա գցելու համար։