Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի դայակին և բուժքրոջը մեղադրանք է առաջադրվել՝ հաստատության երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն:
Ըստ Քննչական կոմիտեի, դայակը և բուժքույրը՝ օգտվելով այն հանգամանքից, որ երեխաներն հիվանդության, տարիքի, ֆիզիկապես թույլ լինելու և հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված չեն կարող պաշտպանել իրենց, «հանցավոր վարքագիծ են դրսևորել «Ռուբինշտեյնի-Թեյբիի համախտանիշ» և «Դաունի համախտանիշ» ունեցող երեխաների նկատմամբ»։
Մասնավորապես, խմբի երեխաների ներկայությամբ ձեռքերով և ոտքով հարվածել են նրանց, հրել, զգեստի ետնամասից բռնած մի քանի անգամ թափահարել, քաշքշել, կոպիտ կերպով գցել են մանեժի մեջ՝ սահմանափակելով նրանց տեղաշարժը։
Հաղորդումը ներկայացրել է ՊՈԱԿ-ի տնօրենը։ Դայակի և բուժքրոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց տնային կալանքն ու բացակայելու արգելքն են ընտրվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին նույն ՊՈԱԿ-ում երկու տարեկան երեխա էր մահացել։
Սոցապ նախարարությունից հայտնել էին, որ երեխան խնամքի հաստատություն է տեղափոխվել անմիջապես ծննդատնից՝ բնածին առողջական ծանր խնդիրներով։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը epress.am-ի հետ զրույցում նշեց, որ երկու դեպքերը միմյանց հետ կապված չեն։
«Մահվան դեպքի մասով քրեական վարույթ կա, նախաքննություն է ընթանում, դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ մահվան պատճառներն ի հայտ բերելու համար», – ասել է Աբրահամյանը։