2026 թ. հուլիս 10, ուրբաթ

Մնգոներում կամերաներ են դնելու, բայց ո՛չ ծնողների համար

Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն։ Երեխաներին հետևելու հնարավորություն կունենան միայն պատասխանատուները, ծնողներին ամենօրյա ռեժիմով վիդեոները դիտել չեն թողնի: Երևանի քաղաքապետարան վստահ է՝ սա արվում է «առաջին հերթին երեխաների պաշտպանության համար», նախագիծն իրականացվում է «մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով»։ «Ցավոք սրտի, վերջին իրադարձություններն ապացուցում են, որ դրա անհրաժեշտությունը կա: Առաջին խմբաքանակով 50 մանկապարտեզում դրանք կտեղադրվեն՝ հետագայում նպատակ ունենալով բոլոր՝ 162 մանկապարտեզներում ունենալ: Գնման գործընթացը կմեկնարկի բացառիորեն առաջիկա օրերին», - նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը: 50 նախակրթարանում շուրջ 2000 տեսախցիկ է տեղադրելու: Առաջնահերթորեն ընտրվել են արդեն վերանորոգված մանկապարտեզները: Երեխաների առօրյան առցանց հասանելի կլինի միայն պատասխանատուներին: Ծնողները ամենօրյա ռեժիմով դրանք դիտելու հնարավորություն չեն ունենա: «Տեսահսկումը տեղի կունենա, այսպես ասած, կենտրոնացված եղանակով: Դիտելու հնարավորություն ունենալու ենք մենք, նաև՝ մանկապարտեզի տնօրենը, քանի որ առաջնային վերահսկողական օղակը, բնականաբար, տվյալ կազմակերպության ղեկավարն է՝ ապահովելով, հասկանալի է, անձնական տվյալների գաղտնիությունը», - ասել է Խաչատրյանը: Տեսախցիկների ձայնագրությունները միանգամից չեն ջնջվելու, «որոշակի ժամկետով» պահպանվելու են՝ վիճարկելի դեպքերում դրանք դիտելու և իրավիճակը պարզաբանելու նկատառումով: «Տեսախցիկները կամ վերահսկողական որևէ գործիք չի կարող խանգարել մանկավարժի գործունեությունը:  Հույս ունենք, որ դա կծառայի նաև դրական փորձը մեր մանապարտեզներում ուսումնասիրելու գործին, բայց, իհարկե, նաև արագորեն արձագանքելու հնարավորություն է անցանկալի երևույթներին»: Տեսահսկման համակարգը, ըստ վարչության պետի, կսկսի աշխատել արդեն նոր ուսումնական տարում, նախատեսվում է այն գործարկել հոկտեմբերին: Ինչպե՞ս է ապահովվելու արխիվացված տեսանյութերի անվտանգությունը, ի՞նչ է արվելու արտահոսքերը բացառելու համար, որքա՞ն գումար է ծախսվելու՝ վերհսկողության նոր համակարգը նաև մնգոներ ներմուծելու նպատակով, արդյո՞ք ծնողների շրջանում հարցումներ արվել են՝ քաղաքապետարանը չի ասում։

տե՛ս Ոստիկանները կհետևեն մեզ հազարավոր տեսախցիկներով

*** Օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում դայակը ծեծում մանկահասակ երեխային։ Հուլիսի 26-ին մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը ձերբակալվել էր, հուլիսի 29-ին՝ ազատ է արձակվել։ 2020-ին ծնողները ձայնագրություն էին հրապարակել, որում լսվում էր, թե ինչպես է մասնավոր «Մեր բակ» մանկապարտեզի դայակը երեխաներին սպառնում չքնելու դեպքում պահել մութ սենյակում, դանակով վիզը կտրել, սատկացնել, ինչպես է հրաժարվում խմելու ջուր տալ և ծեծում սաներից մի քանիսին: Երևանի թիվ 92 համայնքային մանկապարտեզում էլ երեխաներին, «դաստիարակչական նպատակներից» ելնելով, կապել էին աթոռներից։ Կարելի է ենթադրել, որ երեխաներն ավելի հաճախ բռնության են ենթարկվում առանց ձայնագրությունների և հանրայնացման։ Ընդ որում՝ ոչ միայն մանկապարտեզներում, այլև, օրինակ, ընտանիքներում։ Եթե մամուլի ուշադրությունը գրաված այս երկու գործով մեղավորները գոնե հայնատաբերվել, բերման և հանրային պախարակման էին ենթարկվել, «Զատիկ» կիսափակ խնամքի կենտրոնի դեպքում բացարձակապես ոչինչ չի արվել։ Դիտորդներն ու ՄԻՊ-ը այնտեղ ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնության բազմաթիվ դեպքեր էին արձանագրել, հաղորդումները հրապարակվել էին և փոխանցվել նախարարությանը։ Որևէ քննություն առ այսօր չի արվել, փոխարենը նախարարությունը լուծարել է բռնությունները արձանագրած դիտորդական խումբը։ Ի դեպ, ոստիկանական բաժանմունքներում էլ են վաղուց տեսախցիկներ տեղադրվել, բայց խոշտանգումները ոչ վերացել են, ոչ էլ առանձնապես կրճատվել։