Երևանի մանկապարտեզներում ընդունելության հետ կապված սահմանափակումները կմեղմացվեն, գրել է փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը։
Նախադպրոցական կրթությունն ընդհատած երեխաներին նորից կընդունեն այն հաստատությունները, որոնց խմբասենյակների տարածքն ու պայմանները հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն ունեն: Առաջնահերթությունը կտրվի այն երեխային, ում ծնողը՝ զոհվել է պատերազմի ժամանակ, 1-ին կարգի հաշմանդամ է կամ ունի ծանր հիվանդության եզրակացություն, կամ ծնողներից մեկը մահացած է։
Այնուհետ, ըստ առկա տարիքային խմբերի, առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց երկու ծնողները գրանցված աշխատող են։
Հերթագրված երեխաների ընդունելության մասով փոխքաղաքապետը նշել է, որ այն մանկապարտեզները, որոնք ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն, կկարողանան կազմակերպել նաև հերթագրված երեխաների ընդունելություն:
- Այս դեպքում առաջնահերթությունը կտրվի այն երեխաներին, որոնց ծնողը զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ:
- Արտահերթ ընդունելության իրավունք ունեցող մյուս երեխաները կընդունվեն ըստ իրենց հերթագրման օրվա հաջորդականության:
Այնուհետև, ըստ հերթագրման հաջորդականության, կընդունվեն նաև հերթի մեջ մնացած մյուս երեխաները։
Փոխքաղաքապետը հաստատել է՝ այս պահին քաղաքի մանկապարտեզներում կրթությունն ընդհատել է շուրջ 3000 երեխա, կա շուրջ 12 000 հերթագրված երեխա:
Պաշտոնյան նաև նշել է, որ 2020 թվականի հիմնանորոգված մանկապարտեզներն առաջիկայում կվերաբացվեն և հավելել, որ համաճարակային իրավիճակի բարելավմանը զուգընթաց ակնկալվում են սահմանափակումների հետագա մեղմացումներ։
Երեկ մի խումբ ծնողներ հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ բողոքի ցույց անելու ընդդեմ պետական մանկապարտեզների հետ կապված սահմանափակումների։ Հավաքվածները նշել էին, որ մինչ պետական մանկապարտեզներում ընդունելության վերաբացման մասին ոչ մի հստակ բան չի ասվում, մասնավոր վճարովի մանկապարտեզները աշխատում են առանց որևէ խոչընդոտի։