Մանկահասակ երեխաների մի խումբ ծնողներ այսօր հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Պատճառը պետական մանկապարտեզներում ընդունելության կազմակերպված չլինելն է։
«Մենք հերթագրվել ենք 2019 թվականի սեպտեմբերից մսուր խումբ ունեցող պարտեզում։ Իմ բալիկը դեռ 2019 թվականին կարող էր հաճախել, բայց չեն կանչել․․․ Հիմա, քանի որ կարանտինի բոլոր կանոնները մեղմացվել են, նույնիսկ դպրոցների համար ինչ-որ նոր օրենքներ են մտցվել, պարտեզների համար ոչ մի բան չեն ասել», – լրագրողների հետ զրույցում նշել է ծնողներից մեկը՝ Լուսինե Սարգսյանը։
Ըստ նրա՝ շուրջ 12 000 երեխա, որ դեռ չի հաճախել պարտեզ, սպասում է իր հերթին։ Ծնողի խոսքով՝ երեխաներից շատերը հաճախ սպասում են 2-3 տարի։
Վերջերս մի քանի մանկապարտեզներ խոշորացվել են, ինչի շնորհիվ որոշ երեխաներ կարողացել են նորից գնալ պարտեզ։ Ծնողները, սակայն, պնդում են, որ դա վերաբերում է միայն այն երեխաներին, որոնք մինչև համավարակը մանկապարտեզ են հաճախել։ Բացի այդ՝ կա սահմանափակում․ կարող են հաճախել միայն այն երեխաները, ում երկու ծնողները գրանցված աշխատող են։
«Ես բազմաթիվ դեպքեր գիտեմ, որ 20 հոգանոց խմբից գնում ա միայն երեք երեխա, քանի որ երեքի ծնողներն են միայն գրանցված աշխատող»։
Քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում հավելյալ տեղեր և խմբեր ստեղծելու համար, ծնողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը․ այս պահին քննարկումներ են ընթանում, դրանց արդյունքների մասին առաջիկա օրերին կհայտարարվի ասուլիսի միջոցով։
Կարապետյանը հիշեցրել է, որ 2018-19 թվականներին քաղաքապետարանի աշխատանքների արդյունքում ավելի քան 1000 երեխա հնարավորություն է ունեցել հաճախել մանկապարտեզ, իսկ անցյալ տարվանից մինչ օրս ընդունելություն չի եղել հենց համավարակի պատճառով։ Այս առումով, Կարապետյանի հավաստմամբ, քաղաքապետարանը հետևում է բացառապես կառավարությունից եկող ցուցումներին։
Ծնողը հակադարձել է՝ քննարկումներից այն կողմ ոչ մի տեղ հարցը չի հասնում, հնչում են անընդհատ նույն բաները։ Նա նշել է, որ նման խնդիր չկա մասնավոր մանկապարտեզների դեպքում․ «․․․Միաժամանակ հիմա մասնավոր պարտեզներ էսքան երեխա ա գնում։ Ստեղ գլխավոր հարցն էն ա, որ ամեն ծնող չի, որ հնարավորություն ունի երեխային տանի մասնավոր պարտեզ․․․ Ամենաստից պարտեզը 70 000-ից ա վարձը սկսվում»։
«Եթե համաճարակային կանոնները պետական պարտեզներում էսքան լավ պահպանվում են, ինչի՞ մասնավոր պարտեզներում չեն պահպանվում։ Ծաղկում ա ուղղակի բիզնեսը։ Մասնավոր պարտեզները տարածքներով նախ շատ փոքր են, ընդունում են այնքան որքան կարող են։ Քանի որ պահանջարկը կա, բոլորին ընդունում են։ Ինչի՞ չեն պահում կանոնները․․․ էնտեղ կորոնա չկա՞․․․ Երեխան պետք ա գնա պարտեզ»։