Երևանի «Մեր բակ» մասնավոր մանկապարտեզի դաստիարակի կողմից սաների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին «Ինֆոքոմ»-ին է հայտնել Քննչական կոմիտեն։
Քրգործով տուժող է ճանաչել 6 երեխա, որոնցից 5-ը դեպքի ժամանակ եղել են 2 տարեկան, 1-ը՝ 3։ Մեղադրյալի կարգավիճակ ունի մանկապարտեզի մեկ դաստիարակչուհի։
Հիշեցնենք՝ 2020թ․-ի դեկտեմբերին մի քանի ծնողներ ահազանգել էին, որ մանկապարտեզում իրենց երեխաների նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն է գործադրվել։ Նրանք նաև հրապարակել էին գաղտնի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է աշխատակիցներից մեկն անպատվում երեխաներին՝ սպառնալով «չքնելու դեպքում պահել մութ սենյակում», «դանակով վիզը կտրել», «սատկացնել» և այլն։
Պարզվել էր նաև, որ մանկապարտեզի դաստիարակչուհին չուներ համապատասխան մասնագիտական որակավորում, սակայն 2020թ. սեպտեմբեր ամսից փաստացի աշխատում էր նշված մանկապարտեզում։
«Մեր բակ»-ի տնօրեն Լուսինե Հայրապետյանը բռնության գործադրումը հերքում էր։ «Նրանց սաստում էին», – «Արմենիա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել էր նա։ Ծնողների խոսքով՝ Հայրապետյանը կաշառք էր առաջարկել իրենց՝ հարցին հնչեղություն չտալու խնդրանքով:
Այնուամենայնիվ, նախաքննության ընթացքում կատարված ստուգումներով Լուսինե Հայրապետյանի կողմից ՀՀ ՔՕ-ով նախատեսված որևէ հանցանքի վերաբերյալ բավարար ապացույցների համակցությամբ տեղեկություններ չեն ստացվել, հայտնում է ՔԿ-ն։