Վերաքննիչ դատարանը սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ Դեկտեմբերի 7-ին կայացած նիստին Քոչարյանը ներկա չի եղել։ Փաստաբանների խոսքով՝ նա չի փախչելու և ինքնուրույն է ներկայանալու։
Փաստաբան Հայկ Ալումյանն այս որոշումն աննախադեպ անվանեց․ «Իրավաբանական ոլորտի խախտումներով ինձ համար աննախադեպ որոշում էր։ Ոլորտի համար ակնհայտ էր, որ ճնշումների ազդեցության տակ էր կայացվել»։ Պարզաբանելով, թե ինչ ճնշումների մասին է խոսքը, նա ասաց, որ ճնշումն այն է, «ինչ լսել և տեսել ենք հեռուստացույցով և համացանցում»։
Փաստաբան Ռուբեն Սահակյանը տեղեկացրեց, որ կալանքի ժամկետը դեռ որոշված չէ։ Նման որոշումը նա կապում է «նախընտրական թոհուբոհով»․ «Վաղը լռության օր է, հարկավոր է ամեն ինչ էսօր հրամցնել հասարակությանը, որ Քոչարյանը կալանավորված է, քվեարկեք թիվ 4-ի օգտին։ Ես չեմ կասկածում, որ շատ-շատերը կքվեարկեն թիվ 4-ի օգտին, ես՝ ոչ»։ Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ցուցակներում 4 համարը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքն է։