Նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող երկու մեղադրանքների վերաբերյալ որպես վկա հարցաքննված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ցուցմունքները ուշագրավ տեղեկատվություն են այն մասին, որ նախաքննական մարմինը մեղադրական եզրակացությունը կազմելիս առաջնորդվել է ըստ ճաշակի՝ որոշ դետալներ թվացող փաստեր դուրս թողնելով: Ընդ որում, դա վերաբերվում է ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված երկրորդ մեղադրանքին, այսինքն, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, այլև որոշ նրբություններ են հայտնի դառնում Մարտի 1-ին նախորդող և հաջորդող իրադարձությունների հետ կապված, տեղեկացնում է «Փաստինֆո»֊ն։
Օսկանյանի վկայությամբ՝ չընդունելով 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց, հաղթող էր ճանաչվել այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը, ինքնառաջադրված թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսել էր հանրահավաքներ և ցույցեր անել Ազատության հրապարակում:
«Ընտրություններից 1-2 օր անց մեր պատվիրակությունը մեկնել էր Մոսկվա քաղաք՝ մասնակցելու ԱՊՀ երկրների գագաթնաժողովին, սակայն, վաղաժամ, փետրվարի 22-ի երեկոյան մեզ հանձնարարվեց պատրաստվել, քանի որ հետ էինք վերադառնում Հայաստան: Թե ինչու՝ Քոչարյանն ինձ անձամբ ոչինչ չէր ասել»:
Ըստ էության, Օսկանյանի հայտնած այս փաստը ենթադրել է տալիս, որ Քոչարյանն անհապաղ վերադառնալու մասին որոշում էր կայացրել՝ Հայաստանից իրավիճակի ապակայունացման վերաբերյալ տեղեկություններ ստանալու պատճառով:
Օսկանյանի վկայությամբ՝ «մարտի 1-ի առավոտյան, երբ դեռ տնից դուրս չէի եկել, իմացա Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի մասին: Մտածելով, որ կարող է հարկ լինի օրվա ընթացքում պարզաբանումներ տալ, որոշեցի մինչ նախարարություն գնալս անցնեմ նախագահական նստավայրով: Նախագահականում մտնելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ, հարցրեցի, թե վաղ առավոտյան ինչ իրադարձություններ են տեղի ունեցել, Քոչարյանն ասաց, թե ինքն էլ նոր է եկել աշխատանքի և դեռ չի տիրապետում, և ես նախագահի մոտից դուրս եկա ոչնչով: Անցնելով օպերայի մոտով, տեսա, որ այն շրջափակված է ոստիկաններով: Հետո գնացել եմ աշխատանքի և զբաղվել իմ առօրյա գործերով։
Նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, երբ դեռ նախարարությունում էի, ինձ է զանգել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը և ասել, որ նախագահն առաջարկում է՝ այսօրվա նախագահականում նախատեսված ասուլիսը ես անցկացնեմ, քանի որ նախատեսվում է նաև օտարերկրյա լրագրողների ներկայությունը»:
Օսկանյանը դրանից հետո գնացել է նախագահական. «Հանդիպել եմ ՀՀ նախագահի հետ, ներկա է գտնվել նաև Արմեն Գևորգյանը: Այդ ժամանակ Քոչարյանի հետ չենք քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, այլ կարճ խոսել ենք մամլո ասուլիսի մասին, որի անհրաժեշտությունն այն էր, որ ողջ օրվա ընթացքում ասուլիս չէր տրվել, հարցերը շատ էին և հարկավոր էր ասուլիս տալ և պարզաբանել իրավիճակը: Հանդիպման ընթացքում ես ասել եմ, որ զուտ ինֆորմացիա փոխանցող չեմ ուզենա լինել և պետք է իր անունից ասուլիսի ընթացքում անեմ քաղաքական հայտարարություն այն մասին, որ նա այլ ուժերի հետ համաձայն է երկխոսության և կոալիցիոն կառավարություն կազմելու։ Հստակ միտքը կարող է այս պահին չկարողանամ ձևակերպել, բայց այն կարող եք տեսնել այդ օրվա իմ ասուլիսում, որը տվել եմ նախագահականում: Քոչարյանն իմ առաջարկին համաձայնել է:
Հանդիպման ժամանակ իմացել եմ նաև, որ իրավիճակի սրման դեպքում հնարավոր է, որ մտցվի արտակարգ դրություն, եթե իրավիճակը դուրս գա հսկողությունից: Ամփոփ, շատ կարճ ինֆորմացիա եմ ստացել այն հարցերի շուրջ, որոնք այդ պահին հուզել են հասարակությանը: Հիշում եմ նաև, որ ինձ առաջարկվել էր, որ ասուլիսն անցկացնեմ փոխոստիկանապետի հետ, ով իր հերթին կներկայացնի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները, սակայն ես նման ձևաչափից հրաժարվեցի»:
Վկայի ցուցմունքով՝ նա ասել է, թե մենակ ասուլիս կտա՝ հանդես գալով քաղաքական հայտարարությամբ. «Նախագահականում տվել եմ ասուլիս, որի ընթացքում փորձել եմ ինձ հայտնի դարձած տեղեկատվության շրջանակում ներկայացնել իրավիճակը, արել եմ քաղաքական հայտարարությունը և պատասխանել լրագրողների հարցերին:
Անդրադարձել եմ նաև Տեր-Պետրոսյանի կալանքի տակ գտնվելու հանգամանքին և փորձել եմ բացատրել, թե ինչու Տեր-Պետրոսյանը կալանքի տակ չի եղել՝ շեշտելով, որ նրա տեղաշարժման սահմանափակումը վերաբերվել է միայն անվտանգության աշխատակիցների երաշխավորությամբ դեպքի վայր, իսկ այլ վայրեր նա ազատ էր տեղաշարժվել:
Ասուլիսից հետո հետ եմ վերադարձել աշխատավայր, որտեղ գտնվել եմ մինչև ուշ գիշեր: Հետագայում արդեն հեռուստատեսությամբ եմ տեղեկացել Երևանում տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես, նախագահի կողմից արտակարգ դրություն մտցնելու, 10 զոհերի և այլ իրադարձությունների մասին»:
ՀՔԾ-ում հարցաքննության ընթացքում Օսկանյանն անդրադարձել է նաև ՀՀ նախագահի կողմից դեսպաններին ազատելուն, նշելով.«Եթե չեմ սխալվում, Տեր-Պետրոսյանն ինչ-որ տեքստ էր կարդացել հանրահավաքի ժամանակ, որտեղ տվել էր այն դեսպանների անունները, որոնք միացել էին իրեն, ներկայումս դեսպաններից հիշում եմ Ռուբեն Շուգարյանին, Լևոն Խաչատրյանին և Արմեն Բայբուրթյանին»:
Պատասխանելով ՀՔԾ քննիչի հարցերին՝ Օսկանյանը նշել է, որ չի մասնակցել ԶՈՒ բարձրաստիճան սպաների մասնակցությամբ խորհրդակցության, այդ մասին իմացել է մամուլից, անտեղյակ է եղել թիվ 0038 հրամանից, իսկ մարտի 1-ի առավոտյան հրապարակում ԶՈՒ կուտակումներ չի նկատել:
Ինչ վերաբերում է կաշառքի դրվագին, ապա Վարդան Օսկանյանը ընդգծել է. «Փողի կոնտեքստով զրույց միանշանակ բացառում եմ Սիլվա Համբարձումյանի կամ որևէ այլ անձի հետ»։