Home / Դատարան / Արմեն Գևորգյանը չի կալանավորվի․ հաստատեց Վերաքննիչը

Արմեն Գևորգյանը չի կալանավորվի․ հաստատեց Վերաքննիչը

Վերաքննիչ դատարանը մերժել է նախկին փոխվարչապետ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը։

Դեռևս դեկտեմբերի 14-ին Ավան և Նոր-Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ կալանավորել Արմեն Գևորգյանին։ Առաջին ատյանի դատարանի որոշումն այսօր  բողոքարկում էր Դատախազությունը։

Գևորգյանի դեմ կա 4 առաջադրված մեղադրանք։ Առաջինն առաջադրվել էր դեռ օգոստոսի 3-ին։ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին տարբեր բարձր պետական պաշտոններ ունեցած, 2008 թվականի մարտի 1֊ի ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար հանդիսացած Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել է Մարտի 1֊ի գործին։  Ըստ ՀՔԾ-ի, 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այս մեղադրանքի հետ կապված Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Դեկտեմբերի 11-ին դրան ավելացվել էր ևս 3 մեղադրանք․ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապլմանն օժանդակելու հոդվածներով: