Home / Բանտ / Քոչարյանի հերթական մեղադրանքի և Սիլվա Համբարձումյանի հայտարարության միջև կապը

Քոչարյանի հերթական մեղադրանքի և Սիլվա Համբարձումյանի հայտարարության միջև կապը

Փետրվարի 12-ին Հատուկ Քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից բացի, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:

Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է գործարար Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը: 2018 թվականին Համբարձումյանը հայտարարել էր, որ տասը տարի առաջ խոշոր գումար է տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին: Անդրադառնալով գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի դեմ բացված գործին, նա նշել էր, որ 2008-ին իր բաժնեմասերի մի մասը վաճառել է արաբներին, սակայն որպեսզի իրեն չխանգարեն, խոշոր գումար է տվել վերոնշյալ անձանց, իսկ Մայրապետյանը որպես միջնորդ էր հանդես եկել, հայտնում է Armtimes.com-ը։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն, իր հերթին, հերյուրանք և սուտ էր որակել այս հայտարարությունը։

Երկրորդ նախագահը կալանավորված է դեկտեմբերի 7-ից։ Փաստաբանները վիճարկում էին առաջին ատյանի դատարանի՝ ևս երկու ամսով կալանքը երկարաձգելու որոշումը, սակայն փետրվարի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ մերժեց բողոքը։