Արարատի մարզի բնակիչ Հարություն Մանուկյանը, որը եղել է Կրթության ազգային ինստիտուտի Արարատի մարզի համակարգողը, 2018-ից լինելով գործազուրկ՝ կապ է հաստատել «Արևմտյան փորձի ներդրման գրասենյակ» ՀԿ-ի հետ, որը նախ սեռական փոքրամասնությունների դեմ պայքար է ծավալել, իսկ հետո մասնակցել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար կազմակերպվող ցույցերին։ Հարություն Մանուկյանը ՍիվիլՆեթին պատմում է, թե ինչպես է ստեղծվել Քոչարյանի աջակիցների այդ կազմակերպությունը ու նշում, որ Քոչարյանի մերձավորներից Արմեն Թավադյանը [5-րդ ալիքի սեփականատերը] իրեն նախնական 1500 դոլար է տրամադրել՝ աջակիցներ հավաքագրելու ու գրասենյակ հիմնելու համար։ Հետագայում, սակայն, Մանուկյանի ու Թավադյանի միջև վեճ է ծագել, կուտակվել է պարտք, որը Մանուկյանի ուսերին է մնացել։
Ներկայացնում ենք նրա խոսքից հատվացներ․
«Քանի որ մնացել էի անգործ, առաջարկվեց մասնակցել «Եվրոպական արժեքների արատավորման կենտրոնի» Արտաշատի մասնաճյուղի ստեղծմանը, ես էլ սիրով համաձայնեցի՝ ընդգրկելով 4 աշխատակիցներ:
Իրենց ներկայացնելով, պետք է զբաղվեր մարդու իրավունքներով, եվրոպական արժեքների քարոզով, արմատավորմամբ, ավելի բարեկիրթ հարաբերությունների արմատավորմամբ և այլն, և այլն։
Հետո բանից պարզվեց, որ դա ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության կամ ապագա ստեղծվելիք կուսակցության հիմքերից մեկը պիտի լիներ, որը մեր անելիքը չէր, մեր ճանապարհը չէր։
Արմեն Թավադյանի հետ ծանոթացել եմ Մինասյան Արմենի միջոցով, եղել եմ նրա օֆիսում, կազմակերպչական հարցերը նա էր լուծում․ իմ աշխատավարձի և աշխատակիցների աշխատավարձի խնդրի շուրջ նրա հետ եմ պայմանավորվել՝ անձամբ ես եմ պայմանավորվել իր օֆիսում, այսպես․․․
Սովորաբար ասում էին՝ անընդհատ ունեցեք մարդիկ, որոնք մեզ հետագայում պետք են գալու, և հետագայում պարզվեց, որ խոսքը Հայ ազգային դաշինք կուսակցության ստեղծման մասին է։
Թավադյանի հետ կոնֆլիկտը եղավ, երբ ես վարձակալեցի տարածքը, բերեցի գույք, աշխատակիցները երկու ամիս աշխատեցին, Նոր տարուց առաջ զանգ տվեցի և ասացի, որ որոշակի պարտքեր են կուտակվել։ Իհարկե, նա 750 հազարի չափով մեզ գումար տվել էր՝ իր գրպանից, բայց այնտեղ խոսքը մոտավորապես 1 480 000 դրամի մասին էր՝ վարձակալությունը, աշխատակիցների աշխատավարձը, լույսը, կոմունալ ծախսերը և այլն, և այլն, որից կատեգորիկ հրաժարվեց։ Եվ ես հասկանում եմ, որ դա պայմանավորված էր նրանով, որ երբ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի կազմակերպեցին, որ գնան գլխավոր դատախազության դեմ միտինգի, ես արդեն հասկացել էի, թե ինչի հետ գործ ունենք։ Նրանք խնդրում էին, թե 40 հոգի կարո՞ղ եք ավտոբուսներով մարդ բերել, ես միանշանակ հրաժարվել եմ դրանից։
Ունեցել եմ չորս աշխատակից։ Իմ աշխատավարձը Թավադյան Արմենը դեռ գտնում էր, որ քիչ է․ առաջարկել էի ամսեկան 250 հազար դրամ։ Սաֆարյան Գրիգորի աշխատավարձը 180 հազար դրամ, Մնայան Օսաննայի և Թամարայի աշխատավարձը՝ ամսեկան 120 հազար դրամ։ Ժամանակի ընթացքում, արդեն երբ համասեռամոլների այդ միտինգից հետո, դրանց դեմ կազմակերպված միտինգից հետո զրուցել ենք, բոլորը միանշանակ ասում էին, որ այս իշխանությունները կգոյատևեն առավելագույնը 500 օր, և իրենց նպատակը ակտիվ քաղաքականություն մտնելն է։ Արդեն, բնական է, որ մեր ճանապարհները նույն ձևով չէին կարողանա գնային։
Ինձ մոտ խոսակցություններից այն տպավորությունն էր, որ մարզերում էլ կան կառույցներ, որովհետև երբ ինձ աշխատավարձ առաջարկվեց, ասեցին, որ այնքան, ինչքան մարզերի մյուս կառույցների ղեկավարներին է տրվում։
Նրանք անընդհատ ասում էին՝ ունեցեք պինդ տղաներ։ Թե որտեղ պիտի օգտագործվեին այդ պինդ տղաները և ինչի համար, դա չեմ կարող ասել։ Ես չեմ հավաքագրել»։