Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները միջնորդություն կներկայացնեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:
Այս մասին Armtimes.com-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ըստ նրա՝ Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի որոշումը բողոքարկվելու է, ներկայումս բողոքն է պատրաստվում:
Մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը փոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորութամբ։
Այս որոշումը բողոքի ալիք էր բարձրացրել հանրության շրջանում, նույն օրը բողոքի երթ կազմակերպվեց՝ Քոչարյանին ազատելու որոշման դեմ։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ հանդես կգա կարևոր հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»։ Ավելի ուշ կոչ արեց արգելափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ Այսօր առավոտյան մեկնարկել էին արգելափակման միջոցառումները, իսկ կեսօրին կառավարության ղեկավարը հետևյալ հայտարարությունն արեց։