ՌԴ դեսպանն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։ Այս մասին հունիսի 17֊ին ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում», – գրել է Ռուբինյանը՝ հավելելով, որ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին Ազգային ժողովում չի ասել, քանի որ այդ պահին չի ունեցել տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 17֊ին, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի դեսպանը չի հրավիրվել նախարարություն՝ պարզաբանում տալու համար, և ինչպես է արտգործնախարարությունը վերաբերվում այն փաստին, որ «Մարտի 1-ի ոճրագործության մեջ մեղադրվող անձի հետ դեսպանը 2 ժամ հանդիպում է ունենում», փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «դիվանագիտական արարողակարգի և նորմերի շրջանակներում դեսպանը որևիցե սխալ արարք չի գործել»։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն, ինչպես նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշ պատգամավորներ ավելի վաղ հայտարարել էին, որ չեն ողջունում ՌԴ դեսպանի այս նախաձեռնությունը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը Ռոբերտ Քոչարյանի հետ դեսպան Կոպիրկինի անցած ուրբաթ կայացած հանդիպման վերաբերյալ պարզաբանում էր տարածել՝ «հանդիպումը կայացել է հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ դեսպանի պարբերական հանդիպումների շրջանակներում»: