Հայաստանի նախկին իշխանությունների դեմ տարիներ շարունակ պայքարած դերասան Աշոտ Ադամյանը կարծում է, որ այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ, լավ սկիզբ է իսկապես հեղափոխություն անելու համար։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համեմատելով 2018 թվականի բողոքի ալիքը 2008-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ, ընդդիմադիր շարժումների մասնակից Ադամյանը նշել է, որ այս անգամ մարդկանց վրա կրակելը իշխանությունները չէին մարսի․ «Պարզապես դա կլիներ էն, որ ասում են՝ քսելով պատին ու ասֆալտներին, իսկապես տեղի կունենար դա։ Տեղի կունենար սարսափելի մի բան․ կքանդեին, կվառեին, կհոշոտեին, այո, և ես կարծում եմ, որ դիմացի ուժը դա նաև գիտակցում էր»։
Նա բնական է համարում այն, որ իշխանափոխությունից մեկ տարի անց մարդիկ դեռ «լավ չեն ապրում»։
«Իհարկե, լավ չպետք է ապրեինք, որովհետև հենց այն օրերին, երբ մենք հայտարարեցինք՝ Նիկոլի շուրթերով, որ հեղափոխությունը կատարվեց, հենց էդ պահից ես գիտակցում էի, որ հեղափոխությունը կատարվեց որպես մեկնարկ, որովհետև ես շատ լավ գիտակցում եմ, թե ինչ խութերի, ինչ դժվարությունների առջև ենք կանգնած և որքան խորն են այն հարվածներն ու վնասները, որոնք մենք ստացել ենք տասնամյակների ընթացքում։ Իսկ դա մեկ տարում մաքրել, ներողություն, վերևից մանանա չի, որ թափվի միանգամից մեր գլխին և հանկարծ զգաս, որ էս ինչը դեռ տեղում չէ, էն ինչը դեռ տեղում չէ․․․ Ամեն ինչ տեղում չէ, և դա անելու համար մեզ ջանքեր են պետք, ինչը և արվում է, ես կարծում եմ»։
Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատների, որոնք ևս մասնակցում էին անցած տարվա ակցիաներին, դժգոհություններին, ըստ որոնց, միանգամից բոլորը չլցվեցին բանտերը և հարցին լուծում չտրվեց, Աշոտ Ադամյանը հղում արեց միջազգային օրենքներին․ «Թավիշը չի նշանակում, որ հանցագործներն անպատասխան են մնալու։ Թավիշը դա այն է, որ չենք վառելու, չենք ջարդելու, չենք տրաքացնելու։ Ինչ վերաբերում է նրան՝ դատելու ենք արդյոք, թե ոչ, պարտադիր, անպայման հանցագործները պետք է պատասխան տան, իսկ հանցագործներ, ցավոք սրտի, ունեցել ենք շատ֊շատ։ Համակարգեր են քանդվել, հիմա ես ներե՞մ էս համակարգի քանդելը։ Ես երեխա եմ ծնում այստեղ, երեխա եմ դաստիարակում, որին ուզում եմ տեղավորել կարգին համակարգերում, որպեսզի նա ունենա արժանապատիվ և հզոր ապագա։ Վերջապես, պետությունն ի՞նչ է։ Պետությունը մարդուն բարվոք և ճիշտ ճանապարհով դեպի լավ հանգրվաններ տանելու միջոց է։ Եթե դա չի, ինչի՞ս է պետք պետությունը»։
Ներկայիս բողոքները նա ևս դրական է համարում․ «Էդ որ վեր են կանում տարբեր «ադեկվատներ», չգիտեմ՝ ինչեր, բոլորը չակերտավոր, սա՛ էլ հեղափոխության հետևանք է․ լեզուները բացվել է։ Երեկ չէին խոսել․ տեղում նստած, ինչ կտային, այն էլ կուտեին։ Հիմա ճիշտն ու սխալը դնենք մի կողմ, ազնիվ կամ ոչ ազնիվ, բայց այն, որ կարող է, իր մեջ ռիսկ է տեսել, սա, կարծում եմ, հեղափոխության նվաճումներից մեկն է»։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամենա կոշտ քննադատներից մեկը լինելով, Ադամյանը անդրադարձել է նաև Քոչարյանի՝ հետապնդվելու և վրիժառության զոհը լինելու մասին հայտարարություններին։ Բանախոսը փաստել է․ անցյալում եղել է իշխանության բռնազավթում, եղել է սահմանադրական կարգի տապալում․ «Հիմա թե ինչպես տարբեր օղակներում, տարբեր հեռավորության վրա գտնվող մարդիկ ինչպես են նոստալգիկ պահեր ապրում անցած֊գնացած կարգերի հանդեպ, դա իրենց գործն է։ Իսկ քանի որ ես կռանթիկների մոտ չեմ եղել և շատ֊շատերին եմ ճանաչում, ովքեր չեն եղել, նրանք անմիջականորեն և մաշկի վրա, հոգու վրա զգացել են այդ խախտված, խեղված, իրավունքի խլման պայմաններում, անօրինության մեջ գտնվելը՝ օր օրի, ժամ առ ժամ, պահ առ պահ։ Պատահական չի, որ հենց էդ ժամանակահատվածում մենք ստանում ենք մի երկիր, որտեղ հարուստների և աղքատների միջև պոկվածությունը հասնում է իր գագաթնակետին։ Ես իմ երկիրը շատ եմ սիրում, համարում եմ հարուստ, բայց ներքին լիցքով հարուստ։ Եվ 30 տոկոս աղքատություն։
Այդ մարդը պետք է հասկանա մի բան․ ասում ես՝ արդա՞ր ես։ Գնա, դատարանում պատասխան տուր։ Կդնե՞ն փաստերը, փաստերի միջոցով հերքեր, իսկ խուսափելով դատաստանից, նա ընդամենը վկայում է, որ ինքը, այո, իսկապես, մեղավոր է»։