Վարչապետի աշխատակազմը հաստատում է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կողմից Նիկոլ Փաշինյանին նամակ հղելու լուրը:
Այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն, նշում է Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մամուլում տարածված (չհաստատված) տեղեկությունների համաձայն, գործով առանցքային մեղադրյալ Նաիրի Հունանյանը նամակ է հղել վարչապետին և պատրաստակամություն հայտնել մասնակցել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված և կարճված մասով նոր քննությանը։
Հիշեցնենք, որ 2019 թ․ դեկտեմբերի 26-ին Գլխավոր դատախազությունը բավարարել է նախկին պատգամավոր, 1999 թ․ հոկտեմբերի 27-ին պարլամենտում գնդակահարված Յուրի Բախշյանի կնոջ՝ Անահիտ Բախշյանի փաստաբանների բողոքը՝ քրեական գործից անջատված և կարճված մասով նոր քննություն սկսելու վերաբերյալ:
«Հոկտեմբերի 27-ի» գործից անջատված մասը վերաբերում է ահաբեկչության հավանական կազմակերպիչների, հովանավորների բացահայտմանը։ Տարիներ առաջ այն կարճվել է «հանցակազմի բացակայության» հիմքով։
Քննությունը վերսկսելու որոշումը պայմանավորված է ո՛չ թե նոր փաստական հանգամանքների ի հայտ գալով, այլ ընթացակարգային խախտումներով․ «խախտվել են տուժողի իրավահաջորդի [Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից զոհված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կնոջ՝ Անահիտ Բախշյանի] նախաքննության ավարտման մասին ծանուցվելու, գործի նյութերին ծանոթանալու իրավունքները»։
Անահիտ Բախշյանի փաստաբան Զարուհի Մեջլումյանը ծանոթել է կարճած մասի 17 հատորին և վստահ է՝ կան «Հոկտեմբերի 27»-ի ամբողջական բացահայտման բոլոր հնարավորությունները, նյութեր, որոնք հիմք են տալիս շարունակելու նախաքննությունը։
«Ձեռք է բերվել մեկ փաստական տվյալ, որի հետևից անշուշտ պետք է գնալ։ Առողջ տրամաբանությունը հուշում է և քննչական գործողությունները անշուշտ պետք է այդ ուղղությամբ ընթանային, բայց, օրինակ, այդ ուղղությամբ չեն զարգացել», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր Մեջլումյանը։
Նախաքննությունն այժմ շարունակվելու է Ազգային անվտանգության ծառայությունում։ Տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանը իր անվստահությունն էր հայտնել ԱԱԾ-ին՝ որպես գործը նախկինում կոծկած կառույցին, և երեկ՝ հունվարի 16-ին, դիմել է Գլխավոր դատախազությունը՝ գործի քննությունը ԱԱԾ-ից ՀՔԾ-ին փոխանցելու խնդրանքով։