Հոկտեմբերի 27-ի դասերից առաջինն այն է, որ մենք դրա ճշմարտությունը չենք կարողանում բացահայտել և հասարակությունը չի հավատում, թե դա եղել է մի խումբ մարդկանց նախաձեռնություն: Կասկածներ կան, որ այդ ահաբեկչության հետևում կան կոնկրետ ուժեր, ընդ որում՝ ոչ միայն հայաստանյան ուժեր: Այս մասին այսօր Քաղաքագետների միության գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Եթե նման հարցերը լուծում չեն ստանում, հասարակությունը չի հավատա, որ քաղաքացիական շարժումներով հնարավոր է ինչ-որ փոփոխությունների բերել, նույնը վերաբերում է նաև Մարտի 1-ի բացահայտմանը», – բացահայտման կարևորությունը նկատել է Արամ Կարապետյանը` ասելով, որ դա վաղ թե ուշ արվելու է:
Ներկա քաղաքական իրավիճակին անդրադառնալով` Կարապետյանն այն համեմատել է ճահիճի հետ, որից պարզ չէ, թե ինչ ուղղությամբ է այն շարունակելու «խեղդել ժողովրդին»: Ըստ բանախոսի` Հայաստանի իշխանությունը նման է պահարանի, ում տանում-բերում են Ռուսաստանը և ԱՄՆ-ն, իսկ այդ տեղափոխումներից պահարանը ջարդվում է:
«Իշխանությունը պետք է հասկանա, որ իրեն ընդդիմադիր են ոչ միայն ներքին քաղաքական ուժերը, այլև գեոպոլիտիկ, տնտեսական ողջ իրավիճակը, որը լուծումներ է պահանջում», – ասել է Կարապետյանը:
Ըստ քաղաքական գործչի` տնտեսական առումով անհասկանալի է` Հայաստանում մենք կապիտալիզմ ենք ուզում ստեղծել, սոցիալիզմ, թե վայրի կապիտալիզմ:
«Սերիալներ, ծեսեր (օրինակ` մեռելոցներ), տոներ ունենք միայն: Գաղափարախոսությունը որևէ բան չի նշանակում: Բոլորը հիշում են, որ Գագիկ Ծառուկյանը ստորագրել է հուշագիր Սերժ Սարգսյանին սատարելու մասին, սակայն ոչ ոք չի հիշում՝ ինչ ծրագիր պետք է կատարվեր այդ հուշագրով: Սերժ Սարգսյանին և Տիգրան Սարգսյանին լսելիս՝ տպավորություն ես ստանում, թե նրանք նոր են դարձել իշխանություն: Նրանց վերատադրվելով իրավիճակը վատանալու է և ոչ միայն գազի գինն է պաշտոնապես ապրիլի 1-ից բարձրանալու, ամեն առումով է վատանալու, ես դա ձեզ խոստանում եմ»,- ասել է Արամ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արամ Կարապետյանը հայտարարել էր, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել 2013 թվականի նախագահական ընտրություններին: