Home / Դատարան / Հրանտ Դինքին սպանած երիտասարդ ֆաշիստը վաղաժամ ազատ է արձակվել

Հրանտ Դինքին սպանած երիտասարդ ֆաշիստը վաղաժամ ազատ է արձակվել

«Ակօսի» խմբագրապետ, ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության համար դատապարտված Օգյուն Սամասթը վաղաժամ ազատ է արձակվել։ Հիմնավորման մեջ նշվել է, որ բանտարկության 16 տարվա և 10 ամսվա ընթացքում նա «լավ պահվածք է դրսևորել» և պատժաժամկետի մնացած մասը՝ 6 տարի, կանցկացնի որպես «պայմանական ազատված»:

Սամասթը Հրանտ Դինքին սպանել է 2007-ի հունվարի 19-ին՝ Շիշլի թաղամասում գտնվող «Ագօս» խմբագրատան դեմ դիմաց։ Սպանության պահին նա 17 տարեկան էր, փոխկապակցված էր տրապիզոնական ֆաշիստական խմբավորումների հետ։ 2011 թվականին՝ սպանությունից չորս տարի անց, անչափահասների գործերով դատարանը նրան դատապարտվել է 22 տարի 10 ամիս ազատազրկման։

Դինքի պաշտպանները պնդում են, որ Սամասթը և սպանություն կազմակերպիչները՝ աջ ծայրահեղականներ Յասին Հայալը և Էրհան Թունջելը, կապեր են ունեցել ոստիկանությունում, սպանությունը ծրագրված է եղել, իրավապահները այդ մասին նախօրոք իմացել են։ Սպանությանը նախորդած տարիներին Հրանտ Դինքը քաղաքական հետապնդման էր ենթարվում և թիրախավորվում պետական, կառավարամետ լրատվական գործակալությունների կողմից, մահվանից առաջ ահազանգում էր՝ անընդհատ սպառնալիքներ է ստանում, իրավապահներ դրանց չեն էլ արձագանքում։

2014 թվականին Սամասթը ցուցմունք է տվել՝ սպանության հետևում կանգնած են Տրապիզոնի այն ժամանակվա ոստիկապանապետ Ռամազան Աքյուրեքն ու Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության այն ժամանակվա պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը։ Սամասթի ցուցմունքը սկիզբ է դրել նոր հետաքննության, որի շրջանակներում ձերբակալվել ու հարցաքննվել են մի շարք բարձրաստիճան ոստիկաններ ու պաշտոնյաներ։

2021 թվականին՝ Հրանտ Դինքի սպանությունից 14 տարի անց, Թուրքիայի ոստիկանության քրեական հետախուզության նախկին ղեկավարը և նախկին ոստիկանապետը դատապարտվել են ցմահ, իսկ Տրապիզոնի ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարը՝ 28 տարվա ազատազրկման։ Թուրքիայի դատախազությունը պնդում է, որ նրանք առնչություն են ունեցել Դինքի սպանության կազմակերպման հետ և կոծկել են 2007-ին կատարվածի մի շարք հանգամանքները։ Իրավապահները, սակայն, հայազգի լրագրողի սպանությունը կապել են ընդդիմադիր Ֆեթուլահ Գյուլենի հետ, որը 2016 թվականի իրադարձություններից հետո (Էրդողանի կառավարությունը դրանք «ռազմական հեղաշրջման փորձ» է անվանում) դարձել է երկրում ընթացող զանգվածային բռնադատումների խորհրդանիշը։ Ընդդիմադիրները սա հերթական քաղաքական ֆալսիֆիկացիան է որակել և անվստահություն հայտնել քննությանը։

Հրանտ Դինքի սպանությունը լուրջ հանրային ցնցումների և զանգվածային ցույցերի առիթ է դարձել Թուրքիայում: Սպանողը՝ երիտասարդ ազգայնական Օգյուն Սամասթը ձերբակալվելուց հետո խոստովանել էր հանցանքը և հայտարարել, որ սպանել է հայազգի լրագրողին «դավաճան լինելու», «թուրքերին ապակողմնորոշելու» համար և չի զղջում։ Ազգայնական որոշ խմբեր աջակցություն էին հայտնել նրան։

Թուրքական լրատվամիջոցներում մեծ աղմուկ էր բարձրացել, երբ հրապարակվել էին մարդասպանի և ժպտածող ոստիկանների համատեղ կադրերը՝ Սամանթը Թուրքիայի դրոշն էր ցուցադրում, ոստիկանները, ըստ ԶԼՄ հրապարակումների, գովում էին նրան։

s-8ec7a9976f81ca9194b26f9e88721dba4f937184
Դինքի սպանությունից երեք օր հետո՝ 2007 թվականի հունվարի 21

Ընդդիմադիր քաղաքական գործիչներից և իրավապաշտպաններից որոշները դատապարտել են Օգյուն Սամասթի վաղաժամ ազատ արձակումը: «Սամասթը հետևել է, պատրաստվել և ի վերջո սպանել Հրանտ Դինքին։ Եթե նրան այսօր ազատ արձակեն լավ պահվածքի համար, խոսակցությունը ավարտված է։ Խիղճ չունի նա, ով սրանից հետո կփորձի խոսել այս երկրում արդարության մասին», – գրել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգուր Օզելը։

տեսանյութը՝ Հրանտ Դինքին նվիրված «Հոս և Հիմա» երևանյան ցուցահանդեսից, ենթագրերը՝ Դինքի հարցազրույցներից, բանախոսություններից և հոդվածներից