հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կանանց իրավունքներ / Մինչև 12 տարի ազատազրկում․ կինը կարողացել է փախչել, առևանգողը հսկողության ներքո էր

Մինչև 12 տարի ազատազրկում․ կինը կարողացել է փախչել, առևանգողը հսկողության ներքո էր

Երևանում առևանգված և ծեծի ենթարկված կնոջը հաջողվել է փախչել և ոստիկանություն զանգել։ Ձերբակալված 35-ամյա տղամարդուն, որին օգնել է իր մտերիմը, սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում։ Իրեն օգնած տղամարդը հետախուզվում է։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ 35-ամյա տղամարդու նկատմամբ հունվարից կիրառված է եղել այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն։ Նա տարեսկզբին սպառնացել է ծեծել և սպանել Ա․Հ․-ին և հրկիզել է նրա մեքենան։

ՔԿ-ն հայտնում է, որ 35-ամյա Մ․ Ա․-ն սեպտեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, իր մտերիմ Ա․ Պ․-ի «Տոյոտա Քեմրի» մեքենայով գնացել են տուժող կնոջ՝ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցում գտնվող շենքի բակ և սպասել նրան։ Երբ վերջինս տաքսիով շենքի բակ մտնելուց հետո դուրս է եկել ավտոմեքենայից, Մ․Ա․-ն՝ մազերից քաշելով և քարշ տալով, տուժողին նստեցրել է մեքենան, Ա․ Պ․-ին հրահանգել է վարել ավտոմեքենան նշված վայրից։

Մեքենայում նա շարունակել է ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի գլխի և մեջքի հատվածներին, նստել է ոտքերին, ձեռքերով սեղմել վիզը։ Որոշ տարածք անցնելուց հետո ավտոմեքենան կանգ է առել և կինը, բացելով և իրեն նետելով ավտոմեքենայից, փորձել է փախուստի դիմել։ Մ․Ա․-ն ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, գետնին ընկած վիճակում քարշ տվել, փորձել կրկին մտցնել մեքենայի սրահ՝ ևս 2 անգամ ձեռքով հարվածելով նրա ծոծրակին: Կնոջը հաջողվել է փախչել, պատսպարվել մոտակա առանձնատներից մեկում և զանգահարել 911 (1-02)։

Սեպտեմբերի 18-ին 35-ամյա Մ․Ա․-ն հայտնաբերվել է և ձերբակալվել։ Նրան մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը՝ մինչև 2 ամիս ազատազրկում) և 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից՝ 8-12 տարի ազատազրկում)։

Առևանգող վարորդի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում, հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից՝ 8-12 տարի ազատազրկում)։

Ըստ ՔԿ-ի՝ 35-ամյա տղամարդը 2024-ի հունվարի 22-ից 24-ը Ա․Հ․-ին պարբերաբար սպառնացել է դաժան ծեծել և սպանել: Հունվարի 25-ին նա փորձել է հրկիզել մեկ այլ անձի ավտոմեքենան, որի արդյունքում այդ անձին՝ Ա․Հ․-ին, պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս: Պարզվել է նաև, որ ավտոմեքենայի հրկիզման դեպքի վերաբերյալ՝ դատաքննության փուլում գտնվող քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալ Մ․Ա․-ի նկատմամբ կիրառված է եղել այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն։