Գլխավոր դատախազությունը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել։
2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Յ․Գ-ն, հոր և Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի հրամաններով տարբեր տարիների տարբեր պաշտոնների է նշանակվել Ոստիկանությունում, սակայն մինչև պաշտոնավարման դադարեցումը առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:
Մասնավորապես, Յ․Գ․-ն՝
— 2015 թվականի մարտի 7-ին Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին,
— 2018 թվականի մարտի 16-ին Լևոն Երանոսյանի հրամանով նշանակվել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին,
— 2018 թվականի մարտի 16-ին Վլադիմիր Գասպարյանի հրամանով ստացել է ոստիկանության փոխգնդապետի կոչում,
— 2018 թվականի մարտի 19-ին Լևոն Երանոսյանի հրամանով կրկին նշանակվել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին,
— 2018 թվականի մայիսի 10-ին Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից։
2015թ․ մարտի 7-ից 2018թ․ մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Յ.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ, վերջինս էլ, աշխատանքի չհաճախելու և ծառայողական պարտականությունները փաստացի չկատարելու պայմաններում, ստացել և կանխիկացրել է այդ գումարները։
Այսպիսով, որոշում է կայացվել Յ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար այն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք՝ դեռևս 2020 թվականի հունիսի 19-ին Քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Վլադիմիր Գասպարյանին ու Լևոն Երանոսյանին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար, որոնց հետևանքով պետությանը պատճառվել էր շուրջ 114 մլն դրամի վնաս: