Home / Հայաստան / Նախկին ոստիկանապետի վարքը լրագրողների նկատմամբ՝ անպատժելիության հետևանք․ հայտարարություն

Նախկին ոստիկանապետի վարքը լրագրողների նկատմամբ՝ անպատժելիության հետևանք․ հայտարարություն

Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա,  հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։

Վլադիմիր Գասպարյանն իր պաշտոնավարման տարիներին էլ աչքի էր ընկնում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հանդուգն վերաբերմունքով, իսկ որոշ դեպքերում՝ նաև դաժանությամբ։ Այս մասին ասված է մի շարք լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ․

«Հիշենք 2015 թվականի «Էլեկտրիկ Երևանի» և  2016-ի Սարի թաղի դեպքերը, երբ ոստիկանական գործողությունների թիրախ դարձան 40-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ, որոնք ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների ու ապօրինի հետապնդումների։ Կամ՝ «1in.am» լրատվական կայքի թղթակից Սիրանույշ Պապյանի հասցեին արտաբերած նրա կոպիտ վիրավորանքը, որն անթաքույց վրդովմունք առաջացրեց լրագրողական հանրության շրջանում։

Այս ամենն անպատիժ մնաց, և, ըստ երևույթին, հենց դա է պատճառը, որ այսօր նախկին ոստիկանապետը շարունակում է  անվայելուչ վարք դրսևորել լրագրողների նկատմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենայն լրջությամբ քննության առնել տեղի ունեցած միջադեպը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Գասպարյանին»։

Հայտարարության տակ ստորագրել են՝

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԸ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԸ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԸ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ-Ը

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ-Ը

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԸ