Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովային, որը 2021 թվականի սեպտեմբերից գտնվում է 11 տարվա ազատազրկման մեջ, տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Այս մասին հաղորդում է ընդդիմադիր Վիկտոր Բաբարիկոյի շտաբի տելեգրամյան ալիքը։
Ըստ աղբյուրի՝ նոյեմբերի 28-ին Կոլեսնիկովային բանտից տեղափոխել են Գոմելի շտապ օգնության հիվանդանոցի առաջին վիրաբուժական բաժանմունք, որտեղից նրան ավելի ուշ տեղափոխել են վերակենդանացման բաժին։ Դեռևս չի հաղորդվում՝ որն է հոսպիտալացման պատճառը:
«Մաշային հիվանդանոց են բերել վիրաբուժական պաթոլոգիայով ու նոյեմբերի 28-ին վիրահատել։ Այժմ նա գտնվում է կայուն ծանր վիճակում՝ բարելավումով։ Վաղը պետք է տեղափոխեն վիրաբուժական բաժանմունք», – պարզաբանում է Բաբարիկոյի ալիքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոլեսնիկովային բանտում տուգանային մեկուսարան են տարել, ընդ որում, հայտնի չէ՝ որքան ժամանակ է նա այնտեղ մնացել։
2021 թվականի սեպտեմբերին Բելառուսում Կոլեսնիկովային դռնփակ դատական նիստում դատապարտել են 11 տարվա ազատազրկման։ Նրան մեղադրել են «ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ անելու կոչերի», «էքստրեմիստական խմբավորման ստեղծման» և «իշխանությունը զավթելու նպատակով դավադրության» մեջ։
Նիստից հետո որոշ լրատվամիջոցներ այնուամենայնիվ կարողացել էին մուտք գործել դահլիճ, որտեղ նկարահանել էին՝ ինչպես է Մարիան պարում ամբաստանյալների համար նախատեսված վանդակում։
Կոլեսնիկովան ընդդիմության մեկ այլ առաջնորդ Մաքսիմ Զնակի (դռնփակ դատական նիստում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման) հետ միասին 2020 թվականի նախագահական ընտրություններում Վիկտոր Բաբարիկոյի շտաբի անդամ էր։ Սակայն Բաբարիկոյին ոչ միայն մերժել էին գրանցել որպես թեկնածու, այլ նաև ձերբակալել էին։ Այդ ժամանակ բելառուսական ընդդիմությունը, այդ թվում՝ Կոլեսնիկովան և Զնակը համախմբվել էին ընդդիմության միակ հնարավոր թեկնածուի՝ Սվետլանա Տիխանովսկայայի շուրջ։
Բելառուսի նախագահի պաշտոնը արդեն 26 տարի շարունակ զբաղեցնում է Ալեքսանդր Լուկաշենկոն։ 2020 թվականի օգոստոսի նախագահական ընտրություններից հետո Բելառուսի գրեթե բոլոր քաղաքներում բողոքի ցույցեր և գործադուլներ էին սկսել։
Ցույցերի 7 ամիսների ընթացքում սպանվել էր առնվազն 5 մարդ, հարյուրավոր մարդիկ հայտնվել էին հիվանդանոցներում, հազարավոր մարդիկ՝ ոստիկանական կտտարաններում։ Viasna բելառուսական իրավապաշտպան կազմակերպության տվյալներով Նոյեմբերի 29-ի դրությամբ Բելառուսում 1441 քաղբանտարկյալ կա։ Earthsight-ի հետաքննության համաձայն, նրանցից որոշների հարկադիր աշխատանքի արդյունքներն այժմ վաճառվում է եվրոպական առևտրի կենտրոններում։