Նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկեց Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը, որը դեռ չսկսած բազմաթիվ սկանդալների առարկա դարձավ։ Առաջին հերթին քննադատվում էր ընդունող երկրի ընտրությունը՝ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան մեղադրվում էր կոռուպցիայի մեջ։
Շուտով նաև հայտնվեցին մեղադրանքներ այն մասին, որ ենթակառուցվածքային օբյեկտներ կառուցելու համար հրավիրված միգրանտ աշխատողները շահագործվում են, արժանանում դաժան վերաբերմունքի և նույնիսկ մահանում: Human Rights Watch-ն, իր հերթին, ահազանգում էր Կատարի իշխանությունների կողմից պարբերաբար բռնության ենթարկվող ԼԳԲՏ անձանց խնդրի մասին։
Կատարի իշխանությունները հերքում են բոլոր մեղադրանքները, իսկ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ աչք փակում երկրում մարդու իրավունքների խախտումների վրա։
մահեր
2021 թվականին The Guardian-ը հայտնաբերել էր, որ Կատարում Աշխարհի առաջնության նախապատրաստությունների շինարարական աշխատանքների ժամանակ առնվազն 6500 աշխատանքային միգրանտ է մահացել։ 2022 թվականի Առաջնության կազմկոմիտեի ղեկավար Նասեր Ալ-Հաթերը վիճարկել էր այս թիվը, պնդելով, որ սպորտային օբյեկտների կառուցման ժամանակ մահացել է ընդամենը 3 հոգի։
Բայց Աշխարհի առաջնությունը միայն մարզադաշտերը չեն։ Խոսքը հսկայական ենթակառուցվածքի մասին է․ հյուրանոցներ, փողոցներ, օդանավակայաններ։ Եվ այս շինհրապարակներում տուժածները շատ ավելի շատ են։ Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի՝ 50 զոհ, ավելի քան 500 ծանր և 37600 միջին կամ թեթև վնասվածքներով վիրավորներ։
Իշխանությունները պնդում են, որ միգրանտները մահանում են ոչ թե վատ աշխատանքային պայմանների, այլ «սիրտ-անոթային հիվանդություններից» կամ ընդհանրապես «անհայտ պատճառներով»։
Ըստ The Guardian-ի հետազոտության՝ մահացած միգրանտները Հնդկաստանից, Պակիստանից, Նեպալից, Բանգլադեշից և Շրի Լանկայից էին։ Հարավասիական այս հինգ երկրներից ամեն շաբաթ միջինը 12 աշխատանքային միգրանտ էր մահանում՝ սկսած 2010 թվականի դեկտեմբերից, երբ Կատարն Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունք ստացավ։
Նեպալից Ղալ Սինգ Ռայը վճարել է մոտ 1000 ֆունտ ստեռլինգ որպես հավաքագրման վճար՝ նոր կառուցվող մարզադաշտում հավաքարար աշխատելու համար։ Մեկ շաբաթ աշխատելուց հետո նա ինքնասպան է եղել։
Բանգլադեշից Մոհամմադ Շահիդ Միահը, էլեկտրահարվել է աշխատանքի համար հատկացված կացարանում, երբ ջուր է թափվել բաց էլեկտրական մալուխների վրա:
Հնդկաստանից 43-ամյա Մադհու Բոլափալին, ով ըստ ընտանիքի՝ շատ առողջ էր, մահացել է «բնական պատճառներից»։ Նրա դին գտել են հանրակացարանի սենյակի հատակին։
Կատարի մահերի սարսափելի թիվը բացահայտվում է պաշտոնական տվյալների երկար աղյուսակներում, որոնք թվարկում են մահվան պատճառները. բազմաթիվ բութ վնասվածքներ բարձրությունից ընկնելու պատճառով, շնչահեղձություն կախվելու պատճառով, մահվան չպարզված պատճառ՝ մարմնի փտելու պատճառով:
Սակայն պատճառներից առավել տարածվածը, այսպես կոչված, «բնական մահերն» են, որոնք հաճախ վերագրվում են սուր սրտի կամ շնչառական անբավարարության:
Կատարի ամառային շոգը, 2019-ին պարզվեց, որ աշխատողների մահերի էական գործոններից մեկն է: Ըստ ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության հետազոտության՝ տարվա առնվազն չորս ամիսների ընթացքում աշխատողները ջերմային սթրեսի են ենթարկվել դրսում աշխատելիս:
Մահացածների ընդհանուր թիվը շատ ավելի մեծ է, քանի որ ներառված չեն մահերը այն երկրներից, որոնք մեծ թվով աշխատողներ են ուղարկում Կատար, օրինակ՝ Ֆիլիպինները և Քենիան: Ներառված չեն նաև 2020-ի վերջին ամիսներից մինչև 2022 թվականը տեղի ունեցած մահերը։
ՖԻՖԱ-ի խոսնակը, անդրադառնալով միգրանտների մահերին, հայտարարել է, որ կազմակերպությունը լիովին հավատարիմ է իր նախագծերում աշխատողների իրավունքները պաշտպանելուն։ «Շատ խիստ առողջապահական և անվտանգության միջոցներով… ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի շինհրապարակներում դժբախտ պատահարների հաճախականությունը ցածր է եղել՝ համեմատած աշխարհի այլ խոշոր շինարարական նախագծերի հետ», – ասել է խոսնակը՝ առանց ապացույցներ ներկայացնելու:
Վերջին 12 տարիների ընթացքում Կատարը աննախադեպ շինարարական ծրագիր էր իրականացնում՝ հիմնականում նախապատրաստվելով 2022 թվականին կայանալիք ֆուտբոլային մրցաշարին: Բացի 7 նոր մարզադաշտերից, տասնյակ խոշոր նախագծեր են իրականացվել, ներառյալ նոր օդանավակայանը, ճանապարհները, հասարակական տրանսպորտի համակարգերը, հյուրանոցները և նոր քաղաքը, որը հյուրընկալելու է Աշխարհի առաջնության եզրափակիչը։ Այս ամենի վրա Կատարը 220 միլիարդ դոլար է ծախսել, համեմատության համար նշենք, որ Ռուսաստանը և Բրազիլիան համապատասխանաբար՝ 12 և 15 միլիարդ դոլար են ծախսել:
հոմոֆոբիա
Human Rights Watch կազմակերպությունը պարբերաբար ահազանգում է Կատարում ԼԳԲՏ անձանց հետապնդումների մասին։
«Մինչ Կատարը պատրաստվում է ընդունել աշխարհի գավաթը, անվտանգության ուժերը ձերբակալում և բռնության են ենթարկում ԼԳԲՏ անձանց՝ պարզապես իրենց գոյության համար, ըստ երևույթին, վստահ լինելով, որ անվտանգության ուժերի բռնությունները կմնան չզեկուցվող և չստուգված», – ասել է Human Rights Watch-ի ԼԳԲՏ իրավունքների հետազոտող Ռաշա Յունեսը:
Human Rights Watch-ը 2019-ից 2022 թվականներին արձանագրել է դաժան և կրկնվող ծեծի 6 և սեռական ոտնձգության 5 դեպք ոստիկանական կալանքի տակ: Անվտանգության ուժերը հասարակական վայրերում մարդկանց ձերբակալել են բացառապես իրենց սեռական ու գենդերային կողմնորոշման համար և ապօրինի խուզարկել նրանց հեռախոսները: Որպես նրանց ազատ արձակման պահանջ՝ ուժայինները պարտավորեցրել են, որ կալանավորները մասնակցեն կոնվերսիոն թերապիայի՝ կառավարության կողմից հովանավորվող «վարքային առողջության պահպանման» կենտրոնում:
2020 թվականին Կատարը վստահեցրեց ապագա այցելուներին, որ կողջունի ԼԳԲՏ անձանց, և որ երկրպագուները կկարողանան ազատ ծածանել ծիածանի դրոշը ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերում: Այնուամենայնիվ, գործնականում այս խոստումը չպահպանվեց։ ՖԻՖԱ-ն արգելափակում է ինչպես ֆուտբոլային կազմակերպությունների նախաձեռնությունները, այնպես էլ սովորական երկրպագուների խնդիրները բարձրաձայնելու փորձերը։
Անգլիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Շվեցարիայի հավաքականների ավագներին ՖԻՖԱ-ն արգելել է դուրս գալ ծիածանի թևկապներով և «one love» գրությամբ․ հավաքականներից և ոչ մեկը չհամարձակվեց խախտել արգելքը։
Այնուամենայնիվ, Գերմանիայի ֆուտբոլիստները իրենց առաջին խաղից առաջ ձեռքերով փակեցին բերանները՝ ի նշան ցենզուրայի դեմ բողոքի։
Բելգիայի հավաքականից պահանջել են փակել շապիկի ներսում գրված «սեր» բառը: Հարկ է նշել, որ այս գրությունը ոչ մի կապ չուներ ԼԳԲՏ անձանց հետ, բելգիացիների մարզաշապիկների վրա արգելված «սեր» բառը հայտնվել է Tomorrowland երաժշտական փառատոնի հետ պայմանավորվածության շնորհիվ:
Ուելսի հավաքականի երկրպագուներին մարզադաշտի մուտքի մոտ ստիպել են հանել ծիածանով գլխարկները։
Դոհայի երկրպագուների գոտում Անգլիայի հանդիպման հեռարձակումը կտրուկ ընդհատվեց հենց այն ժամանակ, երբ խաղացողները ծնկի եկան մեկնարկային սուլիչի ժամանակ, ինչը ավանդական ժեստ էր՝ ուշադրություն հրավիրելու ռասիզմի խնդրին:
Պորտուգալիա-Ուրուգվայ խաղի ժամանակ «Save Ukraine» և «Respect for Iranian Women» շապիկով մի տղամարդ դուրս վազեց դաշտ՝ ծածանելով ԼԳԲՏ դրոշը:
երկրպագուներ, ՖԻՖԱ
Կատարում Աշխարհի առաջնության երկրպագուները զրկված են ոչ միայն իրենց կարծիքը արտահայտելու իրավունքից, այլև տարրական հարմարություններից։
Տասնյակ հազարավոր այցելուներ չեն կարողանում իրենց թույլ տալ համար վարձել Կատարի հյուրանոցներում, ուստի նրանց տեղափոխում են անապատում գտնվող վրանային ճամբարներ, որտեղ գիշերակացը միջինում արժի 450 դոլար։
Բացի այդ, ՖԻՖԱ-ն առաջնության մեկնարկից երկու օր առաջ, Կատարի ճնշման տակ, արգելել է ալկոհոլի վաճառքը մարզադաշտերում՝ բացառություն անելով միայն կորպորատիվ օթյակների համար։
Կատարի իշխանություններն արգելել են կոշերային սննդի (սնունդ, որը ձեռք է բերվում և արտադրվում է հրեական հավատքի սահմանած որոշակի կանոնների համաձայն) վաճառքը և հրաժարվել են հասարակական վայրերը հարմարեցնել հրեաների աղոթքի համար՝ այդպիսով խախտելով ևս մեկ խոստում։ Խնդիրը ոչ այնքան գարեջրի ու նույնիսկ երկակի ստանդարտների մեջ է, որքան այն, որ առաջնության կազմակերպիչները ամենավերջին պահին հրաժարվել են իրենց տված երաշխիքներից։
Քննադատներից, ովքեր հիմնականում կոչ էին անում հետաքննել մրցաշարի կոռուպցիոն հիմքերը, պաշտպանվելու համար Կատարը հաքերային հարձակում սկսեց նրանց վրա: Բրիտանական Sunday Times-ի և Հետաքննող լրագրության բյուրոյի հայտնաբերած տվյալների բազայի համաձայն՝ հաքերային հարձակումից տուժել են ավելի քան 100 հոգի՝ լրագրողներ, իրավաբաններ և նույնիսկ ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինին։
ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջաննի Ինֆանտինոն դեմագոգիկ հնարքներով փորձեց իր վրա շեղել քննադատությունների ալիքը։
«Այսօր ինձ մոտ շատ ուժեղ զգացողություններ են։ Այսօր ես ինձ կատարցի եմ զգում։ Այսօր ես ինձ արաբ եմ զգում։ Այսօր ես ինձ աֆրիկացի եմ զգում։ Այսօր ես ինձ գեյ եմ զգում։ Այսօր ես ինձ հաշմանդամ եմ զգում։ Այսօր ես ինձ աշխատող-միգրանտ եմ զգում։
Ես կատարցի, աֆրիկացի, գեյ, հաշմանդամ, և իրականում աշխատող-միգրանտ չեմ, բայց ես գիտեմ՝ ինչ է նշանակում խտրականության ու ծաղրանքի ենթարկվել՝ օտար երկրում արտասահմանցի լինելու համար։ Դպրոցում ինձ ծաղրում էին, որովհետև կարմրահեր էի ու պեպեններ ունեի», – հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահը Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսին։
Իհարկե, Ինֆանտինոն չէ 2022 թվականի Աշխարհի առաջնությունը անցկացնելու իրավունքը Կատարին տվել, այլ նրա նախորդը՝ Զեպ Բլատերը, ով ավելի ուշ կոռուպցիայի մեղադրանքներից հետո հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից։ Բայց Ինֆանտինոն, ինչպես և մնացած հասարակական գործիչները, ովքեր խորհուրդ են տալիս կենտրոնանալ ֆուտբոլի վրա, շատ լավ գիտեն, որ Աշխարհի առաջնությունը «պարզապես խաղ չէ»: