Բրազիլիայում ընթացող 2014 թվականի Աշխարհի գավաթի խմբային փուլն ավարտվեց, և 1/8 եզրափակիչ դուրս եկած 16 թիմերի հիմնական մասը ներկայացնում է երկրներ, որտեղ տարբեր ոլորտներում ազատության մակարդակը շատ բարձր է։
Համաձայն հեղինակավոր Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2014-ին» զեկույցի՝ 16 երկրներից 12-ը ազատ են համարվում։ Դրանք են Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Բելգիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Կոստա-Ռիկան, Հոլանդիան, Հունաստանը, Բրազիլիան, Արգենտինան, Չիլին։ Եվս 3-ը՝ Նիգերիան, Մեքսիկան և Կոլումբիան, մասնակի ազատ են, իսկ Ալժիրը դասվում է անազատ երկրների շարքին։
Իրավապաշտպան կազմակերպությունը ազատության ցուցիչը հաշվարկելիս գնահատում է յուրաքանչյուր երկրի քաղաքական և քաղաքացիական ազատությունների մակարդակը։
Ազատ երկրների ցանկում կարող է զարմանալի թվալ, մասնավորապես, Բրազիլիայի և Արգենտինայի ներկայությունը, որտեղ, օրինակ, մեծ չափերի է հասնում կոռուպցիան։ Այդ երկրների ազատ լինելը, այնուամենայնիվ, բացատրվում է քաղաքական դաշտում տարբեր հայացքներ դավանող կուսակցությունների ներկայացվածությամբ, ինչպես նաև քաղաքացիական շարժումների ակտիվությամբ, որոնք լուրջ խնդիրներ են ստեղծում իշխանությունների համար։ Մասնավորապես, Բրազիլիայում մինչ օրս շարունակվում են բազմահազարանոց բողոքի ակցիաները Աշխարհի գավաթի անցկացման դեմ։ Բողոքող ակտիվիստները մեղադրում են կառավարությանը նախապատրաստական աշխատանքների ընթացքում լուրջ ֆինանսական միջոցների փոշիացման մեջ։
Նշենք, որ 1/8 եզրափակիչ փուլ դուրս չեն եկել երկրներ, որոնք ամենացածր հորիզոնականներն են զբաղեցնում Freedom House-ի աղյուսակում, օրինակ, Ռուսաստանն ու Իրանը։
Եթե նույն 16 երկրները վերլուծենք մամուլի ազատության ցուցիչով, ապա այստեղ պատկերը մի փոքր տարբեր է․ ազատ երկրների շարքին են դասվում 8 երկրներ՝ Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Բելգիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Կոստա-Ռիկան, Հոլանդիան։ Մասնակի ազատ է մամուլը Ալժիրում, Հունաստանում, Նիգերիայում, Կոլումբիայում, Բրազիլիայում, Չիլիում, Արգենտինայում, իսկ անազատ մամուլ ունեցող երկրների շարքում միայն Մեքսիկան է։
P.S. Առաջնության գլխավոր սենսացիան՝ Կոստա-Ռիկա, 2009 և 2012 թվականներին ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը, համաձայն New Economic Foundation կազմակերպության Մոլորակի երջանկության ցուցիչի։
Արմեն Մ․