Բողոքականությունը կրոնական մյուս ուղղություններից տարբերվում է նրանով, որ անհատը պարտավոր է առաջ գալ և հայտարարել իր մասին: Ոչ ոք չի կարող վկայել իր հավատի, ի վերջո՝ ինքն իր մասին, բացի իրենից: Մյուս կողմից մեր շուրջը շատ են մարդիկ, որ կցանկանային, որ իրենց հավատի մասին վկայեր Հայ առաքելական եկեղեցին, իրենց խելքի, տաղանդի կամ բնավորության մասին վկայեր ազգը՝ «հայերը շատ խելացի են», «հայերը շատ տաղանդավոր են», «հայերը շատ բարի են» և այլն: Հիշում եմ մի դեպք, որ տեղի է ունեցել Գրողների Միության տանը քննարկումներից մեկի ժամանակ: Ինչ-որ մեկը համառորեն ձայն էր պահանջում, քանզի ցանկանում էր, իր խոսքերով, սեփական կարծիքը հայտնել: Խոսքը տրվելուց հետո վեր կացավ և ասաց. «Բոլորն էլ այն կարծիքի են…»: Կամ մեկ այլ օրինակ: Հեռուստատեսությամբ ելույթ է ունենում նախկին երևանաբնակ, այժմ` ամերիկահայ մի գրաֆոման: Ցույց է տալիս իր միջոցներով հրատարակած տասնյակ գրքերը: Ի վերջո ներկայացնում է իր ասույթների գիրքը: Բացատրում է, որ այս գրքում բոլոր ասույթները իր պապինը կամ հորն են: Իսկ ինչո՞ւ Վ. Տերյանի ժառանգները մեծ բանաստեղծի գրքերը չեն հրատարակում իրենց անուններով, ինձ անհայտ մնաց: Բայց իմ համար պարզ է, որ գրամոլի հայրը կամ պապը ևս իրենց կարծիքը չեն հայտնել, այլ՝ «բոլորի»:
Ամեն դեպքում ակնհայտ է, որ այդ մարդիկ անկեղծորեն ձգտում են հայտարարել իրենց մասին, բայց անկարող են այդ անել, որովհետև անհատական ինքնություն չունեն: Կոպիտ ասած, մեր հասարակությունում, առանձին բացառություններով, հնարավոր է երկու տիպի կարծիք: Մեկը արդեն հիշատակված «բոլորն էլ այն կարծիքի են…» կարծիքն է, մյուսը` «գժությունն» է: Ուզում եք անձնական ինքնություն՝ մի գժություն արեք: Սեփական կարծիքը չունենալը սքողելու մյուս ձևը «ազգային ինքնության» մասին դատարկաբան ճոռոմաբանությունն է: Եթե սեփական կարծիքի բացակայության փոխարեն կա «հայկական ինքնությունը», որը, ինչպես Հայ առաքելական եկեղեցին է վկայում նրանց հավատի մասին, վկայում է նրանց անհատական ինքնության մասին, ապա ինչը՞ կամ ո՞վ է վկայում «հայկական ինքնության» մասին: Պատասխանը, կարծում եմ, կռահեցիք. «հայկական ինքնության» ինքնությունը «արիականությունն» է:
Այն, որ բոլորը ցանկանում են կարծիք ունենալ, վկայել և հայտարարել իրենց մասին, վատ չէ: Ժողովրդավարությունը սկսում է հենց դրանից. երբ բոլորը ինքնություն ունեն, բոլորը հավասար են: Բայց, իհարկե, դա քիչ է: Հարկավոր է, որ բոլոր այդ անհատական և խմբային ինքնությունները իրար փոխադարձաբար ընդունեն և ճանաչվեն:
Ժամամանակակից դեմոկրատիան մոտ հարյուր տարվա պատմություն ունի: Նրա ձևավորման պատմությունը պարզ է. այն խմբերը, որոնք ձայնազուրկ էին, ինքնակրթության միջոցով սովորել են «խոսել», հայտնել իրենց պահանջները: Անկասկած այն անհնարին կլիներ առանց զանգվածային գրագիտության, զանգվածային գրահրատարակչության և զանգվածային մամուլի: Բանվորների զանգվածային գրագիտությունը պայմաններ ստեղծեց զանգվածային բանվորական քաղաքական կուսակցությունների ձևավորման համար, որոնք նրանց համար ստացան քվեարկելու իրավունք: Նույնը կանաց քվեարկելու իրավունքի մասին կարելի է ասել և այլն: Ժամանակակից օրինակ. այսօր հայ գյուղացին մեծամասամբ «ձայնազուրկ» է /կամ էր/, վերցնում էր 5000 դրամ և քվեարկում ինչպես կասեն, չունի սեփական շահի գիտակցությունը, անկարող է արտահայտել իր դասակարգային պահանջը: Նրա շահերի արտահայտելը իր վրա վերցրել էր խոշոր բուրժուազիայի շահերի խոսնակ «Հանրապետականը»: Ինչպես է արտահայտում, կածեմ, կռահեցիք: Դժվար է ասել, այժմ նրա փոխարեն ով է կարծիք հայտնելու:
Այսօր կարծիքների ձևավորման համար որոշիչ են ԶԼՄ-ները՝ հեռուստատեսությունը և ինտերնետը /համացանցը/: Օրինակ. հեռուստատեսությունում սմս-քվեարկության միջոցով կարող եք ձեր կարծիքը հայտնել, թե որ երգիչը կամ որ թթվասերն է ավելի լավը: Շատ ավելի պակաս են հնարավորությունները հայտնելու կարծիք քաղաքական կամ սոցիալական խնդիրների շուրջ, բայց տեսականորեն դա էլ է հնարավոր: Ինտերնետը այս առումով ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում: Մյուս կողմից Հայաստանում ինտերնետից հիմնականում օգտվում են միջին խավի ներկայացուցիչները` հասարակության ավանգարդը: Բայց զարմանալի է, որ բլոգերում, ֆորումներում, «ֆեյսբուքերում» կամ այլուր ինչ-որ նշանակալի մոտեցումներ չեն ձևավորվում:
Ընդհանրապես ինտերնետը շատ յուօրինակ երևույթ է: Այն ոչ գրավոր, ոչ բանավոր խոսք է, ինչ-որ մի տեղ նրանց միջև, կամ երկուսից էլ դուրս: Այստեղից ինտերնետային հեղինակի տարբերությունը գրավոր կամ բանավոր խոսքի հեղինակից: Լավագույնս դա երևում է «քոմենտի» հեղինակի օրինակով: Մենք ապրում ենք հետզանգվածային հասարակությունում, երբ մեծամասնական ինքնություններին գալիս է փոխարինելու անհատական և փոքրամասնական ինքնությունը: Բոլորը պետք է իրենց ցույց տան, բոլորը ներկայանան: Այս լույսի տակ /հիմնականում/ ի՞նչ «մեսեջ» է ուղարկում «քոմենտի» հեղինակը. որ ինքը գոյություն ունի: Ո՞ւմ է ուղարկում: Ինքն իրեն: Ինչո՞ւ: Որովհետև հիմնականում անանուն է, բացի իրենից մնացյալին ֆիզիկական հեղինակը անհայտ է մնում: «Քոմենտ» գրողը ինքն իրեն ասում է. տես ինչքան խելացի եմ, զգայուն, համարձակ, սկզբունքային…: Իհարկե «քոմենտներ» գրողների մեջ շատ են նրանք ովքեր ցանկանում են մասնակցել կարևոր և լուրջ քննարկումների, բայց ավելի շատ են նրանք, ում այդ քննարկումները զայրացնում են: Նրանք շփոթված, հոգեբանական փսիխոզի մեջ ապրող մեր հասարակության ախտանիշն են:
«Քոմենտի» հեղինակը սովորաբար ինքնասիրահարված է, մանկամիտ, երբեմն ամբարտավան …: Ինչպես երեխան է տարված կոմպյուտերային խաղերով, այնպես էլ նա է տարված «քոմենտ» գրելով: Ինչպես կոմպյուտերային խաղում երեխան հաղթում է վիշապին, այնպես էլ «քոմենտ» գրողը հաղթում է ամեն մի հեղինակության: Կարելի է ենթադրել, որ իրականության մեջ նա այնքան էլ խելացի, զգայուն կամ սկզբունքային մարդ չէ և վիրտուալ իրականությունում փորձում է փոխհատուցել իր անկատարությունը: Նրա համար այնտեղ՝ վիրտուալ իրականությունում կարելի է կտրվել կոշտ իրականությունից և մի պահ երևակայել ինքն իրեն իդեալական, վրեժ լուծել սեփական աննկատության, գորշության, գուցե՝ չնչինության համար:
Հավանաբար մարդկության մեջ չի կարելի գտնել ավելի անվախ մարդկանց, քան «կոմենտատորներին»: Ինչի՞ց վախենալ ինտերնետում: Գլխիդ քար չի ընկնում, իսկ վարկաբեկվելուց խուսափելու համար կարելի է «նիք» վերցնել: Հիշեցնեմ. բոլոր զգացումները մեզ կարող են խաբել, մեզ կարող է թվալ, որ սիրում ենք, կարող է թվալ, թե ատում ենք …: Չի խաբում միայն վախի զգացողությունը. եթե վախենում ես, ուրեմն՝ վախենում ես: Վախը, որ գլխիդ քար կնկնի, ծնում է իրականության զգացողություն, սեփական անունի համար վախը՝ խղճի, ներքին իրականության զգացողություն: Համարյա նույնքան, որքան վիրտուալ աշխարհի խիզախները, քաջ են մեր օլիգարխները՝ համարյա բոլորը մականուն՝ «նիք» ունեն: Նրանք էլ իրենց վիրտուալ տարածքը ունեն` ֆինանսականը:
Ո՞րն է անվան խորհուրդը: Որ դու դատարկ տեղ չես, որ այս աշխարհում քո համար էլ տեղ կա: «Կոմենտատորի» համար աշխարհում տեղ չի գտնվել, նա փաստորեն մնացել է անանուն և դուրս է մղվել վիրտուալ տարածություն, որտեղ նա տեսնում է իր կյանքի իրական պատկերը՝ անմասն լինել ամեն ինչից: Դա ծնում է ազատության անսահման զգացողություն՝ «ինչ ուզենամ՝ կգրեմ», «ով ուզենամ՝ կլինեմ»: Ինտերնետում հեղինակություններ չկան, որովհետև հեղինակը որոշվում է իրականության սկզբունքով, իսկ ի՞նչ իրականություն վիրտուալ իրականությունում:
Որպես թեմայի ամփոփում առանց մեկնաբանության մի քաղվածք ռուս հայտնի պատմաբան Ալեքսեյ Միլերի դասախոսությունից: «Մտեք ցանկացած ինտերնետ-ֆորում, ուր քննարկվում են ռուս-ուկրաինական կամ ռուս-լեհական հարաբերությունները: Դուք կհայտնաբերեք, որ առաջին իսկ պոստերից հետո հայտնվում է բացարձակ ջարդարար մեկը, համարյա միշտ հայհոյանքով, համարյա միշտ այնպիսի /մեկնաբանություն է գրում/, որը հետագայում վերածվում է փոխադարձ վիրավորանքների հեղեղի: Այսինքն շրջափակվում է նորմալ բանավեճի ցանկացած հնարավորություն:
Ինտերնետ-հավաքականություններում կասկած կա, որ դրանով զբաղվում են հատուկ մարդիկ և դա ինչ-որ բան ասում է: Եթե դա իսկապես այդպես է, ապա մեկը դրա համար փող է տալիս:
Դրանում է իրադրության նորությունը: Քանզի պետական և մերձպետական կառուցվածքների միջոցները ուղղակի հոսում են այդ /պաշտոնական/ պատմական քաղաքականության համար, որպեսզի լուսանցքային դարձնեն ցանկացած տեսակետ, որը ավելի բարդ է /քան պաշտոնականը/»: /Историческая политика в Восточной Европе/ Лекция Алексея Миллера/polit.ru/:
Վարդան Ջալոյան