հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Վերլուծություն / Հայաստանում ինքնության ձևավորման հարցում ցեղասպանությունը վճռորոշ դեր չունի

Հայաստանում ինքնության ձևավորման հարցում ցեղասպանությունը վճռորոշ դեր չունի

Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուկրաինական «Հրոմադսկոյե» հեռուստաալիքի լրագրողները զրուցել են մշակութաբան Վարդան Ջալոյանի հետ։

Եկատերինա Սերգացկովա ֊ Ձեր խոսքով, հայոց ցեղասպանության վերաբերյալ գեղարվեստական գրականության գործերն ավելի շատ են, քան՝ գիտական։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

Վարդան Ջալոյան ֊ Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանը Խորհրդային Միության մաս էր կազմում, և մինչև 1965 թիվը հայոց ցեղասպանության մասին խոսելն արգելված էր։ Եվ, հետևաբար, հայոց ցեղասպանության լուսաբանումը տեղի էր ունենում հիմնականում գեղարվեստական «ուղիներով»։

-Ինչպես տիեզերքի մասին խորհրդային ֆիլմերը։ Կարծես թե խոսում ենք մի բանի մասին, որ տեղի է ունենում այլ աշխարհում, բայց իրականում խոսում ենք մեր իրականության մասին։

– Ճիշտն ասած, Հայրենական մեծ պատերազմի մասին ավելի հեշտ է պատմել գեղարվեստական ֆիլմերի միջոցով։ Այս իմաստով որևէ գաղափարական դժվարություններ չկան։

-Առկա ուսումնասիրություններում ի՞նչ է պակասում, ո՞ր ասպեկտներն են մնացել առանց լուսաբանման։

-Սա հայ ժողովրդի ողբերգությունն է։ Մենք ունենք Սփյուռք, որը երկու անգամ ավելի մեծ է, քան Հայաստանի բնակչությունը, ինչը նշանակում է, որ Արևմուտքում կամ Մերձավոր Արևելքում, որտեղ նրանք հիմնականում բնակվում էին, ձևավորվել է մեկ այլ մշակույթ։ Կարող ենք ասել, որ ձևավորվել է հայաստանյան «հայագիտություն» և արևմտյան «հայագիտություն»։ Նման իրավիճակ է տիրում ընդհանրապես ողջ հետխորհրդային տարածքում։

֊ Ինչո՞վ են արևմտյան ուսումնասիրությունները տարբերվում Հայաստանում իրականացվող հետազոտություններից։

֊ Պետք է հասկանալ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո գաղափարայնացվածությունը չի վերացել։ Սփյուռքի մեր հայ գործընկերները մեզ ինչո՞ւմ են մեղադրում։ Նրանում, որ Հայաստանը գաղափարայնացված է։ Հայկական ազգայնականությունը շատ առանձնահատուկ է, և որոշ քննադատական մոտեցումներ դիտարկվում են որպես հայրենիքի դավաճանություն։

֊ Հայաստանցի քաղաքական գործիչները ցեղասպանության հարցն ինչպե՞ս են շահարկում։ Ուկրաինայում ցեղասպանության թեման երբեմն օգտագործվում է այս կամ այն նպատակներով։ Հայաստանում նման բան կա՞։

֊ Կա մի հասկացություն, որը կոչվում է պատմական քաղաքականություն՝ երբ պատմությունն օգտագործում են քաղաքական նպատակներով։ Եթե հիշում եք, ԽՍՀՄ֊ում հերքում էին ոչ միայն Հոլոդոմորը, այլև՝ հրեաների ցեղասպանությունը։ «Ցեղասպանություն» բառը Խորհրդային Միությունում ընդունված չէր։ 60֊ականներին սկսեցին թույլատրվել որոշակի ելույթներ Թուրքիայի դեմ։ Թուրքիային հիշեցրին 1915֊ի հայոց ցեղասպանության մասին։ Դրանից հետո, երբ 1991 թվին իշխանության եկան լիբերալ ուժերը, Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալը շատ կարևոր դարձավ։ Ուստի, ցեղասպանության հարցը թողեցին հայկական սփյուռքին։

֊ Հայոց ցեղասպանությունն ու անկախությունից հետո դրա վերաբերյալ ուսումնասիրությունները որքանո՞վ են ազդել հայերի ինքնության վրա։

– Կարծում եմ՝ սփյուռքի ինքնության ձևավորման հարցում ցեղասպանությունը վճռորոշ դեր է ունեցել։ Միևնույն ժամանակ, սակայն, համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում շատ ավելի կարևոր դեր են խաղում այլ գործոններ։ Օրինակ, ղարաբաղյան հարցը։