Պաշտպանության նախարության նախկին շենքից վտարված մարդկանց խնդիրները չեն պակասում։ Անտնությանը զուգորդում է հանրային պախարակումը։ Մոտակա Պռոշյան համայնքի դպրոցի տնօրենը արգելել է ՊՆ նախկին շենքի նախկին բնակիչների երեխաներին մտնել ուսումնական հաստատություն։ «Այդ բոմժերին չթողնեք երկրորդ հարկ բարձրանան», – Epress.am-ի հետ զրույցում տնօրենին մեջբերել է Ռուզաննան, ում որդին արդեն մեկ տարի է՝ դպրոց չի հաճախում։ Տնօրենի հարձակումներին միացել են նաև աշակերտները, որոնք «ամաչեցնում» և վիրավորում են շենքից ոստիկանական ուժով վռնդված երեխաներին վրաններում ապաստանելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում․
ՊՆ նախկին շենքը 10 օր առաջ են պայթեցրել։ Պետական եկամուտները կոմիտեն այնտեղ Արտաքին տնտեսական գործունեության կենտրոն է նախատեսում կառուցել։ Պաշտպանության նախարարությունը 2008 թվականին տեղափոխվել է Բագրևանդ։ Աշտարակի խճուղում՝ Պռոշյան գյուղի հատվածում գտնվող նախկին մասնաշենքը անցած 14 տարիների ընթացքում կիսալքված էր։ 2022-ի սեպտեմբերից շենքը սքվոթավորվել է։ Նոր բնակիչների խոսքով՝ մոտ 150 ընատնիք, մեծ մասը՝ անապահովներ, ինստագրամյան ինչ-որ կանչին հետևելով՝ բնակություն են հաստատել այնտեղ, ընթացքում կարգի են բերել տարածքը։
Անցած տարվա փետրվարին ոստիկանները ներխուժել են շենքի տարածք, բնակիչներին բռնի ուժով հանել են, տղամարդկանց բերման են ենթարկել։ Շենքի բնակիչները մնացել են դրսում՝ վրանների մեջ։ Նախկին բնակիչներից Գոհարը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ իրենց փետրվարին են այնտեղից հանել, դրանից հետո իրենք տեղափոխվել են Սոցապ նախարարության տրամադրած հանրակացարան․ «Դիմեցի վարձերի կամ հանրակացարանում տուն տալու համար։ Էնքան փոքր քառակուսի էին տվել, որ էդտեղ չորս հոգով հնարավոր չէր ապրել․ ոչ տուալետ կար, ոչ մի բան։ Տուն վարձեցինք, հիմա էլ մի կերպ ենք յոլա գնում։ Ոչ մի աջակցություն էլ ինձ չեն տրամադրել»։
Նախկին բնակիչ Ռուզաննան ընտանիքի հետ միասին ՊՆ շենքի հարակից տարածքում՝ վրանի մեջ է ապրել մինչև 2023-ի դեկտեմբերի 15-ը։ Հեռացել են երեխայի հիվանդանալուց հետո․
«Վերջում մնացել էինք ես ու տղաս, ամուսինս պոստերում էր։ Մի օր ուժեղ քամի եղավ, պալատկան շուռ էր եկել մյուս պալատկայի վրա։ Մարդ չկար, որ ինձ օգներ՝ պալատկան տեղավորեինք, փեչ տեղադրեինք։ Մենք այդտեղից դուրս եկանք։ Մեկ-երկու հոգի էլ կային այնտեղ, բայց իրենք ավելի շուտ բնակարան էին վարձել ու գնացել»։
Ռուզաննան հիմա ժամանակավոր ապրում է «Ռոբոտի հանրակացարանում»՝ տեգրոջը պատկանող սենյակում․ «Վրանի տակ մնայի՝ ավելի լավ պայմաններ էին, քան թե այն պայմանները, որոնց մեջ հիմա ենք ապրում։ Այնտեղ պատերը քանդված են, ոչ զուգարանն է նորմալ, ոչ ջուր կա նորմալ։ Գոյատևում ենք, մինչև տեսնենք՝ ինչ կլինի»։
Նամակով դիմել է Սոցապ։ Սոցապից ասել են՝ նամակը Միասնական սոցիալական ծառայությունում է։ Դրանից հետո Ռուզաննան մի քանի անգամ գնացել է պատասխանն իմանալու․ «Մի անգամ գնացի՝ ընդմիջում էր, երկրորդ անգամ աշխատակիցը տեղում չէր»։ Հետո հասկացել է, որ հարցը լուծելու փոխարեն աշխատակիցները իրար վրա են բարդում այն, ոչ մի բան էլ չեն պատրաստվում անել։ Էլ պատասխանի հետևից չի գնացել։
ՊՆ շենքի արդեն նախկին բնակիչների հետ կապը պահում է, ասում է՝ որոշները տուն են վարձել, մի կերպ փորձում են յոլա գնալ, որոշները բնակվում են նախարարության տրամադրած սոցիալական կացարաններում։