Պաշտպանության նախարության նախկին շենքը պայթեցրել են։ ՊԵԿ-ը դրա փոխարեն Արտաքին տնտեսական գործունեության կենտրոն է նախատեսում կառուցել։ Շենքում ապաստանած ժողովրդին վռնդել են՝ մի մասին տեղավորելով հանրակացարաններում։
Պաշտպանության նախարարությունը 2008 թվականին տեղափոխվել է Բագրևանդ։ Աշտարակի խճուղիում՝ Պռոշյան գյուղի հատվածում գտնվող նախկին մասնաշենքը անցած 14 տարիների ընթացքում կիսալքված էր։ 2022-ի ապրիլին կառավարության որոշմամբ շենքն անցել է ՊԵԿ-ին։ Այնտեղ նոր կենտրոն են պլանավորում բացել։
2022-ի սեպտեմբերից շենքը սքվոթավորվել է։ Նոր բնակիչների խոսքով՝ 150-ից 200 ընատնիք, մեծ մասը՝ անապահովներ, բնակություն են հաստատել այնտեղ։ Ինչպես է կազմակերպել վերաբնակեցումը՝ այդքան էլ պարզ չէ։ Շենքում ապաստանած մարդիկ Epress.am-ին պատմել էին՝ հայտարարություն են տեսել սոցցանցերում, ու քանի որ ապրելու այլ տեղ չունեին՝ գնացել են այնտեղ։ Մի քանի ամսվա ընթացքում սեփական միջոցներով կարգի են բերել տարածքը, հարմարեցրել են այն կոմունալ կյանքի համար։
Անցած տարվա փետրվարին ոստիկանները ներխուժել են շենքի տարածք, բնակիչներին բռնի ուժով հանել այնտեղից, տղամարդկանց էլ բերման են ենթարկել։ Ոստիկանության աշխատողը արդարացել է՝ «մենք ոչ թե ներխուժել ենք, այլ ներխուժումն ենք վերացրել»։
արխիվ / 2023-ի փետրվարի 17
Շենքի բնակիչները մի քանի օր գիշերել են դրսում՝ վրանների մեջ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խոստացել էր կացարաններ և վարձավճարի ժամանակավոր փոխհատուցում տրամադրել անօթևան մնացածներին։
արխիվ / 2023-ի փետրվարի 28
Շենքի նախկին բնակիչ Գոհարը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ իրենց փետրվարին են այնտեղից հանել, դրանից հետո իրենք տեղափոխվել են Սոցապ նախարարության տրամադրած հանրակացարան․
«Դիմեցի վարձերի կամ հանրակացարանում տուն տալու համար։ Էնքան փոքր քառակուսի էին տվել, որ էդտեղ չորս հոգով հնարավոր չէր ապրել․ ոչ տուալետ կար, ոչ մի բան։ Տուն վարձեցինք, հիմա էլ մի կերպ ենք յոլա գնում։ Ոչ մի աջակցություն էլ ինձ չեն տրամադրել»։
Նախկին բնակիչ Ռուզաննան ասում է, որ ինքը ընտանիքի հետ միասին ՊՆ շենքի հարակից տարածքում՝ վրանի մեջ է ապրել մինչև 2023-ի դեկտեմբերի 15-ը։ Հեռացել են երեխայի հիվանդանալուց հետո․
«Վերջում մնացել էինք ես ու տղաս, ամուսինս պոստերում էր։ Մի օր ուժեղ քամի եղավ, պալատկան շուռ էր եկել մյուս պալատկայի վրա։ Մարդ չկար, որ ինձ օգներ՝ պալատկան տեղավորեինք, փեչ տեղադրեինք։ Մենք այդտեղից դուրս եկանք։ Մեկ-երկու հոգի էլ կային այնտեղ, բայց իրենք ավելի շուտ բնակարան էին վարձել ու գնացել»։
Ռուզաննայի խոսքով՝ սոցապ նախարարությունը սկզբում ժամանակավոր կացարան է առաջարկել բոլորին․
«Մեծ մասը վերցրեցին բանալիները, մենք մնացինք, որովհետև էլ բանալի չկար, որ մեզ հատկացնեին։ Մնացինք էդտեղ»։
Ռուզաննան հիմա ժամանակավոր ապրում է «Ռոբոտի հանրակացարանում»՝ տեգրոջը պատկանող սենյակում․ «Վրանի տակ մնայի՝ ավելի լավ պայմաններ էին, քան թե այն պայմանները, որոնց մեջ հիմա ենք ապրում։ Այնտեղ պատերը քանդված են, ոչ զուգարանն է նորմալ, ոչ ջուր կա նորմալ։ Գոյատևում ենք, մինչև տեսնենք՝ ինչ կլինի»։
Նամակով դիմել է Սոցապ։ Սոցապից ասել են՝ նամակը Միասնական սոցիալական ծառայությունում է։ Դրանից հետո Ռուզաննան մի քանի անգամ գնացել է պատասխանն իմանալու․ «Մի անգամ գնացի՝ ընդմիջում էր, երկրորդ անգամ աշխատակիցը տեղում չէր»։ Հետո հասկացել է, որ հարցը լուծելու փոխարեն աշխատակիցները իրար վրա են բարդում այն, ոչ մի բան էլ չեն պատրաստվում անել։ Էլ պատասխանի հետևից չի գնացել։
ՊՆ շենքի արդեն նախկին բնակիչների հետ կապը պահում է, ասում է՝ որոշները տուն են վարձել, մի կերպ փորձում են յոլա գնալ, որոշները բնակվում են նախարարության տրամադրած սոցիալական կացարաններում։
Աշտարակի խճուղում գտնվող մասնաշենքում վերջին անգամ 2023-ի մարտին ենք եղել։ Թեև բնակիչներին արդեն տեղեկացրել էին, որ վերադառնալ չեն թողնի, մարդկանց մի մասը հրաժարվել էր լքել տարածքը։ Ապրում էին բակում, մասամբ՝ վրանների մեջ։ Տեղում ոստիկաններ էին հերթապահում։
Տարբեր ընտանիքներ կային։ Մի մասը գյուղերից էր եկել, մի մասը՝ վարձով տնից։ Մարդիկ պատմում էին՝ գները այնքան են բարձրացել, որ էլ չեն կարողանում վարձավճար տալ։ Սքվոթել են լքված շենքը, որովհետև ուրիշ տարբերակ չունեին։ Բնակիչները անընդհատ շեշտում էին՝ իրենց մեջ պատերազմի մասնակիցներ, պայմանագրային զինծառայողներ էլ կան։ Աշխատողները առավոտյան գնում էին գործի, երեխաներին պահում էին նրանք, ովքեր գործազուրկ են։
Մեր այցից կարճ ժամանակ հետո իմացանք՝ շատերը չեն դիմացել ցրտին, լքել են վրանները, համաձայնել տեղափոխվել սոցապի կացարան։ Կառավարության մոտ բողոքի ցույցեր էին։