Արարատի Զոդի զորամասում 2023 թվականի օգոստոսի 10-ին հրազենային վիրավորումներից զոհվել էր ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը։ Ժամեր անց նույն զորամասում մահացել էր նաև ժամկետային զինծառայող Գրանիկ Խնկոյանը։ Կարապետյանը գլխի հատվածում երկու կրակոցից է մահացել, Քննչական կոմիտեն պնդում է, որ նա ինքնասպան է եղել։ «Անզգուշությամբ ինքնասպանության դրդելու» համար մի դեպքում կալանավորել են համածառայակիցներին, մյուս դեպքում՝ վերադաս սպային, որը զորքի առաջ նվաստացրել, հայհոյել և ծեծել էր Գրանիկ Խնկոյանին։
Ժորա Կարապետյանի գործով նախաքննությունն ավարտվել է, նյութերն արդեն ուղարկվել են դատարան։ Զոհվածի հորեղբայր Արծրուն Կարապետյանը, փաստաբան Մոնիկա Մարգարյանը և իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այսօր ասուլիս էին հրավիրել «Մեդիա կենտրոնում»։ Պաշտոնական վարկածը նրանք արժանահավատ չեն համարում։
«Ժորա Կարապետյանը մի քանի կրակոց էր ստացել գլխի շրջանում՝ ճակատին։ Նա անմիջապես մահացել է։ Նրան հիվանդանոց տեղափոխելը, բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտությունը ուղղակի անտրամաբանական էր», – ասել է փաստաբանը։
Դատաբժկական եզրակացությամբ հաստատվել է՝ կրակոցները երկուսն են եղել։ Դեպքի վայրից քննիչները երեք պարկուճ են հայտնաբերել։ Նախաքննությունը, ըստ Մարգարյանի, այդպես էլ չի պարզել՝ այդ երրորդ պարկուճը ով և ուր է կրակել։
Փաստաբանը պատահականություն չի համարում նաև այն, որ Ժորայի մահվան մասին ռազմական ոստիկանությանը տեղեկացրել են դեպքից երկուսուկես ժամ անց․ «Այդ ժամանակը [սովորաբար] բավական է լինում, որպեսզի դեպքի վայրը փչացնեն, ապացույցները անդառնալի կորցնեն և անհետացնեն»։
Գործով անցնող վկաներից մեկը, ըստ նրա, նախաքննության ընթացքում հայտնել է, որ ռազմական ոստիկանությունում իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել։ Այս մասով վարույթը հետագայում կարճվել է։ «Ընդհանուր առմամբ, վկաները ցուցմունքներ են տվել, որ լսել են երեքից չորս կրակոց։ Հնարավոր է՝ փոխհրաձգություն է եղել։ Մեղադրյալներից մեկը հայտնել է, որ ինքն էլ է երեք կրակոց լսել։ Նրա կարծիքով՝ դրանք մենահատ կրակոցներ են եղել։ Նա համոզված է, որ Ժորա Կարապետյանը ինքնասպանություն չի գործել», – պատմել է Մարգարյանը։
Հարցին՝ ո՞րն է ինքնասպանության վարկածի հիմքը, փաստաբանը պատասխանել է․ «Նախաքննական մարմնի եզրակացությունը, որ տեղի ունեցածը ինքնասպանություն էր, հիմնվում է փակ հաստատությունում գտնվող վկաների ցուցմունքների վրա։ Վկաները համածառայակիցներն են՝ նրանք, ովքեր դեպքի օրը մարտական հերթապահություն են իրականացրել Ժորա Կարապետյանի հետ։ Այս ցուցմունքները արժանահավատ չեն և նույնաբովանդական են՝ իբրև թե երկու զինծառայող վիրավորել և ծեծել են Կարապետյանին, իբրև թե այդ ամենը տևել է մեկ օր, և արժանապատվությունը նվաստացնելու միջոցով իբրև թե նրան հասցրել են ինքնասպանության։ Այն էլ՝ անզգուշությամբ են հասցրել»։
Ժաննա Ալեքսանյանը, Մոնիկա Մարգարյանը և Արծրուն Կարապետյանը, լուսանկարը՝ Մեդիա կենտրոն
Զորհվածի հորեղբայր Արծրուն Կարապետյանն էլ հիշեցրել է դատաբժշկական մեկ այլ փորձաքննության կասկածելի ընթացքի մասին,
«Դատաբժիշկ Իսկոյանը առանց փորձանմուշ վերցնելու նշել է, որ «եղել է լրացուցիչ գործոնների հիման վրա»։ Եթե ինքը նշում չի վերցրել, եթե այդ նմուշը չի ուղարկվել համապատասխան փորձաքննության, ինչ պատճառաբանությամբ է եզրակացրել, որ «եղել է լրացուցիչ գործոնների հիման վրա»։ Քննիչը հարց է տալիս՝ ի՞նչ հիմքով եք դա նշել, ինքը ասում է՝ քանի որ վիրահատական միջամտություն է եղել։ Ես պնդում եմ, որ վիրահատական միջամտություն չի՛ եղել։ Ընդամենը վիրաբույժը հետևի բացված մասերն է հավաքել իրար վրա ու կարել։ Գանգուղեղը թափած՝ այդ վիճակում նա չէր կարող ողջ մնալ։ Երեխան հենց նույն վայրկյանին է մահացել»։
Հորեղբոր խոսքով՝ Ժորային սկզբում Արարատի հիվանդանոց են տեղափոխել, հետո տարել են Մուրացան «զուտ ծածկադմփոց անելու համար»։
«Երբ զորամասի հրամանատար Ֆարմանյան Միքայելին հարց եմ ուղղում, ասում եմ՝ սա մի մեծ ընտանիք է, դուք այս ընտանիքի ղեկավարն եք, ձեզ հետաքրքիր չէ՞, թե ինչ է կատարվում ձեր զորամասում, նա ասում է՝ ինձ ի՞նչ, քննիչ կա, թող զբաղվի դրանով։ Իրենք չեն էլ թաքցնում իրենց լկտիության աստիճանը, այնտեղ մեկը մեկից տեղեկություն չունի։
Մի սպան քեզ կարող է մի բան ասել, մյուսը՝ ուրիշ։ Ինձ ասել են, որ դեպքից անմիջապես հետո իրենք ցուցաբերել են բժշկական օգնություն։ Հետո, երբ խոսել եմ վաշտի հրամանատար Ապետյան Ռոմիկի հետ առերեսման ժամանակ, ասել է, որ ինքը եղել է չորս պոստ հեռու, զանգահարել են և առաջինը ինքն է մոտ եկել։ Չորս պոստ հեռու։ Ինչքա՞ն ժամանակ հետո ինքը կհասներ դիակին։ Ասում է՝ տղաները վախեցել են, չեն մոտեցել դիակին, առաջինը ես եմ մոտեցել՝ դիակը կողքի ընկած է եղել, զենքը կողքին։ Դիրքի ավագն էլ ասում է՝ առաջինը ես եմ մոտեցել, դիակը եղել է փորի վրա, զենքը՝ տակը», – ասել է Կարապետյանը։
Հորեղբայրն առաջին անգամ չէ այս հարցերը տալիս։ Ամիսներ առաջ էլ էր ահազանգել՝ զինծառայողներից մեկը ասել է, թե Ժորային գտել են փորի վրա, տակն էլ սերժանտ Ռոմանի զենքն է դրած եղել, մյուսը պատմել է, թե սերժանտ Ռոմանն իրականում այնքան խեղճ է եղել, որ դիրքի ավագ Աբրահամը և ավագին փոխարինող Բախշիկը անընդհատ նեղել են նրան։ Աբրահամն ու Բախշիկը հիմա կալանավորված են՝ մեղադրվում են ծառայակցին անզգուշությամբ ինքնասպանության դրդելու մեջ։
«Բախշիկը եղել է պոստի ավագին փոխարինողը, երբ ավագը վերապատրաստումների է եղել։ Այդ ընթացքում իբր Ժորան քնել է պոստերում, երբ Աբրահամը գանցել է, Բախշիկը իրեն այդ մասին պատմել է։ Ժորան, երբ հերթապահությունը հանձնել է ու գնացել, քնել է, Աբրահամը ոտքով խփել է ու ասել՝ հել, քնել ես, պետք է բոլորի տեղը կանգնես։ Ծեծ է եղել, կռիվ, ջարդ, որ Ժորան ամեն օր կանգնի, բայց ինքը չի կոտրվել, չի կանգնել», – տարբեր տեղերից իր լսածները ամիսներ առաջ վերապատմել էր Արծրուն Կարապետյանը։ Հորեղբայրն ասել էր, թե հարց է տվել զինծառայող Բախշիկին․ «Բախշիկ կոչեցյալն ասում էր՝ ինքը [Ժորան] ճակատին խփեց, չմահացավ, հետո հելավ նորից խփեց»։
Ժորայի հայրը՝ Ջանիբեկ Կարապետյանը, հարց էր տվել՝ ինչպե՞ս է տղան ավտոմատից կրակել սեփական ճակատին․ «Ձեռքինը պիստալետ չէր, որ դներ գլխին, կրակեր։ Ավտոմատը երկար է, ո՞նց էր ճակատին դնելու»։
Ժորա Կարապետյանը 18 տարեկան էր։ Ծնվել էր Գեղարքունիկ գյուղում։ 7 ամսվա ծառայող էր։
տե՛ս Փրկեք երեխաներին Արարատի զորամասի սպաներից