Home / Կրթություն / Եզդիական համայքներում շրջանցում են «Հանրակրթության մասին» օրենքը․ ԿԳՆ-ն որևէ կերպ չի միջամտում

Եզդիական համայքներում շրջանցում են «Հանրակրթության մասին» օրենքը․ ԿԳՆ-ն որևէ կերպ չի միջամտում

Հայաստանում 2017 թվականի սեպտեմբերի 1-ից «Հանրակրթության մասին» օրենքում արված փոփոխությունը, համաձայն որի՝ 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր, իսկ երեխայի կրթության իրացման իրավունքը խախտող ծնողները ենթարկվում են վարչական տույժի, եզդիական մի շարք համայնքներում շրջանցվում է։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին։

«Սեպտեմբերի 1-ից հետո մենք Արմավիր և Արագածոտն մարզերում իրականացրել ենք հարցում։ Պարզվել է, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս համայնքում դպրոց չի հաճախում 4 երեխա, որից 2-ը պետք է հաճախեին առաջին դասարան, 2-ը՝ 10-րդ դասարան։ Արմավիրի մարզում, համաձայն 5 գյուղի տվյալների, եզդի 32 երեխա չի հաճախում դպրոց, որից 19-ը 10-12-րդ դասարանի աղջիկներ են։ Նույն մարզի Արտաշար համայնքում դպրոց չի հաճախում 10 երեխա, որից 6-ը՝ տղա, 4-ը՝ աղջիկ։ Ֆերիկ համայնքում 1 աղջիկ, Նալբանդյան համայնքում 6 աղջիկ, Տանձուտ համայնքում 9 երեխա, որից 6-ը՝ տղա, 3-ը՝ աղջիկ։ Եղեգնուտ համայնքում 1 տղա և 5 աղջիկ»,- նշել է Մուրազին՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 6-ի դրությամբ մարզպետարաններն ու ԿԳՆ-ն որևէ կերպ չեն միջամտել, իսկ ծնողներն էլ չեն ենթարկվել վարչական տուգանքների։

Նրա խոսքով՝ եզդի երեխաների կրթության իրավունքի իրացման խոչընդոտումը կապված չէ ծնողների սոցիալական վիճակի հետ։

Ասուլիսի մասնակից Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանը վստահ է, որ կրթության իրավունքի չիրացման պատճառը պետք է փնտրել բարոյահոգեբանական մակարդակում։

«Աղջիկների մասով հիմնավորումն այն է, որ նրանք արդեն մեծ են և դպրոց չհաճախելը կապված է ազգային ավանդույթների հետ։ Իսկ տղաների դեպքում աշխատանքն է, ծնողներին օգնելու պատճառաբանությունը։ Կարևոր է համայնքի ներգրավածությունը, փորձում ենք ներգրավել նաև ուժային կառույցներին, բայց դա ոչ միշտ է արդյունավետ, քանի որ ծնողն ինքը պետք է հասկանա, որ դպրոց հաճախելը երեխայի իրավունքն է»,- ասել է բանախոսը՝ ավելացնելով, որ եթե իրենք չմիջամտեին, ապա ներկայացված թվերն ավելի մեծ կլինեին։

Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Մամիկոն Աբգարյանի խոսքով՝ երեխաների կրթության իրացման խոչընդոտ է նաև ուսուցիչների մասնագիտական կրթություն չունենալը։

«Մեր մարզի 22 համայնքերում կան եզդիաբնակ քաղաքացիներ և այս մարզում երեխայի կրթության իրավունքն իրացնելը կախված չէ ո՛չ երեխայի սեռից, ո՛չ ազգությունից։ Կարևոր խոչընդոտ է այն, որ ուսուցիչների մեծ մասը համապատասխան կրթություն չունեն, թեև անընդհատ վերապատրաստվում են»,- նշել էր Աբգարյանը՝ հույս հայտնելով, որ այդ խնդիրը ևս լուծվելու է։

Կրթության ազգային ինստիտուտի եզդիերեն լեզվի մանկավարժների վերապատրաստող Հասան Թամոյանը, իր հերթին, նշել է, որ օրենքում արծարծվում է ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից «երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելու» մասին դրույթը, ինչը տարընթերցումների և տարամեկնաբանման տեղ է տալիս։

«Ի՞նչ է նշանակում «չարամտորեն»։ Եթե ծնողը գտնվում է սոցիալական ծանր վիճակում, հիվանդ է, բնականաբար սա չի համարվում չարամտորեն։ Ես կարծում եմ, որ ծնողը որևէ դեպքում չարամտորեն չի գործում։ Ոչ մի ծնող կատեգորիկ չի ասի, որ իմ երեխան եզդի է, ուրեմն չպետք է գնա դպրոց»,- ընդգծել էր Թամոյանը՝ նշելով, որ միշտ չէ, որ հարկադիր գործողությունները կարող են իրենց արդյունքները տալ։

Նրա խոսքով՝ հարկադրանքի, ծնողներին վարչական տույժերի ենթարկելու փոխարեն պետք է «մտավորականությունը փորձի ծնողներին համոզել, որ կրթություն ստանալը երեխայի սահմանադրական իրավունքն է»։