Home / Առողջապահություն / Կորոնավիրուսի դեպքերի թիվը ավելացել է 41-ով՝ հասնելով 235-ի

Կորոնավիրուսի դեպքերի թիվը ավելացել է 41-ով՝ հասնելով 235-ի

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 41-ով՝ հասնելով 235-ի: Նոր դեպքերի մեծ մասը կապված են երկու նոր օժախներում՝ Կոտայքի մարզի և Երևանի Էրեբունի համայնքի արտադրական ձեռնարկություններում հայտնաբերված վարակի դեպքերի հետ: Նոր դեպքերի հետ սերտ շփում ունեցածների շրջանակը պարզվում է։ Նախատեսվում է, որ նրանք ևս կմեկուսացվեն։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ հեռարձակմամբ հայտնեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Վարակվածներից 26-ը թոքաբորբ ունեն, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք։ Թոքաբորբով հիվանդների առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի, 34 հոգի ունի 37-38 ջերմություն, 6 հոգի՝ 38-39, 1 հոգի՝ 39-ից բարձր։ Ոչ ոքի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2624766984466500/

 

235 վարակվածներից 3-ը արդեն առողջացել են։ Վաղը լրանում է մեկուսացման մեջ գտնվող ավելի քան 600 քաղաքացիներից շուրջ 70-ի մեկուսացման 14-օրյա ժամկետը․ նրանք կրկին կթեստավորվեն, բացասական արդյունք ունեցողները կուղեկցվեն տուն։

Դեպքերի կտրուկ աճին արձագանքելով՝ որոշում է կայացվել խստացնել արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները։ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, կփակվեն բոլոր սրճարանները, ռեստորանները, նրանք հնարավորություն կունենան պահպանել առաքման ծառայությունները։ Շինարարական աշխատանքները կդադարեն։ Կդադարեն նաև արդյունաբերական որոշ ճյուղերի աշխատանքները։ Անխափան կաշխատեն միայն առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրամասերը, սննդի խանութները, դեղատները և այլն։ Վաղը առավոտյան պարետատունը կհրապարակի օբյեկտների ամբողջական ցանկը, որոնց գործունեությունը առնվազն մեկ շաբաթով կկասեցվի։

Նախարարը և վարչապետը կոչ արեցին հնարավորինս սահմանափակել տեղաշարժը, մնալ տանը, դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/569208893947526/

Մարտի 23-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 332 930 հաստատված դեպք։ Մահերի թիվը հասել է 14 510-ի։