Ղարաբաղի նոր նախագահ, ձեռներեց Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին իր գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության անունից համագործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, պատերազմի վետերան, 90-ականների Ղարաբաղի ոչ ֆորմալ առաջնորդ Սամվել Բաբայանի հետ։ Վերջինս անցած ընտրություններին Արայիկ Հարությունյանի սկզբունքային հակառակորդ էր ձևանում, ինչը թույլ տվեց ցրել ընդդիմադիր ձայները մի քանի ուժերի միջև և չեզոքացնել բոքողի ալիքը։
Հարությունյան-Բաբայան համագործակցությունը փաթեթավորվել է «հայրենիքի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու» պահանջով։
Ղարաբաղյան Ազգային վերածնունդ կուսակցություն անդամ Տիգրան Գրիգորյանն, անդրադառնալով կատարվածին, ֆեյսբուքի իր էջում մասնավորապես գրում է․ «Սամվել Բաբայանը լինելու է Արայիկ Հարությունյանի ենթական։ Այն նույն Արայիկի, որին նա երկու ամիս առաջ ժեշտանչի էր անվանում ։)»։
Մեկնաբանություններում նա բացատրում է, որ Բաբայանը կաշառք բաժանող Հարությունյանին «ժեշտանչի» էր անվանել նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ։ «․․․Ժեշտ բաժանելը նաև Արցախում տարածված ընտրակաշառքի տեսակ է: Նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ մի գյուղացի Բաբայանից ժեշտ էր ուզել, ինքն էլ պատասխանել էր, որ ժեշտանչին (Արայիկ Հարությունյանը) հաջորդ օրն է գալու :Ճ»։
Բաբայանի արարքի մասին գրել է նաև Ազգային վերածնունդ կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը, որը 2016 թվականին՝ Ապրիլյան քառօրյաից հետո, սատարեց Ղարաբաղ եկող Սամվել Բաբայանին և հանրահավաք կազմակերպեց Ստեփանակերտում։ Տեղի քաղաքական և ռազմական վերնախավը և դրանց սպասարկուները առևանգեցին և դաժան ծեծի ենթարկեցին ընդդիմադիրին։
Հարությունյան-Բաբայան դաշինքի մասին Խանումյանը գրում է․
– Սամվել Բաբայանն Արցախյան պատերազմում ամենամեծ վաստակ ունեցած գործիչն է: Նա կարող էր մեծ վաստակ ունենալ նաև քաղաքական դաշտում, եթե որոշեր ընդդիմություն լինել և իր կուսակցությամբ ուժեղացներ քաղաքական դաշտը: Բայց այսօր նա իր կուսակցության անունից համագործակցության հուշագիր է ստորագրել Արայիկ Հարությունյանի և վերջինիս քաղաքական դաշինքի հետ: Արայիկ Հարությունյանին քննադատող և ամենավերջին բառերով հայհոյող գործիչը դարձել է Արայիկ Հարությունյանի թիմակիցը: Սամվել Բաբայանը հերթական քաղաքական առևտրականն է: Նա վաճառում է իր ստացած ձայները՝ ստանալու որոշ պաշտոններ գործադիրում, անձամբ իր համար Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Բնականաբար անվտանգության խորհրդի համար նոր հաստիքներ կառանձնացնեն և Ս.Բաբայանը հանարավորություն կունենա իր մի շարք թիմակիցների ապահովել աշխատավարձով: Երևի ծառայողական ավտոմեքենա և թիկնապահ էլ կունենա: Եվ այս լրացուցիչ հաստիքների ու ընդհանրապես գործարքի համար ամբողջովին կվճարի ժողովուրդը՝ իր հարկերից: Սրանով Սամվել Բաբայանը կորցնում է նաև քաղաքական կշիռը: Սամվել Բաբայանի հարցով արդեն ոչ թե իր հետ են խոսելու, այլ իր նոր վերադասի՝ Արայիկ Հարությունյանի հետ: Բազմիցս ես Բաբայանի թիմակիցներին ասել եմ, որ Սամվել Բաբայանն Արայիկ Հարությունյանի խաղն է խաղում, և Բաբայանի կուսակցությանը ձայն տվողները ձայն են տալիս «Ազատ Հայրենիքին»: Դեռ 2019թ. ամռանը հստակ էր, որ Սամվել Բաբայանը և Արայիկ Հարությունյանն Արթուր Վանեցյանի քավորությամբ սերտ համագործակցության պայմանավորվածություն ունեն: Ուղղակի պետք էր թիմակիցներին և ընտրողներին մի քանի ամիս էլ խաբել, մինչև որ ընտրություններին ունենային ցանկալի արդյունքը:
Իրականում «Միասնական Հայրենիք» և «Ազատ Հայրենիք» կուսակցությունների միջև որևէ գաղափարական տարբերություն չկա: Երկուսն էլ ձգտում են իշխանության՝ պետական ռեսուրսներն անձնական ու նեղ խմբակային շահերին ծառայեցնելու համար:
Արցախի քաղաքական համակարգն առաջ գնալու որևէ հնարավորություն չունի, մինչև ամբողջությամբ չմերժվեն քաղաքական առևտրականները՝ թե՛ ծախվածները, թե՛ գնորդները: