հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայկ Խանումյանին ստիպել են թուղթ ստորագրել․ ծեծի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Հայկ Խանումյանին ստիպել են թուղթ ստորագրել․ ծեծի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

«Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել»։ Այս մասին երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է հունիսի 6-ի առավոտյան ծեծի ենթարկված Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը՝ ընդգծելով, որ թղթի ստորագրումը և տեսանյութն իր կողմից եղել են տակտիկական քայլ` «բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար»։ Վերջինս նշել է, որ տեսանյութը և ստորագրված թուղթը ոչ մի ուժ չունեն, որովհետև դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ։ Խանումյանը նշել է նաև, որ ծեծի հետևանքով ստացել է կողերի, քթի, այտոսկրի վնասվածքներ, իսկ ծեծողներից 7-ին ինքը ճանաչում է։

«Երբ Խանումյանը դուրս է եկել Ազգային ժողովի շենքից, իրեն մոտեցել են 7-8 հոգի զինվորական համազգեստով անձինք, ծեծելով նստեցրել են մեքենան, տարել Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող Խնածաղ գյուղ, որտեղ մոտ 20 հոգով սկսել են հարվածել», – դեպքի մասին գրում է Azatutyun.am-ը՝ հավելելով, որ երեկ հիվանդանոցում Խանումյանին այցելեց նաև Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Նշենք, որ վերջինս հունիսի 5-ին երկարատև բացակայությունից հետո վերադարձել էր Ղարաբաղ։ Նույն օրը Ստեփանակերտում՝ նախագահականի դիմաց, հավաք էր կազմակերպվել, որի մասնակիցները պահանջել են Սամվել Բաբայանին նշանակել ԼՂՀ ՊԲ հրամանատար։ Այդ նախաձեռնության հեղինակներից մեկը Հայկ Խանումյանն է եղել։

Azatutyun.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Խանումյանին ծեծի ենթարկելուն, Բաբայանը նշել է, որ համաձայն Խանումյանի պատմածի՝ ծեծողները ստիպել են, որ վերջինս ասի, որ երեկվա հավաքի համար Բաբայանը ինքն է փողը տվել։ Լրագրողի հարցին, թե Բաբայանը ինչ քայլեր է ձեռնարկելու և արդյոք ինքը ցանկություն ունի՞ նշանակվել ԼՂՀ պաշտպանության նախարար, նա ասել է․ «Հայկ Խանումյանը ղալաթ ա արել, որ ինձ առաջարկել է պաշտպանության նախարար։ Որ խնդրեն էլ, ես չեմ ուզում ՊՆ նախարար դառնալ։ Ես երեկ էլ եմ ասել, այսօր ևս հայտարարում եմ, որ չեմ ուզում պաշտպանության նախարար դառնալ։ Ի՞նչ անեմ, ես էլ բռնեմ իրանց ծեծեմ, իմ քայլը ինչ պետք է լինի»։

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, իր հերթին, a1plus.am֊ի հետ զրույցում հայտարարել է, որ Խանումյանին ծեծի ենթարկելու միջադեպի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։

«Դրան լավ ճանաչելով, նման զարգացում երևի մի օր պետք է լիներ։ Այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ չկա, չի էլ կարող լինել։ Պարզապես նրա պահվածքը, բնավորությունն այնպիսին է, որ միշտ կպնում է ինչ-որ մարդկանց, անպատվում է, պրովոկացիաների է ենթարկում… Երևի մի բան արել է, էլի։ Երևի մեկին անպատվել է, մի վատ բան է ասել, ինչ-որ մեկն էլ չի դիմացել», – ասել է Բաբայանը։

Խանումյանի կինը՝ Դիանա Մովսիսյանը, Aravot.am-ի հետ զրույցում նշել է, որ ամուսնու ծեծի ենթարկելու ողջ պատասխանատվությունը ընկնում է ԼՂՀ իշխանությունների՝ ի դեմս Բակո Սահակյանի վրա։

«Իհարկե, սա երեկվա [նկատի ունի հունիսի 6-ի նախագահականի մոտ հավաքը-խմբ․] շարունակությունն է, քանի որ իշխանությունները միայն այսպես` ուժային միջամտությամբ են կարողանում պայքարել», -ասել է Մովսիսյանը:

Մովսիսյանի հաղորդման հիման վրա ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի /մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը/։

Լուսանկարը՝ azatutyun.am