Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է Հուգարիայում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայաստանցի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, Սաֆարովի արտահանձնման ու Ադրբեջանի նախագահի հրամանագրով նրան ներում շնորհելու գործով՝ «Մակուչյանն ու Մինասյան ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։
Վճռով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունք, չի խախտել, սակայն խախտել է 14-րդ հոդվածը՝ խտրականության արգելք։
Հիշեցնենք, որ 2004 թվականին հայաստանցի սպա Գուրգեն Մարգարյանն ու ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը մեկնել էին Հունգարիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին։ Սաֆարովը գիշերը կացնահարել էր քնած Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման։ Իր գործողությունները Սաֆարովը բացատրել էր հայ-ադրբեջանական համամարդության և Մարգարյանի հետ անձնական կոնֆլիկտով։ Հունգարիայի բանտում 8 տարի պատիժ կրելուց հետո՝ 2012 թվականին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օբրանի Բաքու այցից կարճ ժամանակ հետո, Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջան։ Ադրբեջան ժամանելուց անմիջապես հետո նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան ներում է շնորհվել։ Սաֆարովը պետության կողմից բնակարան է ստացել, վարձատրվել, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նրա կոչումը լեյտենանտից բարձրացրել մայորի։
Եվրադատարանը երեքշաբթի հրապարակված վճիռով արձանագրել է՝ Սաֆարովի գործողությունները եղել են սեփական որոշման արդյունք, Ադրբեջանը նրա հանցագործության համար պատասխանատու համարվել չի կարող։
Միևնույն ժամանակ Դատարանն ընդգծել է՝ Ադրբեջանը հստակ դրական վերաբերմունք է ցույց տվել Սաֆարովի գործողություններին՝ ոչ միայն նրան ազատ արձակելով, այլև խրախուսելով․ սպայի կատարած՝ ատելության հիմքով լուրջ հանցագործության համար պատիժ չկիրառելու համար ադրբեջանական իշխանությունները որևէ հիմնավորում չեն ունեցել։ Հայցվոր կողմն, ըստ ՄԻԵԴ-ի, ներկայացրել է բավարար ապացույցներ առ այն, որ Սաֆարովի ներումը և նրա օգտին այլ որոշումներն ունեցել են ազգային դրդապատճառներ։
Դատարանը որոշել է, որ
-Ադրբեջանի կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի մասով չի եղել որևէ էական խախտում։
-Ադրբեջանը թույլ է տվել դատավարական խախտում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի մասով։
-Ադրբեջանը խախտել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածը՝ խտրականության արգելքը՝ 2-րդ հոդվածի խախտման հետ համադրությամբ։
Ինչ վերաբերում է Հունգարիային, որի իշխանությունները Սաֆարովին արտահանձնել էին Ադրբեջանին, Եվրադատարանը նրանց գործողությունների մեջ որևէ խախտում չի գտել, և որոշել է, որ
-Հունգարիան թույլ չի տվել դատավարական խախտում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի մասով։
-Ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հունգարիայի կառավարությունները չեն խախտել Կոնվենցիայի 38-րդ հոդվածը՝ գործի քննության համար անհրաժեշտ պայմաններ տրամադրելու պարտավորություն:
ՄԻԵԴ-ը վճիռով՝ Ադրբեջանը պարտավորվում է դիմումատուներին՝ Մարգարյանի ծառայակից Մակուչյանին և մորեղբայր Մինասյանին վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ՝ արված ծախսերի համար: Մակուչյանն ու Մինասյանը իրենց համար որևէ փոխհատուցում չէին պահանջել։