Home / Հայաստան / Փաշինյանը խոստովանեց սխալը և ներողություն խնդրեց Կուրթանի բնակչից

Փաշինյանը խոստովանեց սխալը և ներողություն խնդրեց Կուրթանի բնակչից

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի՝ Սիսիանում քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել 34-ամյա Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանից, ով վերջերս վարչապետին դիմեց օգնության խնդրանքով։

«Երեկ տեսանյութ հայտնվեց, որտեղ էդ տղան ու իր ընտանիքը պատմում են, որ տղան առողջական պրոբլեմներ ունի և այլն, և այլն։ Հիմա ես ուզում եմ վերլուծել իմ գործողությունները՝ արդյոք էս խոսակցության մեջ ինչ֊որ բան մեր սիրելի քաղաքացուն սխալ եմ ասել կամ սխալ եմ արել։

Ես երկու սխալ ուզում եմ խոստովանել, որ թույլ եմ տվել։ Առաջինը՝ ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը, և թերագնահատել եմ էն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող է՝ կաշկանդվեր ասել՝ գիտե՞ս ինչ, ես իրականում առողջական լուրջ պրոբլեմներ ունեմ», ֊ նկատել է վարչապետը՝ ներողություն խնդրելով և՛ Առաքելյանից, և՛ ՀՀ բոլոր քաղաքացիներից։

Ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»-ի քարոզարշավին ամբողջությամբ ներգրավվելու համար արձակուրդ վերցրած վարչապետը նշել է նաև․ «Մարդ ենք, սխալական ենք, այո, կարող ենք սխալվել, բայց մենք նենգ և անազնիվ բան քաղաքացու նկատմամբ չենք անի։ Մանավանդ որ հիմա, համոզված եմ, որ մեր Մեխակը և նրա ընտանիքը էդ խոսակցության արդյունքում հայտնվել են համընդհանուր ուշադրության կենտրոնում, և ես հույս ունեմ, որ էն աջակցությունը, որ նա կստանա, կլինի զարգացման աջակցություն»։

Դրա հետ մեկտեղ Փաշինյանը մի ընտանիքի օրինակ է բերել, որին տուն էր հարկավոր և որի խնդիրը լուծվել էր, սակայն երկու ամիս անց ընտանիքի անդամն արդեն էլեկտրաէներգիայի վարձը մուծելու հարցով էր դիմել․ «Պարզ է, որ մենք պետք է քաղաքացու կողքին լինենք, բայց եթե մենք նրան չենք օգնում ոտքի կանգնել, դա վատություն է։ Մենք պիտի օգնենք, որ մարդը զարգանա, իր ուժերին հավատա։

Էս մեր հեղափոխությունը մի բանի մասին ա․․․ Ի՞նչ է փոխվել, հեղափոխություն ինչի՞ չէր տեղի ունենում, որովհետև մենք գալիս էինք, ամբողջ հանրապետությունում ասում՝ եկեք հավաքվենք։ Ասում էին՝ ա՛ լավ, մենք ի՞նչ կարանք անենք որ, դու ի՞նչ կարաս անես, է՛, մարդը ո՞վ է, քաղաքացին ո՞վ է։

Եվ մենք ցո՛ւյց տվեցինք՝ քաղաքացին ով է»։

Վարչապետը պատասխանել է նաև իր ագրեսիվությանը վերաբերող քննադատությանը, որն, ըստ նրա, պատճառ ունի․ «Էդ պատճառը կապված է Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքի հետ։ Սյուժեն էնպիսին է, որ մայրը խոսում է տղայի հետ։ Սկսվում է հետևյալ բառերով, մայրը դիմում է որդուն․ «Լավը չե՛ս, խեղճ ես, լավը չե՛ս»։

Իմ ագրեսիվությունը սրա հետ է կապված, որովհետև ես ատում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու խեղճությունը։

Ես չե՛մ ուզում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին խեղճ լինի։

Մենք բոլորս պետք է ատենք մեր խեղճությունը, մենք պետք է ոտքերի տակ տանք մեր խեղճությունը, մենք մեզ չպիտի թույլ տանք խեղճ լինել», ֊ մասնավորապես, ասել է Փաշինյանը։