Ապրիլի 5-ի հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ) նշանակված շուրջ 14 000 հանձնաժողովականներից 8470-ը ԱԺ նախկին խմբակցությունների (այսինքն՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների) կողմից ընդգրկված էին 2018թ․ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների հանձնաժողովների կազմում, գրում է «Անկախ դիտորդ» դաշինքը։
Պարզվել է, որ «Այո»-ի և«Ոչ»-ի շտաբերի, ինչպես նաև Տարածաքային ընտրական հանձնաժողովի կողմից ընդգրկվել են մեծ թվով մարդիկ, որոնք նախկին ընտրություններին ներկայացված են եղել Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և Դաշնակցության (ՀՅԴ) կողմից։ Դաշինքի տարածած գծապատկերից երևում է, որ գալիք հանրաքվեի «վերանշանակված» հանձնաժողովականներից 2003-ը՝ նախկին ՀՀԿ, 2026-ը՝ ՀՅԴ, 985-ը՝ «Ծառուկյան» և 1624՝ «Ելք» ներկայացուցիչներ են։
Ավելի վաղ՝ մարտի 3-ին, Դաշինքը հայտարարություն էր տարածել, որ մինչև տեղամասային հանձնաժողովների կազմի հաստատումը, ահազանգեր է ստացել հանձնաժողովների անդամների քննությունների ընթացքում «զուգահեռ քննություններ» անցկացնելու մասին, որոնց ընթացքում վկայական էին ստանում տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ծանոթ անձինք։ Բացի այդ՝ տեղամասային հանձնաժողովներ ընդգրկվել ցանկացող որոշ անձինք, ըստ Դաշինքի, ահազանգել են, որ տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացել են, իբրև հանձնաժողովներն արդեն համալրված են, և ընդգրկվելու հնարավորություն չկա այն պարագայում, երբ ԿԸՀ կայքում տեղադրված հանձնաժողովների ցանկում կա թափուր 42 տեղերի մասին նշում և առնվազն 121 դեպք, երբ նույն անձը մեկից ավել անգամ է նշանակվել հանձնաժողովի կազմում (որոշ դեպքերում միևնույն անձը նշանակվել է և «ՈՉ» և «Այո»-ի կողմից, կամ կողմերից մեկի և տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից, կամ նույնիսկ միևնույն կամ տարբեր տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տարբեր տեղամասերում)։
Ինչ վերաբերում է նախկին հանձնաժողովականների մասսայական վերանշանակումներին, Դաշինքը նշում է՝ ֆորմալ առումով դրանք ապօրինի համարվել չեն կարող։ Միևնույն ժամանակ ընբգծում ՝ վերանշանակումները հանրության կողմից ընկալվում են որպես ընտրակեղծարարության համար բարենպաստ պայմանների նախապատրաստում։
«Նախկինում գրանցված համատարած ընտրախախտումները, որոնք հիմնականում տեղի էին ունենում հանձնաժողովների անդամների թողտվությամբ, և այդ ընտրախախտումների պատշաճ քննության բացակայությունը փաստացի ստեղծել են մի իրավիճակ, երբ իրավական առումով հանձնաժողովների նախկին անդամների նշանակումը իրավաչափ է, բացառությամբ եթե այդ անձինք մեղավոր են ճանաչվել ընտրական հանցագործություններում, զրկվել են ընտրական իրավունքից և ի պաշտոնե զրկված են հանձնաժողովում ընդգրկվելու իրավունքից։
Այնուամենայնիվ հանրային ընկալման մակարդակում այս նշանակումները և նշանակման ոչ թափանցիկ գործընթացը նվազեցնում են ընտրական վարչարարության նկատմամբ հանրային վստահությունը։ Այս իրավիճակում կրկնակի կարևոր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից հանրաքվեի գործընթացի առավել պատշաճ կազմակերպումը և մտահոգություն առաջացնող նշանակումների վերաբերյալ պարզաբանումների հրապարակումը։
Ընտրական բարեփոխումների տրամաբանությունը և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը պետք է ներառեն ընտրական վարչարարության այնպիսի արմատական փոփոխություններ, որոնք կապահովեն ընտրական հանձնաժողովների մասնագիտական և անկախ գործունեությունը՝ ապահովելով ընտրական վարչարարություն իրականացնող մարմինների իրապես անկողմնակալ գործունեությունը», – ասված է «Անկախ դիտորդ» դաշինքի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ 2020 թ․ ապրիլի 5-ին առաջին անգամ կիրառվող «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն՝ հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամ նշանակելու իրավունք ունեն «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերը՝ յուրաքանչյուրը երկու անդամ, և տարածքային ընտրական հանձնաժողովը՝ երեք անդամ: Հանձնաժողովի անդամների թափուր տեղերը Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով համալրում են տարածքային ընտրական հանձնաժողովները։
Գալիք հանրաքվեին «ԱՅՈ»-ն, փաստացի, ներկայացնում է «Իմ քայլը» դաշինքը (առավելապես՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը), իսկ «ՈՉ»-ը՝ Ռուբեն Մելիքյանը՝ 61 իրավաբաններից բաղկացած նախաձեռնող խմբով։ Որևէ կուսակցություն, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությունը կամ Դաշնակցությունը, «Ոչ»-ի ճամբարին պաշտոնապես չի միացել։