Օրեր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է գալիք հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) կազմը։ Պարզվել է՝ թե՛ «Այո»-ի և թե՛ «Ոչ»-ի շտաբերի կողմից հանձնաժողովներում ընդգրկվել են մեծ թվով մարդիկ, ովքեր նախկին ընտրություններին ներկայացված են եղել Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և Դաշնակցության (ՀՅԴ) կողմից։
Միևնույն ժամանակ, ինչպես ահազանգում է ակտիվիստ Միհրան Մխիթարյանը, նախկինում ընդդիմության կողմից ներկայացված բազմաթիվ հանձնաժողովականներ (այդ թվում և ինքը), ովքեր երկար տարիներ «կռիվ են տվել տեղամասերում ընտրությունների օրինականությունը պահպանելու համար», փաստացի դուրս են մնացել ապրիլի 5-ի հանրաքվեի հանձնաժողովներից։
Միայն «Այո»-ի կողմից նշանակված ավելի քան 500 հանձնաժողովականներ նախկին հանրապետական կամ դաշնակցական ներկայացուցիչներ են։ Ցուցակներում կան նաև կրկնվող անուններ․ նույն մարդը նույն տեղամասում «Այո»-ի շտաբից նախագահ է, «Ոչ»-ի շտաբից՝ քարտուղար, կամ հակառակը։
Ֆորմալ առումով նախկին հանրապետական ու դաշնակցական հանձնաժողովականների մասսայական վերանշանակման մեջ օրենքի խախտում չկա, ասում է «Անկախ դիտորդ» առաքելության համակարգող Վարդինե Գրիգորյանը։ Բայց կա բարոյական հարց։
«Վերանշանակումը, ասենք, տարածքայինի կողմից, ինքնին ապօրինի չէ։ Ապօրինի կլինի, եթե պարզվի, որ վերանշանակված հանձնաժողովականներից որևէ մեկը նախկինում դատապարտվել է քրեական օրենսգրքի 149-154.6 հոդվածներով՝ ընտրությունների ժամանակ թույլ տված խախտումների/հանցագործությունների համար։ Հակառակ դեպքում՝ ապօրինություն չկա։ Զուտ բարոյականության հարցն է։
Վստահելի կարո՞ղ են լինել արդյոք այն հանձնաժողովականները, որոնք նախկին կեղծված ընտրություններում ընտրակեղծիքների հիմնական կազմակերպիչներն են եղել։
Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ընտրական հանցագործությունների ու խախտումների մեծ մասը քննվել է մի համակրգի կողմից, որը գործել է չբացահայտելու և չպատժելու հրահանգով։ Հիմնականում իրենց մարդիկ են եղել և ազատվել են պատասխանատվությունից», – Epress.am-ի հետ զրույցում ասաց Վարդինե Գրիգորյանը։
Ինչպե՞ս են (նախկին) ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները հայտնվել հանձնաժողովներում
ՏԸՀ-ն, ըստ օրենքի, պետք է ունենա առնվազն 7 անդամ։ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում այն կազմվում է գործող ԱԺ խմբակցությունների (նախորդ ընտրություններին՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ծառուկյան» դաշինքի և «Ելք» դաշինքի) ներկայացուցիչներից համահարթ սկզբունքով՝ ամեն խմբակցությունից երկու անդամ։ Պակասը լրացվում է Տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից։
Հանրաքվեի մասին օրենքն այլ է։ Հանձնաժողովի անդամներին այս պարագայում ներկայացնում են ոչ թե խմբակցությունները, այլ՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի քարոզչական շտաբերը (2-ական անդամ) և Տարածքայինը (3 անդամ): Եթե «Այո»-ն և/կամ «Ոչ»-ը բավարար քանակի անդամներ չի ներկայացնում, պակասը լրացվում է Տարածքայինի կողմից։
«Այսինքն, հանձնաժողովների անդամներին ներկայացնում են բոլոր այն ուժերը, որոնք «ԱՅՈ» կամ «ՈՉ» են պաշտպանում։ Այս հանրաքվեի պարագայում՝ «ԱՅՈ»-ն փաստացի «Իմ քայլն» է, «ՈՉ»-ը՝ Ռուբեն Մելիքյանը (61 իրավաբաններից բաղկացած իր նախաձեռնող խումբով)։ Որևէ կուսակցություն, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությունը կամ Դաշնակցությունը, «Ոչ»-ի ճամբարին պաշտոնապես չի միացել։
ՔՊ-ն կազմում էր «Այո»-ի, իսկ Մելիքյանը՝ «Ոչ»-ի ցուցակները։ Մելիքյանը պարբերաբար խոսում էր այն մասին, որ ստեղծված պայմաններում շատ դժվար է հանձնաժողովականներ գտնել․․․ Փաստացի, նա դիմել է բոլոր կուսակցություններին, ովքեր կարող են իրեն հանձնաժողովականներ տալ՝ դաշնակներին, Լուսավորին, հանրապետականներին, Ծառուկյանին․․․», – ասում է իրավապաշտպանը։
Բավարար քանակի հանձնաժողովականներ, այնուամենայնիվ, չեն հավաքվել։
«Վանաձորի դեպքում կուսակցական ՔՊ-ականները ներգրավվել են «ԱՅՈ»֊ի կողմից՝ որպես հանձնաժողովի անդամ։ Ովքեր կուսակցական չեն, բայց նախորդ ընտրություններին հանձնաժողովի անդամ են եղել «Ելքից», իրենց տվյալները ՔՊ-ն ուղարկել է տարածքային ու ասել է՝ «եթե ինչ֊որ տեղ պակասը լրացնելու կարիք լինի, այդ մարդիկ վկայական ունեն և կարող են ներգրավվել»։
Բայց, մեր նախնական տեղեկությունների համաձայն, այդ ցուցակները տարածքայինը չի օգտագործել, փոխարենը՝ օգտագործել է «հին» ցուցակները, որոնցում, իհարկե, հիմնականում նախկին հանրապետական, դաշնակ և այլ հանձնաժողովականներ են։ Ինչո՞վ է պայմանավորված եղել այդ որոշումը՝ ես չգիտեմ։ Տարածքայինն այդ մարդկանց տեղավորել է հանձնաժողովներ․ որոշները՝ որպես Տարածքայինի ներկայացուցիչ, զգալի մասը՝ «Ոչ»-ի ներկայացուցիչ, մի մասն էլ (մոտ 500 հոգի)՝ որպես «Այո»-ի ներկայացուցիչ։
Սա բավականին մտահոգիչ պատկեր է, և տարբեր անհանգստությունների տեղիք կարող է տալ», – նշում է իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, որը 2011 թվականից ի վեր կազմակերպել է բոլոր ընտրությունները, շարունակում է պաշտոնավարել նաև հեղափոխությունից հետո։