Հայաստանի Կառավարությունը մտադիր է համաներել պատերազմի հետևանքով սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 27-ը ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների համար նշանակված վարչական տույժերը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստին հայտնել է Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ երկու օր առաջ Գորայքի բնակիչներից մեկը բարձրացրել էր այդ հարցը, նշելով, որ պատերազմի ծայրահեղ անհրաժեշտությունից կախված երթևեկության խախտումների համար տուգանքներ են գալիս, իսկ կառավարությունն արագ արձագանքում է դրանց։
Փաշինյանը նշել է, նաև որ այս պարագայում միշտ ստեղծվում է իրավիճակ, երբ այդ արտոնության շահառու չհանդիսացող անձինք փորձում են օգտվել դրանից, հավելելով որ պետք է կանխել այսպիսի շահագործումները, ինչպես նաև խուսափել մի իրավիճակից, երբ պատերազմին մասնակցած մարդիկ, ստիպված կլինեն չափազանց երկար սպասել իրենց մասնակցության հաստատմանը։
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը խնդրի լուծման երկու տարբերակ է առաջարկել․ Առաջինն, ըստ փոխոստիկանապետի, մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին օրենքի ընդունումն է, որի նախագիծն արդեն իսկ նախնական տարբերակով պատրաստ է։ երկրորդ տարբերակը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում արդեն իսկ առկա ծայրահեղ անհրաժեշտության կիրառումն է (հոդված 17):