Քանի որ կրքերը հանդարտվեցին, վերջին օրերին «մատիտով» նշածս կարծիքը Նիկոլ Փաշինյանի հայտարարության շուրջ [Ցյուրիխում Փաշինյանը հայտարարել էր, թե դեռ «պետք է հասկանանք»՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել ցեղասպանությունը – խմբ․]՝ հանգիստ ու անհանգիստ ելևեջներով:
Իրականում, երեք տարբեր (ոճի) տեքստ:
Առաջինը՝ քաղաքական իշխանությունը, անկասկած, նման հարցերում պետք է հազար անգամ չափի, մի անգամ կտրի: Սա աքսիոմ է, այդ թվում իր սեփական շահերից ելնելով, առավել ևս, որ հայկական քաղաքական ու հասարակական դաշտի պառակտված ու բևեռացած վիճակում անկասկած ցանկացած զգայուն թեմայով հայտարարություն կանխատեսելի արդյունք է տալու:
Այնուամենայնիվ, արձագանքի տեսքով առաջացած մի քանի հարցադրումներ կարևոր են և, իմ կարծիքով, սխալ են ու տանում են Հայաստանը սիրելի Առաջավոր Ասիա, որտեղ մեզ մնում է միայն ճիշտ կրոնը ընդունել ու տոչնի ա: Ես սրա մասին հակիրճ ասել եմ այստեղ։
Իսկ գրելով մի քիչ ուրիշ հարցադրումներ անեմ:
Առաջինը ու հիմնականը՝ այս աղմուկի մեջ ստեղծվել է մի նույնականացում, երբ չի զանազանվում ցեղասպանությունը որպես պատմական ու իրավական փաստ ու ցեղասպանությունը որպես ակտուալ քաղաքականության հիմք կամ տարր։
Եթե առաջինը կասկածից վեր է ու դրա հարցի տակ դնելը կարող է բնութագրվել որպես ծանր հանցանք, երկրորդի կիրառական նշանակությունը հայոց ցեղասպանության դեպքում խիստ սահմանափակ է, երկրորդը չի կարող չքննարկվել ու չի կարող չքննարկվել քաղաքական խնդիրների ու թեմաների համատեքստում, այդ թվում՝ արտաքին քաղաքկանաության, այդ թվում՝ Հայաստանի համար պատմական այս փուլում, երբ նորից ակտուալ է «հայ-թուրքական կարգավորումը», ինչով էլ դա չավարտվի:
Ու 1990-ականներից, Հայաստանի անկախանալուց հետո, հայկական միջավայրում եղել է երկու տեսակետ այս վերջին հարցով։ Մեկը՝ պայմանական Լևոն Տեր-Պետրոսյանինը կամ ՀՀՇ-ականը, որտեղ ցեղասպանությունը պատմական փաստ է ու սա չի կարող քննարկվել, սակայն Հայաստանը չի դարձնում ցեղասպանության ճանաչումը կամ քաղաքական շահարկումը իր արտաքին քաղաքականության մաս՝ սահմանափակելով նաև ներքին դիսկուրսը: Այստեղ հիմնական թեզը այն է, որ սահմանափակ հնարավորություններ ունենալով՝ Հայաստանը չի կարող հասնել արդյունքի, եթե ձգտի գործիքավորել ցեղասպանության ճանաչումը, ցանկացած պետություն ընդունելու է այդ փաստը իր շահերից ելնելով ու իր հարաբերություններից Թուրքիայի հետ, ինչը նաև գրգռելու է Թուրքիայի ռեակցիան ու դիրքորոշումների կարծրացումը, ու Հայաստանի համար դա անարդյունավետ է: Այս մոտեցումը նաև ժխտում է Թուրքիայի հետ պայքարի գոյաբանական բնույթը, որը հայկական կողմի համար վտանագվոր է նաև նրանով, որ ենթադրում է «երրորդ ուժի» միջամտությունը և հովանավորությունը, քանի որ միայն իր ուժերով Հայաստանը այս պայքարում շանսեր չունի: «Երրորդ ուժը» (որը բոլորիս հայտնի է, թե ով է) օգտագործել է ու օգտագործելու է Հայկական հարցը և ցեղասպանության արդյունքում առաջացած խնդիրները իր շահերից ելնելով, ու սա նույնպես վտանգավոր է պետականություն ունեցող ազգի տեսակետից, քանի որ բերում է իր հետ նաև հակառակ կողմից քեզ՝ որպես ավելի մեծ էքզիստենցիալ վտանգ լինելու ընկալմանը (այս սյուժեն՝ հրեաների նույնականցումը շատ ավելի հզոր ու մեծ ուժի՝ կոմունիզմի հետ Հոլոքոստի կարևոր պատճառժներից մեկն էր): Այս մոտեցմանը նաև բնորոշ է «մեր սխալների» մասին պատկերացումը ու փորձերը՝ հասկանալ, ինչու՞ եղավ այն, ինչը եղավ: Այս մոտեցումը լավ է ներկայացրել Աշոտ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայոց ցեղասպանությունը. հայացք պետականության դիտակետից» գրքի իր առաջաբանում կամ Ռաֆայել Իշխանյանը իր 1991 թ. «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածների հավաքածուում:
Երկրորդ մոտեցումը, որ հաղթեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո՝ ցեղասպանության գործոնը արտաքին քաղաքականության կարևոր գործիքներից է, ճանաչումը կարևոր նպատակ է, որը թույլ է տալու նաև ճնշել ու սահմանափակել Թուրքիայի ներգրավումը Արցախյան կոնֆլիկտի մեջ: Այն տվեց իր մասնակի արդյունքները, սակայն անվտանգության առումով ու երկարաժամկետ կտրվածքով, փաստորեն, չաշխատեց: Ներքին լսարանի պարագայում սա նաև համապատասխան ինքնության միջոցով մոբիլիզացիայի գործիք է, որտեղ կա էքզիստենցիալ թշնամի՝ Թուրքիան և Ադրբեջանը, կար ակտուալ կարիք՝ մոտիվացնել Նոյեմբերյանից-Հորադիս ձգվող առաջնագծին կանգնած զինվորին (ինչքանով էր դա հաջողակ՝ հարց է) ու կար անորոշ ազգային ֆանտոմ՝ երբևիցե վերադարձնել կորուստը:
Քաղաքականության մեջ ցանկացած թեմայի օգտագործումը (այստեղ բոլորի աչքերը մի պահ, գուցե, կլորանան) ենթադրում է, որ ինչ-որ հարց օգտագործվում է ըստ նպատակահարմարության՝ որպես գործիք: Այսինքն տրագեդիան օգտագործվում է որպես քաղաքական դիվիդենտներ ստանալու միջոց: Ձախերը հաճախակի են տեսնում այս տրամաբանությունը քաղաքականության մեջ, երբ խոսելով բարոյականությունից, տրագեդիայից ու նման հարցերից, քաղաքականության մեջ ձգտում են, հիմնականում, շատ ավելի պարզ ու պրակտիկ նպատակների, քանի որ ողբերգությունները, տրավմաները ունեն քաղաքական մոբիլիզացիայի համար շատ մեծ ներուժ ու արդյունավետ են հակառակորդների դիրքերը թուլացնելու համար: Կարելի է հիշել Երկրորդ համաշխարհայինի շուրջ ստեղծվող ու գնալով ավելի ու ավելի կարծր բարոյական ու ցենզուրավորված դիսկուրսը Ռուսաստանում:
Մենք կարող ենք հիշել նույն ցեղասպանության շուրջ սուր բանավեճը ՀՀՇ-ական ու դաշնակցական մամուլում 90-ականների սկզբին, եթե նման գրականություն, իհարկե, կարդում ենք:
Ինչևէ, ցեղասպանության թեման քաղաքական բանավեճերում եղել է ու լինելու է, հայկական ավանդույթն էլ այս թեմայով ունի տարբեր դրսևորումներ: Ու քանի որ ակտուալ են այն քաղաքական խնդիրները, որոնց միջավայրում այն ծագել է ու զարգացել, լինելու են նաև այս քննարկումները ու գրեթե հավասարության նշան դնելով՝ շահարկումները: Գլխավոր խնդիրը, իհարկե, դա հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածությունն է, որը մի ճամբարին մի փաստարկ է տալիս, մյուսին՝ հակառակ:
Հայկական քաղաքական ու հասարակական միտքը ունի նաև այլ ուղղություն, որը մի ուրիշ ձևով է ակտուալ առաջացած բանավեճի շրջանակում. դա հենց կատարվածի շուրջ ավելի լայն ու ոչ միայն քաղաքականացված ինքնառեֆլեքսիան է, «մեր մեղքի» փնտրտուքը, հաճախակի շատ դաժան, կծու, նույնիսկ հեգնական, որ առաջանում է 1920-ականներից ու ունի թե իր գեղարվեստական դրսևորումները՝ Չարենցի «Երկիր Նաիրի», Մահարու «Այրվող Այգեստաններ», հրապարակախոսական կամ պատմափիլիսոփայական՝ Լեոյի «Անցյալից»-ը, Քաջազնունու «Դաշնակցությունը անելիք չունի այլևս», Ադոնցի հոդվածները (դրանցից մեկը ես ժամանակին թարգմանել եմ ռուսերեն), չխոսելով հայ բոլշևիկների կողմից հրատարակվող ահռելի գրականության մասին՝ ազգային կուսակցությունների քննադատությամբ, միջկուսակցական պայքարի ընթացքում առաջացած բանավեճերը ռամկավարների, հնչակյանների ու դաշնակցականների միջև և այլն, որտեղ թեման շոշափվել է:
Քննադատության ու գեղարվեստական գրականության մի զգալի մասը խիստ սուբյեկտիվ է, միակողմանի է, ցավոտ է, հիմիկվա տերմինոլոգիայով՝ «victim blaming»-է և այլն, ու գիտենք, թե Մահարու դեմ ինչպիսի հալածանք է սկսել «Այրվող այգեստաններ»-ից հետո, տան վրա քարեր են թռել, հեղինակը ստիպված է եղել փոխել իր նախնական տեքստը ու նամակներից մեկում գրել, որ «Հիմա, երբ մենք ունենք պետություն և պետականություն, չպետք է վախենալ անցյալին նայելուց և վերաքննության ենթարկելուց մեր անցած ճանապարհը, չկրկնելու համար հին, ճակատագրական սխալները: Պետք է հասկանանք, որ մենք փոքր ազգ ենք և պիտի գնահատենք մեր ունեցածը և ձեռք քաշենք քաջ նազարությունից: Խորապես գիտակցում եմ, որ գիրքս շատերին դուր պիտի չգա, բայց գրողը ճշմարտության զինվորը պիտի լինի, որքան էլ այդ ճշմարտությունը դառը լինի»: Կարծում եք, որ սա ինչ-որ վերջին շրջանի հայտարարություն է, ու ես կեղծել եմ Մահարու տեքստը՝ սխալ եք անում:
Կա մի ուրիշ երևույթ ևս: Քանի որ «սուրբ թեմաները» անխուսափելի շահարկվում են քաղաքական կոնֆլիկտների պարագայում թե ներսում, թե դրսում, այս ոչ առողջ միջավայրը նաև լիքը ողջամիտ մարդկանց կողմից ցենզուրային ձգտելու հիմնական պատճառներից է՝ որ հաստատվի մի ստանդարտ ու մի տեսակետ քննարկման, և վերջ, քանի որ կա «ցեղասպանությունը խեղաթյուրելու» ներքին վտանգը, կա արտաքին՝ ադրբեջանական, թուրքական ու մասնակի նաև ռուսական քարոզչությունը և այլն: Բայց ինձ համար ավելի լավ է ունենալ բազմաթիվ սխալներով բաց խոսույթ, քան փակ ու ճիշտ մի որոշում, քանի որ վերջինի դեպքում մոտիվացիան՝ հասկանալու կատարվածը իր բոլոր կողմերով, չի լինելու ու ունենալու ենք մեռած սիմվոլ:
Հայաստանի հասարակությունը ունի շատ մակերեսային պատկերացում, ի՞նչ էր ցեղասպանությունը, ինչո՞ւ եղավ, ո՞նց եղավ, ի՞նչ աշխարհագրություն ուներ և այլն: Սա հիմա նույնպես համահունչ է հնչում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, բայց դա փաստ է, որը դժվար է քննարկել, քանի որ նույնիսկ այն մարդկանց մեծ մասը, ովքեր վստահ են ու գիտեն, որ ցեղասպանությունը լավ հետազոտված հարցերից է հայոց պատմության, չեն կարդացել ցեղասպանությանը վերաբերող ֆունդամենտալ գրականության մեծ մասը ու իրենց համար սա սիմվոլ է, անքննելի ու սուրբ, այլ ոչ թե բովանդակություն: Ֆունդամենտալ գրականությունը, որ գրվել է այդ թեմայով վերջին տասնամյակներին, հասանելի է Հայաստանում մաքսիմում մի քանի հազար մարդու ու մի մասը միայն անգլերեն լեզվով: Իսկ Հայաստանում արտադրված գրականության մեծ մասը, ինչպես նաև խոսույթը դեռ շատ հին է, «հայրենասիրական» ու բացի այն խոր տրամվմայի փաստից, որ շատ կենդանի է ու իսկական է (ես սա առաջին անգամ հասկացել եմ 2014 թ. ապրիլի 24-ին, երբ առաջին անգամ այդ օրը Ծիծեռնակաբերդում էի ու տեսա մարդկանց բազմությունը ու «մասնակցելու ձևը»․ Ռուսաստանում այդքան մարդ հնարավոր է հավաքել միայն պետական ապարատը օգտագործելով՝ «մարդ բերելով»), այլ արդյունք չունի:
Ու նման «դատարկ», բայց շատ կարևոր՝ «սիմվոլների սիմվոլ» հանդիսացող թեման կարող է շահարկվել գրեթե ցանկացած ուղղությամբ ու միշտ, մի ձևավորված մեծամասնության պարագայում դա բավարար է «լեգիտիմ» կարծիք ունենալու ու մյուսներին պիտակավորելու: Ասենք, հենց հիմա, գրեթե նույն լոզնունգներով ցեղասպանության մասին, բայց տարբեր անուն-ազգանունի ստորագրությամբ կարելի է լրիվ հակառակ քաղաքական արդյունք ընկալել զուտ թեմայի ծանրության հաշվին:
Ու հասանք անհանգիստին ու նյարդայինին: Կան մի քանի մոդելներ, ինչպես վերաբերվել այս հարցին ու անցյալին ընդհանրապես: Հիշողության քաղաքականություն, բան:
Նիկոլ Փաշինյանի ընդհանուր մոտեցումը այն է, որ ինքը փորձում է այս կարևոր հարցերում խնդիր կամ հակասություն գտնել ձևավորված պատկերացումների մեջ ու դրանով արժեզրկել այդ հարցերը (Շուշին դժգույն էր, ցեղասպանությունը հետազոտված չի և այլն)՝ հանուն նոր օրակարգի՝ Հայաստանի Հանրապետությունը ընդունելու որպես միակ ինքնության հիմք, զրկված անցյալի տրավմաների մեծ մասից ու նաև վերջին շրջանի տրամվաներից (Արցախի կորուստ, որը իր անձի հետ է կապվում): Սրա հիմքում Նիկոլ Փաշինյանի առերեսումն է մերկ քաղաքականության հետ՝ Հայաստանի առկա ռեսուրսներով ու բոլոր հնարավոր՝ բարյացակամ ու ոչ բարյացակամ գործընկերների արձագանքներով, դաժան ու անմխիթար, որտեղ Հայաստանի թշնամիները կոնֆրոնտացիայի պայմաններում շատ ավելի ռեսուրս ունեն ճնշելու, դաշնակիցները՝ լիքը պատճառաբանումներ էական ոչինչ չանելու համար ու որոշումները շատ սահմանափակ են ու ռիսկային: Ու սա է պատճառը, որ ինքը առաջարկում է ընդունել կորուստը ու սահմանափակվել 29.743 կմ քառակուսի Հայաստանով:
Խնդրահարո՞ւյց է այս մոտեցումը՝ այո: Ո՞րն է առավել քիչ խնդրահարույց մոտեցումը՝ չգիտեք: Կամ գիտեք, մինչև որ չպատկերացնեք, որ ձեզանից է կախված այդ որոշումը ու դրանից հետո այն ազդելու է հազարավոր մարդկանց վրա: Հենց հանում ես այս փաստը՝ հետևանքերի մասին պատասխանատվության, տեսականորեն լավ տարբերակները շատանում են, անցյալում ու ներկայում ընտրության տասնյակ տարբերակներ եք ունենում ու պարզվում է, որ միայն դևն է, որ նստել է հորդառատ աղբյուրի դեմ ու թույլ չի տալիս, որ Վիլսոնյան Հայաստանը, այնտեղից հոսելով, դուրս գա: Ավելի ռացիոնալ տարբերակներ էլ կան, որովհետև Վիլսոնյան Հայաստանը դեռ մտավոր ծանր դեֆեկտների պայմաններում կարելի է իրականանալու շանս ունեցող ծրագիր համարել, իսկ կան, ասենք, «Մինսկի խումբը թույլ կտա մեզ վերակենդանացնել Արցախի հարցը» և նմանատիպ այլ, ավելի նուրբ ու, կարծես, խելքին մոտ լուծումներ:
Իմ մոտեցումը արդյունքների առումով նույնն է՝ որ կորուստը պետք է ընդունել, բայց ես համարում եմ, որ հայաստանցիք ու հայերը պետք է շատ ավելի խորը իմանան, ինչ են կորցրել, երբ և ոնց, ինչ էր Արցախը, ինչ էր Ագուլիսը, ինչ էր Բանանցը կամ Գետաշենը, ինչ էր Վանը կամ Մուշը, ինչ էր Դադիվանքը կամ Ջուղան և այլն: Բոլոր հնարավոր կողմերից հետազոտել ու ծանոթանալ էդ ամեն ինչին: Ու սա պետք է ունիվերսալ գիտելիք լինի, որ նաև ոչ միայն հայերը ունակ լինեն հասկանալ դրա նշանակությունը ու յուրահատկությունը: Մշակել ու հիշողության թանգարանների տեսքով պահել այդ մասնիկները: Նենց չի, որ դա միայն դրական ինֆորմացիա է: Բայց իմ պատկերացմամբ, մենք պետք է դա իմանանք, հասկանանք ու, անպայման, պատվով թաղենք ու հրաժեշտ տանք էդ ամենին՝ թողնելով թանկ հիշողությունը, բայց հասկանալով, գիտակից ու հասուն մարդու նման, որ դա իսկապես այլևս մերը չի լինելու: Երբեք: Ու հենց էս ֆանտազմների շահարկումն է, որ չի անում ու նաև մեկ-մեկ ցինիկաբար փորձում է փակել Նիկոլ Փաշինյանը, ու ինչը գիտակցաբար կամ անգիտակցաբար փորձում են անել իր հակառակորդների մեծ մասը, տանելով մարդկանց մի քանի անգամ անցած ուղիներով կամ խաբելով, որ տանելու են, թեև լավ գիտեն, որ ճամփա չկա:
Ու հենց սա է պատճառը, որ ես՝ անկարևոր համարելով, օրինակ, Արարատ-Արագած վեճը, անկեղծ հիանալով էդ սարի գեղեցկությամբ (բայց ես շատ ավելի մեծ հիացմունք եմ ապրել, ասենք, Ինգուշեթիայի լեռներում, սա էլ ֆիքսենք), երբ հանդիպում եմ լուրջ քննարկումներ, որ մեզանից խլում են Արարատը (մարդիկ դեռ 1920 թ. չեն մարսել), ուզում եմ ասել՝ կոպիտ, բայց էդ պահին շատ անկեղծ, որ թքած ունեմ ձեր Արարատի վրա, որը մեռած հրաբուխ է, բայց ես մինչ հիմա, երբ մտածում եմ, ինչ էր Ագուլիսը, իր կենդանի դարավոր պատմությամբ, տասնյակ սերուդների կողմից հարուրամյակների ընթացքում կառուցված տներով, իր անհասկանալի, մեծամիտ ու անկրկնելի զոկերեն բարբառով (անկրկնելի իրենց տեսակետից՝ ասում էին բոլորը, բացի մեզանից, սխալ են խոսում՝ ջուղայեցիք հնչյուններն են խառնում, ղափանցիք (սյունեցիք) էլ լեզվի հերն են անիծում), իր եկեղեցիներով ու էդ չոր կիսաանապատում մարդկային նույն տասնյակ սերուդների տքնաջան աշխատանքով՝ մեռած բնությունը կանոնավորելու, գեղեցկացնելու, ժայռերի միջով ջուր քաշելու ու այգի գցելու ջանքերով ու թափած քրտինքով՝ ես հասկանում եմ, որ մի անտանելի մեծ կորուստ ենք ունեցել ու դա ձեր Արարատից մեծ է: Որովհետև դրա տակ շունչ է եղել: Ու էդ ամենը չկա ու չի լինելու երբեք: Ու հայերի մեծ մասը սա չի գիտակցել ու չի գիտակցելու էլի երբեք: Թեթև, արդարացի ջղային, բաց մակերեսային հայացքով ամեն ինչի վրայով անցնելու են, ինչպես բանավեճից բանավեճ, կազմելով դրանով իրենց կյանքի քրոնոլոգիայի հետաքրքիր շարժը: Նույնը Բանանցը կամ Վանը: Սա մարդկանց տասնյակ սերնդների աշխատանք էր, մշակույթի, լեզվի, ճարտարապետության և այլն տեսքով, որը ոչնչացվել է կամ խլվել: Նույնը Արցախը, որ վերջին հազար տարին առնվազն եզակի տեղերից էր, որտեղ հայկական կյանքը չի ընդհատվել, որտեղի բարբառը, նիստուկացը, սարերի լանջին բաց կամ շուշաբանդ պատշգամբներով, թիթեղյա կտուրով տները, խոզի միս ուտելու ավանդույթը (որ պատմական Հայաստանի մեծ մասում արգելքի տակ էր դեռ 2 դար առաջ) աճել էին էդ հողի վրա տասնյակ սերունդների աշխատանքով, ճիշտ նույն Արցախի սարերը ծածկող թավ անտառների պես։ Ու 2020-ից ու 2023 թ. էդ ամենը էլ չկա ու երբեք չի լինելու: Ու, կներեք, ձեր թեթևսոլիկ սարը, որ արաբ ոստիկաններին ու Երևանի սարդարներին նայել է նույն ժպտերես հայացքով, ինչ ձեզ՝ միայն մեծ փուչիկ ու էֆեկտիվ ֆոն է էս ազգի մեծ ողբերգության:
Այսքանը:
Սամվել Մելիքսեթյան
ֆեյսբուքից