Home / Կրթություն / «Աշխարհագրորեն ապրում ենք սուրբ հողի վրա». բաց դաս ցեղասպանության մասին

«Աշխարհագրորեն ապրում ենք սուրբ հողի վրա». բաց դաս ցեղասպանության մասին

Երեկ Կրթության և գիտության նախարարության կայքը հաղորդել էր, որ Հայաստանի դպրոցներում շրջանառության մեջ կդրվի ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուղեցույց՝ նախատեսված ուսուցիչների համար: Epress.am-ն ուսումնասիրել է  գրքի բովանդակությունը, ցեղասպանության մասին բաց դասի մեկ օրինակ և սոցիալական ցանցերում ԿԳՆ-ի նախաձեռնությունից հետո առկա արձագանքները:

«Գործնական աշխատանք լինելո՞ւ ա».  ֆեյսբուքյան օգտատերերի արձագանքները

ԿԳՆ-ի կողմից նորությունը հրապարակելուց  հետո սոցցանցերում քննարկումներ էին գնում, թե հանրակրթական դպրոցներում դասավանդելու են «Ցեղասպանություն» առարկան: Մի քանի օգտատերերի ստատուսներն այս թեմայով:

Եթե եկեղեցու պատմության դասը սկսում է աղոթքով, ապա ցեղասպանության դասը սկսելու է դրոշ այրելով:

Էրեխե՛ք, եկեք ցեղոյից թռնենք։

Ցեղասպանությունս չդրեց, կտրվեցի։

Ցեղասպանությունից մեր դասարանում ամենալավը Թալեաթիկն ա:

Պրակտիկանտները Գերմանիայից են լինելու:

Սաղ դասերից թռնում են, իսկ էդ մի դասից՝ մազապուրծ լինում:

Գործնական աշխատանք լինելու՞ ա:

 Հա, ճիշտ ա։ Ազգիս մեջ զոհի սինդրոմը քիչ ա, պետք ա ավելացնել։ Երեխաներին էլ մանկուց ա պետք ստրեսի մեջ գցել, որ հետագայում սովոր լինեն կոմպլեքսների, վախի, ատելության ու սգի մեջ ապրելուն։

 Ազգովի դառնանք ցեղասպա՞ն, թե ցեղասպանագետ: Սա է խնդիրը:

Երիտթուրքերին սատարելու մոմենտը քանի՞ դասաժամ է, ծյոծ:

Իսկ բարձր որակյալ մասնագետներ հրավիրելո՞ւ են Թուրքիայից:

Որոշ օգտատերեր, ի հակառակ, զայրացած ստատուսներ էին գրում, թե չի կարելի այս թեման դարձնել կատակելու պատճառ, նման առարկա իրականում չի դասավանդվելու: Նրանց հակադարձում էին՝ նշելով, որ հանրակրթական դպրոցներում ազգային պարի, եկեղեցու պատմության դասերի ֆոնին զարմանալի չէր լինի նման առարկայի ուսուցումը:

«Մասիսը մերը չէ». ձեռնարկի մասին

Ռուբինա Փիրումյանի հեղինակած ձեռնարկն ի սկզբանե նախատեսված է եղել սփյուռքի հայկական դպրոցների համար: Դեռևս 2011 թվականին ՀՀ ԿԳՆ-ի կողմից այն երաշխավորվել է գործածության Սփյուռքում՝ որպես ուսումնաօժանդակ նյութ:

Սփյուռքի հայկական դպրոցների համար նախատեսված գիրքը բաղկացած է երկու մասից՝ «Հայոց ցեղասպանություն» 1-5 դասարանների համար (2010 թ., Երևան, Զանգակ հրատարակչություն) և  2-րդ մասը՝ նախատեսված 6-9-րդ դասարանների համար (2011 թ., Երևան, Զանգակ):

Գրքերի առաջաբանում հեղինակը բացատրել է, թե ինչ անհրաժեշտություն կա ստեղծելու նման ձեռնարկներ:

«Յուրաքանչյուր Ապրիլ ամիս, երբ Եղեռնի զոհերի հիշատակը ոգեկոչող հանդիսությունները լցնում են մթնոլորտը, երբ զգացումներն ավելի են սրվում ու Եղեռնի վերազարթնած հուշերի ճնշումը ավելի զգալի է դառնում, երբ ծաղիկներ առած մեր փոքրիկների ձեռքից բռնած դեպի Եղեռնի հուշակոթող ենք քայլում, նույն հարցը գալիս է նեղելու մեզ. հայ մանուկին և պատանուն ինչպե՞ս խոսել մեր աղետալի անցյալի մասին տանը կամ դասարանում, ինչպե՞ս արծարծել հայ ժողովրդի դեմ կատարված սոսկալի անարդարությունը, որ իր ազդեցությունն է թողել և շարունակում է թողնել մեր հավաքական կյանքի վրա… Որոշ ծնողներ կամ ուսուցիչներ՝ երեխայի հոգեկանը չվնասելու համար, ոչինչ չեն ասում։ Անպատասխան թողնված այս խորհրդավոր հարցը կարող է անորոշ մտահոգության, նույնիսկ ընդվզումի պատճառ դառնալ։ Ուրիշներն էլ երեխայի տարիքին անհարմար բացատրություններով անցանկալի տպավորություն են թողնում նրա վրա, իսկ դա կարող է չափազանցված հակազդեցության պատճառ դառնալ կամ հարատև սարսափ, շրջապատի նկատմամբ կասկած և անվստահություն և նույնիսկ նյութի շուրջ անզգա անտարբերություն առաջացնել։

Օգտվելով նմանօրինակ անցյալ ունեցող ժողովուրդների փորձից իրենց աղետալի անցյալը սերունդներին փոխանցելու գործում եկանք այն եզրակացությանը, որ մանավանդ ցածր դասարաններում ցեղասպանության բարդ հասկացության ընկալումը դյուրացնելու համար նախ պետք է մատուցել որոշ ավելի պարզ հասկացություններ»։

Հեղինակը նշում է նաև, որ գրքի նպատակը  զոհի հոգեբանություն սերմանելը չէ երեխաներին. «Ցեղասպանությունը մեր պահանջատիրության հիմքն է, չէ՞ որ մեր հանդեպ այդպիսի անարդարություն է կատարվել: Մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք, որն ամեն օր կրում է իր վրա այդ անարդարությունը: Ցեղասպանությունը մեր առօրյա կյանքի մեջ է, դրա համար էլ մեր կրթական ծրագրերը պետք է մշակվեն ավելի շեշտված ազգային գաղափարախոսությամբ»:

Ըստ 1-ից 5-րդ դասարանների համար նախատեսված ձեռնարկի՝ ուսուցիչն առաջին դասարանում երեխային պետք է սովորեցնի՝ ինչ է արդարությունը, ինչպես կարելի է դժվար վիճակից դուրս գալ, ի՞նչ է կորուստը, ինչպե՞ս կարելի է հաղթահարել այն:

Օրինակ՝ «արդարություն» եզրույթը բացատրելու համար հեղինակը բերում է մի պատմվածքի օրինակ, և ուսուցիչը պետք է հետաքրքրվի աշակերտներից, թե թուրք կառավարությունը ինչքանո՞վ անարդար վերաբերվեց հայերին՝ իրենց տներից քշելով։ Ըստ հեղինակի՝ պետք է երեխաներին սովորեցնել, որ թուրք և քուրդ ժողովուրդը մեծ մասնակցություն է ունեցել ցեղասպանություն իրականացնելիս, բայց նրանց հանդեպ պետք չէ ատելություն սրսկել:

Եվ շարունակում է. «Մենք ուրախ ենք մեր հայրենիքով, բայց գիտենք, որ պետք է ազատենք նաև մեր հայրենիքի այն մասը, որը գրավել են թուրքերը։ Երբ մենք Հայաստան ենք գնում, ամեն անգամ Մասիսին ենք նայում, բայց Մասիսը մերը չէ»։

Տեսական նյութից բացի, աշակերտներին հանձնարվում է նաև գործնական աշխատանքներ: Օրինակ՝ հարցազրույց անել օտար երկիր գաղթած բարեկամներից մեկի հետ, նկարագրել, թե ինչպես ջարդից հետո հայ գաղթականները կարողացան իրար օգնելով հարատևել։

Դասերի ընթացքում աշակերտները պետք է լսեն կամ Անդրանիկին նվիրված երգ կամ «կատարում դասարանում»:

Արդեն ավելի բարձր դասարանի աշակերտների համար նախատեսված ձեռնարկի երկրորդ մասում հեղինակը մանրամասն պատմում է Օսմանյան կայսրությունում  1888-1915թթ. տեղի ունեցած դեպքերի մասին: Աշակերտներից յուրաքանչյուրը պարտավոր է մի ֆիդայու մասին զեկույց ներկայացնել:

Էս քուրդ չի, քուրդը սենց սիրուն չի լինում, էս հայ ա.  բաց դաս ցեղասպանության մասին

ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքի տեսաֆիլմեր բաժնում «Հայ ցեղասպանության հարցերի դասավանդման մեթոդիկա, ցեղասպանության հուշեր» տեսանյութում Երևանի թիվ 21 դպրոցի աշակերտները «Զանգակ» հրատարակչությունում մասնակցում են ցեղասպանության մասին բաց դասի: Դասը վարում է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ» փաստաթղթերի ժողովածուի հեղինակ, ՀՀ ազգային արխիվի աշխատակից Գոհար Ավագյանը:

«Մենք աշխարհագրորեն ապրում ենք սուրբ հողի վրա»,- դպրոցականներին ասում է Ավագյանը և հորդորում աշակերտներին չգնալ Թուրքիա:

«Ձեր շրջապատում մարդիկ կլինեն, որ գնում են Թուրքիա ու ասում՝ հրաշք է, մեզ ինչքա՜ն լավ ընդունեցին, մեր գլխի 4 կողմը պտտվում են: Նույնիսկ հայերը մնում են այնտեղ ծառայելու և նույնիսկ մնում են այնտեղ ապրելու… Էսօրվա հացի խնդիրը որտեղ ուզում են, թող լուծեն, միայն ոչ Թուրքիայում»:

Միևնույն ժամանակ Ավագյանը պատմում է Թուրքիա կատարած իր այցի մասին՝ ռասիստական բնույթի հայտարարություն անելով. «Առաքելոց վանքի մոտ քուրդ երեխեք մեզ շրջապատեցին, դե էնտեղ հենց գնում ես մուրացկան երեխաները փեշերիցդ կախվում են: Մեկ ա հազար տարի էլ անցնի նույնն են՝ ձեռքը պարզած ուրիշին: Որ դրանց նայում էի, սենց սարսափում էի, էդ ինչ սիրունները կան դրանց մեջ ու ասում եմ՝ հնարավոր չի, սա քուրդ չի, քուրդը սենց դիմագծեր չի կարա ունենա, հազարավոր մեր կանանց ու տղաներին տարան, վստահ եմ նրանց ժառանգներն են»:

Բաց դասի տեսանյութը.

Tekali Taxi