2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Չքաղաքականացնել, ես հանրապետականի կողմից եմ»

Հեռախոսս՝ ձայներ արձակելով, արթնացրեց, ու ես իմացա, որ հայկական ռեգգի խումբը երգում է աշխարհը փոխելու մասին: Տեսահոլովակում ինչ-որ պահի վարչապետն է հայտնվում: Մինչ դա Լևոն Արոնյանի ժպիտն է երևում, Նարեկ Հախնազարյանն ու նույնիսկ Արթուր Աբրահամը: Ֆեյսբուքն արագ արձագանքեց: Ընկերներիցս մեկն արդեն մտածում է աղջկան շախմատի չտանել:

Կիրակի է: Գնամ հարևանուհուս տեսակցեմ. քանի շաբաթ է կա՛մ մրսած եմ, կա՛մ զբաղված: Ամոթ է: Մենք արդեն եղանակի տեսությունն էինք քննարկում, երբ ներս մտավ ժեկի Սիլվան: Տեսնես՝ գնա՞ց մերոնց արթնացրեց, թե՞ դեռ կհասցնեմ աղբի փողի հարցերը լուծել:

- Ապրիլի երկուսի ընտրություններին մասնակցո՞ւմ եք:

- Իմ ձենն ի՞նչ ա է փոխում, - ասում է հարևանուհիս:

- Ես հանրապետականի կողմից եմ: Եթե ուզում եք, գումար են տալիս:

- Կներեք, այսինքն՝ կուսակցակա՞ն եք, - որքան հնարավոր է սիրալիր հարցրեցի ես:

- Դե, ստեղ էդ գործը ես եմ անում: Ուղղակի, եթե ուզում եք, գումար են տալիս, որ հանրապետական ընտրեք: Անձնագրերի տվյալները գրանցում եմ մոտս ու հետո էդպես...

- Ինչքա՞ն եք տալիս:

- Դե, հիմա չգիտեմ, դա հետո կիմանանք, պիտի ասեն:

Որոշեցի տուն գնալ, մարդ ես: Անտեղի մարդկանց անհարմար դրության մեջ չգցեմ, էլի:

Հեռախոսիս կանաչ լույսն ասում էր՝ քեզ ռեինկարնացիայի էջն են ուղարկել, որը հիշեցնում է՝ «բոլոր աջ ու ձախակողմյան դատարկագլուխներին!!! Մենք երդվյալ անկուսակցականներ ենք!!! Խնդրում եմ չքաղաքականացնել!!!»:

Ա․Ս․