Թուրք մարգարեն ադրբեջանցիներին «Ալլահին ու հավերժական երջանկություն» է առաջարկում
Բաքվում նոր կրոնական կազմակերպություն է հայտնվել, որի հետևորդներն իրենց ներկայացնում են են որպես «իսքենդերականներ»: Նրանց առաջնորդը գտնվում է Թուրքիայում:
Ինչպես հայտնում է ադրբեջանական FaktXəbər կայքը, այդ կազմակերպության կողմնակիցները կրոնական բնույթի տեքստերով թռուցիկներ են տարածում մայրաքաղաք Բաքվի բնակելի թաղամասերում՝ տների ու բնակարանների դռներին:
Թռուցիկների խորագրերն իրենցից ներկայացնում են «հրավեր դեպի Ալլահն ու հավերժական երջանկություն»: Տեքստում նշվում է, որ նրանք, ովքեր ցանկանում են երջանկանալ, կարող են թուրք քարոզչի ելույթները լսել ամեն կիրակի օր՝ կաբելային ալիքով: Թռուցիկների վրա նաև նշված են աղանդի հասցեները «Ֆեյսբուք» ու «Օդնոկլասնիկի» սոցցանցերում: Հրատարակությունն ընդգծում է, որ տվյալ քարոզիչը բնակվում է Թուրքիայում ու իրեն ներկայացնում է որպես մարգարե:
FaktXəbər-ը նշում է, որ կազմակերպության առաջնորդի՝ կանանց հասցեին հնչեցված բացասական արտահայտությունների պատճառով Թուրքիայի բնակիչները նրան քննադատաբար են վերաբերվում, իսկ նրա անձը պարբերաբար հարձակումների է ենթարկվում տեղական ԶԼՄ-ներում: