Home / Հայաստան / Երևանում քննարկել են «Պարադա» ֆիլմը. դրա ցուցադրության դեմ պայքարում էին ազգայնականները

Երևանում քննարկել են «Պարադա» ֆիլմը. դրա ցուցադրության դեմ պայքարում էին ազգայնականները

Սերբ ռեժիսոր Սրջան Դրագոևիչի «Պարադա» ֆիլմը վերջին 10 տարիների ընթացքում նկարահանված լավագույն կատակերգություններից մեկն է: Այս մասին սեպտեմբերի 5-ին «Մեդիա կենտրոնում» «Պարադա» ֆիլմի ցուցադրությանը հաջորդած քննարկման ժամանակ հայտարարել է կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: Հիշեցնենք, որ նախորդ տարի ֆիլմի ցուցադրությունը Հայաստանում նախաձեռնել էին ԵՄ և Գերմանիայի դեսպանները, ինչի դեմ բողոքել էին ազգայնական խմբերը, որոնք ֆիլմի ցուցադրությունը «միասեռականության անբարո քարոզ են» անվանել և պայքարել դրա դեմ՝ ճնշում գործադրելով ֆիլմի ցուցադրության համար դահլիճ տրամադրած կազմակերպություններինԵՄ դեսպան Տրայան Հրիստեան հայտարարել էր, «Parada»-ն կատակերգություն է, որի հերոսները նույնասեռականներ են, սակայն ֆիլմը որևէ տեսակետ կամ կոչ չի պարունակում: Ֆիլմը հետագայում ցուցադրել են Վանաձորում:

Սեպտեմբերի 5-ի քննարկման ժամանակ Մովսիսյանն ասել է, որ Սրջան Դրագոևիչը հիմնականում նկարահանել է փոքր բյուջեով, պատմական ժանրի ֆիլմեր և սա դեռևս այն ֆիլմն է, որ նրան ամենամեծ համբավը բերեց, թե´ փառատոնների շրջանակում, թե´ որպես դրամարկղային ֆիլմ:

«Սրջան Դրագոևիչը այսպես կոչված «բալկանյան» ոճի ակնառու ներկայացուցիչներից է: Նա կարծես ասի. եվրոպացինե´ր, դուք սերբերի մասին ունեք որոշակի կարծրատիպեր: Հիմա մենք ձեզ ցույց կտանք այդ կարծրատիպերը, բայց` ցույց կտանք ավելի ծայրահեղացված ձևով», – ֆիլմը մեկնաբանել է քննարկման մասնակից մշակութաբան Վարդան Ջալոյանը:

«Մեդիա կենտրոնն» իր հաղորդագրության մեջ նշում է, որ քննարկման մեկ այլ մասնակից, ՄԱԿ Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ափսոսանք է հայտնել, որ հանդիսատեսը քիչ էր, և ցուցադրությունը փակ էր հանրության համար, քանի որ «ֆիլմն իրոք լավն է և կարևոր թեմայի է անդրադառնում»:

«Ինչպես գիտենք ԼԳԲՏ խնդիրների շուրջ ձևավորված հանրային վերաբերմունքը Հայաստանում դեռևս խիստ վիճելի է, այս ոլորտում շատ է կողմնակալությունը, որը կարող է լուծվել միայն հանրային երկխոսության, քննարկման միջոցով», – կարծիք է հայտնել Մարիա Դոցենկոն:

Ֆիլմը «Մեդիա կենտրոն»-ին ցուցադրության համար տրամադրել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը: