Home / Ոստիկանություն / Չեչնիայում առևանգված երիտասարդը չդիմացավ խոշտանգումներին

Չեչնիայում առևանգված երիտասարդը չդիմացավ խոշտանգումներին

Չեչենական Արգուն քաղաքի 19-ամյա բնակիչ Վիսխան Թազուրկաևին առևանգել են, տարել ոստիկանության բաժին ու սպանել։ Այդ մասին հունվարի 8-ին առաջինը գրել է Niyso ընդդիմադիր չեչենական տելեգրամ ալիքը։ Ավելի ուշ լուրը հաստատել են նաև «Կավկազ.Ռեալիի» հրատարակչության աղբյուրները։

Niyso-ի տվյալներով, ուժայինները Թազուրկաևին առևանգել են աշխատանքի վայրից ու տարել Արգուն քաղաքի ՆԳՆ բաժին։ Ցուցմունք կորզելու համար տանջել են էլեկտրական հոսանքով։ Տելեգրամ ալիքը գրում է, որ 19-ամյա երիտասարդը մահացել է դեկտեմբերի 31-ից հունվարի 5 ժամանակահատվածում։ 

«Կավկազ.Ռեալիի» հրատարակչության աղբյուրները պատմել են, որ մահանալուց առաջ Թազուրկաևին ազատ են արձակել ու «տարել են տուն»։ «Պաշտոնապես հայտարարվել էր, որ մահվան պատճառը հանկարծակի հիվանդությունն է, բայց թաղման ժամանակ պարզ է դարձել, որ երիտասարդը մահացել է կտտանքների պատճառով», – գրում է հրատարակչությունը։

Niyso ալիքը, սակայն, պնդում է, որ ոստիկանները Թազուրկաևի մարմինը ծնողներին փոխանցել են երբ երիտասարդն արդեն մահացած էր։ Ընդդիմադիր ալիքի աղբյուրներն ասել են, որ ուժայինները պահանջել են որպես մահվան պատճառ նշել ինքնասպանությունը։ 

Արգունի ոստիկանական բաժանմունքում կտտանքների մասին լուրեր հաճախ են շրջանառվում։ Օրինակ, 2021-ի գարնանը առանց մեղադրանք առաջադրելու շուրջ 3 շաբաթ բաժանմունքում են պահել Կոմսոմոլսկոյե գյուղի 26-ամյա բնակիչ Ակրաման Տատաևին։ Niyso ալիքը հունվարի սկիզբ գրում էր, որ դեկտեմբերի 29-ին Արգունում առևանգել են նաև 17-ամյա Ռամզան Վանաևին։