Home / Ազգային ժողով / Ժողովրդին հայհոյած ՀՀԿ-ականները կարող են զրկվել քաղաքով քայլելու հնարավորությունից

Ժողովրդին հայհոյած ՀՀԿ-ականները կարող են զրկվել քաղաքով քայլելու հնարավորությունից

ՀՀԿ պատգամավորների և իրենց թիկնազորի կողմից Ազգային ժողովի մոտ հավաքված մարդկանց հասցեին հայհոյանքներ հնչեցնելը վկայում է այն մասին, որ ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել վարչապետի՝ որոշ օլիգարխներին և նրանց թիկնապահներին ասֆալտին պառկեցնելու մասին հրահանգը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին միջադեպ էր տեղի ունեցել ցուցարարների և պատգամավորներ Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) և Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) միջև։ Armtimes.com-ը տեսանյութ է հրապարակել, որում ՀՀԿ-ականները հայհոյանքներ են հնչեցնում ցուցարարների հասցեին:

«Այ եթե պատշաճ ձևով այդ հրահանգը կատարած լինեին, կարծում եմ, երեկվա միջադեպը չէր լինի, և ես համոզված եմ, որ նրանք բաց թողնվածն անպայման կլրացնեն»։

Փաշինյանը նշել է, որ երեկ կայացած հանդիպման ժամանակ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները հուզված էին․ «Երեկ, երբ մենք շփվում էինք Հանրապետական խմբակցության ներկայացուցիչների հետ և երբ ես մտա ԱԺ նախագահի աշխատասենյակ, հանրապետական մեր գործընկերները բավականին հուզված էին՝ հասկանալի պատճառներով, և ես ինքս իմ կողմից ամեն ինչ արեցի, որպեսզի լարվածությունը նվազի, նույնիսկ կատակներ արեցի։ Բազմիցս ասել եմ և հիմա է՛լ եմ ասում, որ մեր ժպիտը և քաղաքավարությունը որևէ մեկը հանկարծ չփորձի մեկնաբանել որպես թուլություն։ Եվ երեկ, երբ խոսք էր գնում նրա մասին, թե մասնավորապես ինչ եմ ես ակնկալում Հանրապետական խմբակցության պատգամավորների կողմից, ես ասացի հետևյալը․ դուք շատ բողոքում եք, որ սոցցանցերում, հրապարակային, այլ տեղերում մարդիկ հայհոյում են ձեզ, վիրավորական բառապաշար են օգտագործում, և դուք ասում եք, որ սա ատելության քարոզչություն է։ Ես ասացի՝ ակնկալում եմ, որ դուք մեզ աջակցեք, որպեսզի մենք այդ երևույթը կարողանանք հաղթահարել։ Ես չգիտեմ, քննությունը կպարզի՝ դա Միհրան Պողոսյանի թիկնապահներն են եղել, թե ոչ, բայց Միհրան Պողոսյանը երեկ նույնպես այնտեղ ներկա է եղել և, ըստ ամենայնի, նա նույնպես, եթե այդպիսի պահվածք է ցուցաբերել, սա կնշանակի, որ նա լավ չի հասկացել այն, ինչ կատարվել է այդ սենյակում և այն, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում»։

Նա խոստովանեց, որ երեկ մեծ ջանքեր էին պահանջվում ԱԺ շենքի դիմաց հավաքվածներին համոզելու՝ պատգամավորների նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերել։ «Ես ձեզ ուղիղ եմ ուզում ասել, որ երեկ ես զգացի, որ առավել մեծ ջանքեր են պահանջվում ինձանից, որ մեր հայրենակիցներին հասանելի դարձնեմ իմ խնդրանքները և հորդորները, որ ԱԺ պատգամավորների և հատկապես Հանրապետական պատգամավորների նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողական վերաբերմունք։ Այս առումով իսկապես մենք ունենք պռոբլեմ։ Եվ եթե պարզվի, որ որևէ հանրապետական, ոչ հանրապետական, մեր կուսակցությունից՝ կապ չունի, որ որևէ պատգամավոր կամ պատգամավորի, այսպես կոչված, ուղեկցող անձինք այդպիսի պահվածք են ցուցաբերում, նրանք կստանան շատ խիստ հակահարված օրենքի կողմից, և ես հույս ունեմ, որ օրենքն այնքան զորեղ կգտնվի, որ քաղաքացիներն իրենց բավարարված կզգան դրանից, և չի ստացվի էնպես, որ Միհրան Պողոսյանը և նրա նմանները Երևան քաղաքի փողոցներում քայլելու պռոբլեմ ունենան։ Ես ուզում եմ բոլոր նման արարքների հեղինակներին զգուշացնել, որ նրանք շատ հաստատուն քայլերով գնում են այդ ուղղությամբ։ Մեր ուժերն այլևս կարող են չբավարարել, որպեսզի ոմանց Երևան քաղաքում հանգիստ քայլելու իրավունքը կարողանանք պատշաճ ձևով կազմակերպել։ Իրավապահները պետք է շատ կտրուկ գործեն և, իմ տեղեկություններով, այդ գործով արդեն իսկ կան բերման ենթարկվածներ»։

Դեպքի մասին մանրամասները «ֆեյսբուքյան» իր էջում նաև դերասան Արմեն Ավետյանն էր ներկայացրել․ «Ազգային ժողովի նիստերի դահլիճից Նիկոլ Փաշինյանի հորդորով տրվեց ԱԺ-ում գտնվող պատգամավորներին, այսպես ասած, մարդասիրական միջանցք, որ նրանք չհանդիպեին ժողովրդի դիմադրությանը և այդ ահեղ դիմադրությունը, անշուշտ, անհետևանք չէր մնա: Ուրեմն՝ անհետևանք չմնաց նաև այն փաստը, որ նրանք Նիկոլ Փաշինյանի և թավշյա հեղափոխության ներկայացուցիչներին սխալ հասկացան, և այս ամենը հետքայլ որակեցին: Դուրս գալով Ազգային ժողովից, երբ բոլորը արդեն խաղաղ իրենց մեքենաներն էին նստում, այդ թվում՝ ես և իմ ընկերները, նրանք 10-15 հոգուց բաղկացած հրոսակախմբով, կատաղած, հայհոյելով, ամենածանր հայհոյանքներով, ծնող հայհոյելով այն մարդկանց, ովքեր ներկա էին այդտեղ, ասելով՝ սրանք ով են, ինչ են եկել, ես սրանց ծնողը… Հանկարծ իրենց հայացքները հառեցին ինձ, ես մեքենայի մեջ էի, բա՝ ի՞նչ ես ասում, ի՞նչ կա, ես էլ ասեցի՝ էդ ո՞ւմ եք հայհոյում, ու նույնկերպ, նույն բառերով պատասխանեցի իրենց: Դրանից հետո հետևեցին քաշքշոցներ, փորձում էին ինձ մեքենայից դուրս բերեին, չնայած նրան, որ վախեցած էին իրենց գործողություններից, բայց այդ ամենի մեջ մեքենաս տուժեց. ինչ-որ մեկը իր հետքը թողեց իմ մեքենայի վրա՝ վնաս պատճառելով մեքենայիս: Հարցը նյութական վնասը չէ, այլ՝ բարոյական: Մենք պետք է համացանցում արժանին մատուցենք Միհրան Պողոսյանին, Ավշարի Արայիկին և նրանց հետ ժողովրդին հայհոյող հրոսակախմբին»:

Պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, նշելով, թե «ներկայացվածը դերասանական մտքի վառ երևակայություն է՝ բացահայտ ապատեղեկատվություն»:

Տեսանյութը՝ Armtimes.com-ի



03.10.2018