Home / Ազգային ժողով / Փաշինյան․ արտահերթ ընտրություններ, Ռուսաստան, Ադրբեջան

Փաշինյան․ արտահերթ ընտրություններ, Ռուսաստան, Ադրբեջան

Հայաստան վերադառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ամփոփել է Նյու Յորքում և Դուշանբեում ունեցած հանդիպումները։ Նա խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Ղարաբաղյան հակամարտության և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։

Ադրբեջան

«Ըստ էության, այդ շփումը ոչ ֆորմալ էր և դա մեր այդպիսի առաջին քննարկումն էր։ Այս անգամ շատ առարկայական խոսակցություն ստացվեց և այդ խոսակցության ընթացքում մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք», ֊ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած շփումների մասին ասել է Փաշինյանը։

Առաջին կետը, ըստ վարչապետի, վերաբերել է շփման գծում լարումը նվազեցնելու պայմանավորվածությանը․ «Խոսքը վերաբերում է սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլերին։ Մենք պայմանավորվեցինք, որ պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում և ընդհանրապես լարումը իջեցնելու վերաբերյալ։ Ես այս մասին անմիջապես տեղյակ եմ պահել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, և այս պայմանավորվածությունը նրա համար, ըստ էության, նույնպես ընդունելի է եղել։ Ուրախ եմ արձանագրել, որ նախորդ գիշերը եղել է համենայնդեպս իմ վարչապետ ընտրվելուց հետո ամենահանգիստ, ամենախաղաղ գիշերը: Այն տրամաբանությանը, որ վերջին շրջանում գործում էր և ցավոք մենք զոհեր էինք ունենում թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից, այս մարդաորսին պետք է դադար տրվի»։

Քննարկվել է նաև բանակցային գործընթացը և մեթոդը․ «Մենք պայմանավորվել ենք օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա ստեղծել, իսկ թե ինչպիսին կլինի այն կոնկրետ՝ զուտ տեխնիկական առումով, պայմանավորվածություն ձեռք չենք բերել․ պարզապես համաձայնվել ենք, որ կհանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ նրանք օպերատիվ կապի այդպիսի համակարգ կարողանան մշակել, որպեսզի հնարավոր լինի կողմերի միջև օպերատիվ կապ հաստատել։ Ամեն անգամ այդ բանավեճը տեղի է ունենում՝ ով սկսեց, ով խախտեց զինադադարի ռեժիմը, ով առաջինը կրակեց, ով երկրորդը կրակեց։ Եթե իսկապես մենք երկուստեք ուզում ենք, որ հրադադարի ռեժիմը լիարժեք պահպանվի, մենք պետք է այդպիսի օպերատիվ կապի կոմունիկացիա ունենանք»։

Փաշինյանն ընդգծել է, որ հարցի կարգավորման համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ․ «Երբ ամենօրյա ռեժիմով փոխադարձ կրակոցներ են հնչում, այնքան էլ տրամաբանական չէ կարգավորման մասին խոսելը։ Պետք է իսկապես գնանք քայլերի, որտեղ հնարավոր լինի արդեն նորմալ մթնոլորտում խոսել կարգավորման սկզբունքների, բովանդակության նրբությունների մասին և, անկեղծ ասած, ես ուրախ եմ, որ այս պայմանավորվածությունները ձեռք բերվեցին։ Հույս ունեմ, որ դրանք կպահպանվեն։ Կարծում եմ՝ մենք բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ դա չափազանց կարևոր է։ Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի այս պայմանավորվածությունները արդյունավետ լինեն»։

Ռուսաստան

Փաշինյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դուշանբեում տեղի ունեցած առանձնազրույցին․

«Քննարկեցինք հայ֊ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հիշու՞մ եք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ իմ նախորդ հանդիպումից հետո ես ասում էի, որ կարող ենք արձանագրել, որ հայ֊ռուսական հարաբերությունները իսկապես նոր մակարդակի վրա են բարձրացել և երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել, ինչքան հիմա։ Եվ այսօրվա հանդիպումից հետո ինձ թույլ կտամ այսպիսի ձևակերպում անել, որ հայ֊ռուսական հարաբերությունների հետհեղափոխական անցումային շրջանը կարող ենք ավարտված համարել։

․․․Ինչպես Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման դռնբաց մասում ասացի՝ կարծում եմ, որ մեր հարաբերություններում անլուծելի պրոբլեմներ չկան և ձևավորված է հրաշալի աշխատանքային մթնոլորտ մեր հարաբերություններում․ որ կարող ենք ցանկացած հարց քննարկել փոխադարձ հարգանքի, միմյանց ինքնիշխանությունը հարգելու , միմյանց ներքին գործերին չխառնվելու մթնոլորտում։

Նկատել եմ, որ երբ հատկապես ՌԴ նախագահի հետ հանդիպումների նախաբաններում ես խոսում եմ ինքնիշխանության մասին, առանձնահատուկ արձագանքի է արժանանում, տարբեր մեկնաբանություններ են հնչում։ Դիտարկում են որպես արտառոց մի բան, որ Հայաստանի ղեկավարը Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ շեշտում է, որ հարաբերությունները փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության հարգանքի սկզբունքների վրա պետք է հիմնվեն։ Ես ուզում եմ ասել, որ էդտեղ իսկապես ոչ մի արտառոց բան չկա և ուզում եմ ընդգծել, որ հենց մեր առաջին հանդիպումից այս հիմքի վրա է կառուցվել մեր հարաբերությունները»։

Փաշինյանն նշել է, որ այս հարցին առաջինը հենց ՌԴ նախագահն է անդրադարձել․ «Սոչիում, երբ ԵԱՏՄ երկրների գագաթաժողովն էր, այդ հանդիպումից հետո, երբ որ ճաշի սեղանի շուրջ էինք, Վլադիմիր Պուտինը ասաց, որ ես գիտեմ՝ ընդհանրապես էդպիսի տեսակետներ կան, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՏՄ երկիր բավարար հարգանքով չի վերաբերվում իր գործընկեր երկրների ինքնիշխանությանը։ Նա ինձ ասաց, որ հավաստիացնում է, որ լիարժեք հարգանքով է վերաբերվում և ընդգծում, ընդհակառակը, մեր երկրների հարաբերություններում այդ սկզբունքի կարևորությունը։ Ինքը ասում էր, որ մենք կաշխատենք և ժամանակի ընթացքում դուք ինքներդ կհամոզվեք, որ այդ սկզբունքը կոնկրետ ես և ՌԴ֊ը խորապես ոչ միայն հարգում է խոսքով, այլև գործնականում։ Եվ կարող եմ արձանագրել, որ ժամանակը ցույց է տվել այդ դրույթի իրավացիությունը»։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Փաշինյանը խոսել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին․ «Եվ հիմա մենք, ինչպես պայմանավորվել ենք, վաղվանից արդեն կսկսենք զբաղվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով։ Պիտի խորհրդարանական ուժերի հետ էս թեմայով քննարկումներ ունենանք։ Ես հույս ունեմ, որ մենք կգանք համաձայնության։ Այս քննարկումների հիմքով ես որևէ մեթոդի նախապայման չեմ դնի։ Սա կապված է նրա հետ, որ Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական հարցը շատ կոնկրետ էր դրված։ Դրված էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների կողմ կամ դեմ լինելու հարցը և «Իմ քայլը» դաշինքը 81 տոկոս ձայն է հավաքել, սա աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Ընտրությունների արդյունքում գրանցված այս բարձր ցուցանիշը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության հանրությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հստակ պահանջ է ձևակերպում։

․․․Եթե հարց կհնչի, կասկածներ կհնչեն հանրության, ժողովրդի տեսակետների վերաբերյալ, մենք նաև կմտածենք այն մասին, թե ինչպես ավելի լայն մասշտաբներով ճշտենք ժողովրդի կարծիքը և տեսակետը, բայց հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի և արդեն եղած փաստարկները և փաստերը բավարար են արձանագրելու համար, որ Հայաստանում հնարավորինս ամենակարճ ժամկետում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

․․․Մեր խնդիրն է սիրո և համերաշխության մթնոլորտում հասնել այս խնդրի լուծմանը։ Անխուսափելի է, արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենան Հայաստանում և հնարավորինս արագ։ Ինչու՞ հնարավորինս արագ։ Որովհետև և՛ ողջ միջազգային հանրությունը, և՛ պոտենցիալ ներդրողները, և՛ գործարար միջավայրը, բոլորի համար այդ հանգամանքը կարևոր է՝ համոզվելու համար, որ գոնե միջնաժամկետ ծրագրեր իրենք կարող են վստահ անել։ Իհարկե Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ հեղափոխությունը Հայաստանում անշրջելի է և այստեղ որևէ կասկած չկա։ Հիմա, մանավանդ էս ետընտրական շրջանում, երբ կրքերը արդեն որոշակիորեն հանդարտված են, մենք պետք է այսպիսի հանդարտ մթնոլորտում խորհրդարանական ուժերի, խորհրդարանի ղեկավարության, ընդհանրապես քաղաքական ուժերի հետ էս հարցը քննարկենք և գանք լուծումների»։