Կառավարությունը հիփոթեքային ծրագրի վերաբերյալ որոշում է կայացրել՝ ի աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։ Որոշման առանձնահատկությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Ֆեյսբուք» սոցցանցի ուղիղ եթերում։ Որոշման համաձայն՝ երիտասարդ ընտանիքները կարող են արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերել։
Այսպես, եթե նախկինում երիտասարդ ընտանիք էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների գումարային առավելագույն տարիքը 65-ն էր, այժմ այն ավելացվել է ևս 5 տարով։ «Այս ընտանիքները կարող են երկրորդային շուկայից, այսինքն՝ ոչ նորակառույց շենքերից բնակարաններ և ընդհանրապես ոչ նորակառույց տներ ձեռք բերել՝ հետևյալ պայմաններով․ Երևանում հիփոթեքային վարկի տոկոսն առավելագույնը կլինի 7․5, իսկ մարզերում՝ 5․5 տոկոս։ Ընդ որում, խոսքը առավելագույն տոկոսի մասին է, որովհետև որոշակի աշխուժության և բանկային մրցակցության պայմաններում այս տոկոսները ավելի ցածր կարող էին լինել», – ասել է Փաշինյանը։
Վարչապետը, Կենտրոնական բանկի նախագահի խոսքերը մեջբերելով, տեղեկացրել է, որ կան բանկեր, որոնք արդեն իսկ հայտարարել են ավելի ցածր տոկոսով վարկեր տրամադրելու իրենց պատրաստակամության մասին։
Մյուս փոփոխությունը վերաբերում է բնակարանը ձեռք բերելու համար պահանջվող արժեքի 30 տոկոս կանխավճարին․ «Հիմա կանխավճարը կարող է լինել 10 տոկոս, եթե առկա է երկրորդ գույքի գրավ։ Կամ բնակարանի արժեքի 20 տոկոսի չափով ապահովագրություն, այսինքն՝ ապահովագրական ընկերությունների միջոցով, նրանց հետ համագործակցելով կարելի է վճարել ոչ թե 30, այլ 10 տոկոս կանխավճար։ Կարևոր առանձնահատկությունն այն է, որ այս ծրագրի շրջանակներում կարելի է գնել երկրորդային շուկայից, այսինքն՝ արդեն ոչ նորակառույց շենքերից մինչև 25 միլիոն դրամ արժողությամբ բնակարան, իսկ նորակառույց շենքերից՝ 30 միլիոն դրամի չափով բնակարան կարելի է ձեռք բերել»։
Մեկ այլ «կարևոր նորությունն» այն է, որ նորակառույց բնակարանների համար վարկի մարման համար ժամկետը 30 տարի է։ Ըստ վարչապետի՝ սա աննախադեպ ժամկետ է, որովհետև նախկինում Հայաստանում երբեք նման ժամկետով հիփոթեքային վարկեր չեն տրվել։ Իսկ ոչ նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու համար կգործի 20 տարվա ժամկետը։
«Մեր օրենսդրության և այս որոշման մեջ կա մի դրույթ, որ նորակառույց շենքերից այս ծրագրով և, ընդհանրապես, բնակարան ձեռք բերող քաղաքացիները հետ են ստանում իրենց վճարած եկամտային հարկը։ Սա, ըստ էության, նշանակում է, որ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերող մարդկանց համար կարող են գործել և մեծ մասամբ կգործեն անտոկոս վարկեր, այսինքն՝ 30 տարով անտոկոս վարկեր», ֊ մասնավորապես, տեղեկացրել է Փաշինյանը։
Այս համատեքստում նա ասել է, որ հասկանում է՝ բազմաթիվ մարդիկ աշխտանաք չունեն, ոմանք՝ ունեն, բայց աշխատավարձերը բավարար չեն․ «Շատ է խոսվում այն մասին, որ բազմաթիվ բնակարանային խնդիրներ կան։ Ինչպես ենք մենք պատրաստվում դրանք լուծել։ Ամեն ինչ կանենք հնարավորինս լայն ծավալով հնարավորինս մատչելի հիփոթեքային վարկեր, կխրախուսենք, որպեսզի մարդիկ աշխատեն, մարդկանց աշխատավարձը բարձրանա։ Իհարկե, սա չի վերաբերվում այն խավերին, որոնց նկատմամբ պետությունն ունի բնակարանով ապահովելու պարտավորություն»։