Home / Ազգային ժողով / Վարկաբեկված ուժերը չվերանայեցին իրենց քաղաքական գիծը

Վարկաբեկված ուժերը չվերանայեցին իրենց քաղաքական գիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 19։00-ի կողմերը դիմեց ժողովրդին՝ կոչ անելով հենց այդ պահին գալ Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ Հանրապետական կուսակցության խմբակցությունը արտահերթ նիստ է հրավիրել տապալելու համար պարլամենտի լուծարումն ու արտահերթ ընտրությունների կազմակերպումը։

«Նոր տեղեկություն ստացվեց, որ ՀՀԿ-ն ժամը 7։30 արտահերթ նիստ է հրավիրում ձեզ հայտնի նախագծի [օգտին] քվեարկելու համար, և ես բոլորիդ կոչ եմ անում հավաքվել Ազգային ժողովի մոտ։ Նաև այն պատգամավորներին, ովքեր չեն համարում, որ իրենք պիտի դուրս գան ժողովրդի իշխանության դեմ, կոչ եմ անում ուղղակի չգնալ Ազգային ժողով և չգրանցվել։ Այսինքն՝ չգրանցվել, չքվեարկել այդ խայտառակ նախագծի օգտին։ Քաղաքացիներին կոչ եմ անում Դեմիրճյան և Բաղրամյան պողոտաների [խաչմերուկի] մոտ հավաքվել բողոքի խաղաղ և սիրո ու համերաշխության տրամաբանության մեջ տեղի ունեցող ցույցի։ Տարածեք այս տեղեկատվությունն ինչքան կարող եք շատ», – ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ նա ասել է, որ դեկտեմբերին Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է արձանագրենք, որ վերջին զարգացումներից հետո 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ուղիղ ժողովրդավարական իշխանություն: Եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ուրեմն ընտրություններ չեն կայանա, եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչն եմ, ուրեմն ընտրությունները կկայանան», – ասաց վարչապետը:

Խորհրդարանական մի քանի ուժերի կողմից Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի փոփոխությանն ուղղված քայլերը, Փաշինյանի համոզմամբ, միտումնավոր են արվում: «Հիմա, եթե հարց է գնում` հակահեղափոխություն կա, թե չկա, կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում կա հակահեղափոխություն, և Հայաստանում հակահեղափոխական են այն ուժերը, ովքեր պաշտպանել են և պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը, ինձ հավաստիացնում են, որ դա երեք քաղաքական ուժերի կողմից ներկայացված նախագիծ է: Այն պատգամավորը, ով կաջակցի այդ նախագծին, ինքը ցանկանում է, որ կոռուպցիոն համակարգը հասնի ռևանշի կառավարության նկատմամբ, մենք բնականաբար դա թույլ չենք տա», – ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հանդիպել է նաև Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ ու նրան ներկայացրել ընտրությունների անցկացման հարցով իր դիրքորոշումը:

Խնդրին Ֆեյսբուքում անդրադարձել է նաև «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, ով այդ թեմայով ելույթ է ունեցել Ազգային Ժողովում։ «Այս լրացումը ԱԺ կանոնակարգի փոփոխության նախագծի մեջ այնքան հապշտապ է ընդգրկվել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, որ անգամ կառավարության անդամը չի հասցրել ծանոթանալ ու կարծիք հայտնել: Ահա, սրանով է զբաղված այս հսկա բյուջետային կառույցը՝ ԱԺ-ն, մշակել մեխանիզմներ, որով խոչընդոտվի ԱԺ արձակումը իրավունքի ուժով: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի չունեցան մայիսին միայն ու միայն այն նպատակով, որ վարկաբեկված քաղաքական ուժերը հնարավորություն ունենան վերանայել իրենց քաղաքական գիծը և հանրային աջակցություն ստանան նոր ընտրությունների ժամանակ: Փոխարենը տարիներով կուտակված ամբարտավանությունը ոմանց թույլ չի տալիս հաշվի առնել փոխված իրավիճակը և չհակառակվել քաղաքացիների կամքին»: